Փորձագետներն առայժմ չեն տեսնում ԼՂ հակամարտության կողմերի փոխվստահության քայլերը
«Վերջին ժամանակներս նկատելի են զգալի փոփոխություններ Արեւմուտքի եւ հատկապես ամերիկյան դիվանագիտության մեջ ղարաբաղյան խնդրի շուրջ:
«Սպառելով Հայաստանի հետ իր հարցերը»ՙ ԱՄՆ-ը փաստորեն հրաժարվեց ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ Երեւանի վրա որեւէ լուրջ քաղաքական ճնշում գործադրելուց: Կարծում եմՙ Արեւմուտքում եկել են եզրակացության, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներն այս փուլում նվազագույնի են հասնում: Եվ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակի հարաբերական կայունությունը, խնդրի կարգավորումը կարելի է հետաձգել անորոշ ժամանակով ու զբաղվել առավել կոնկրետ ու անհետաձգելի գործերով: Փաստացի, լավագույն տարբերակը, չնայած այդ մասին բարձրաձայն չի խոսվում, ԼՂ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի սառեցումն էՙ այնուհանդերձ, նրա առաջընթացի համար հետաքրքրվածության ցուցադրումով», «Ազգի» հետ զրույցում նշեց Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի տնօրեն Աղավնի Կարախանյանը:
Քոչարյան-Ալիեւ փարիզյան, քիվեսթյան հանդիպումներից հետո, որոնք, չնայած նախնական լավատեսական հայտարարություններին, չգրանցեցին շոշափելի տեղաշարժ, ինչպես նաեւ գործընթացի հետագա քայլերը հրապարակ բերեցին երկու նախագահների հանդիպումների եւ առհասարակ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության հեռանկարների փակուղային դառնալու, անգամ խնդիրն այլ ֆորմատի անցկացնելու տեսակետներ: Երբ գոնե առերես խնդիրը շարունակական ժամանակ դոփում է տեղում, զարգացման ի՞նչ հեռանկարներ են տեսնում փորձագետները:
«Հետեւում ունենալով հակամարտության կարգավորման փուլային, փաթեթային, «ընդհանուր պետություն» տարբերակներըՙ չեմ կարծում, թե սկզբունքորեն նոր մոտեցում կարող է ի հայտ գալ: Որովհետեւ Ադրբեջանի դիրքորոշումը բավական կարծր է:
Ադրբեջանը պնդում է, որ խնդիրը կարող է լուծվել բացառապես իր տարածքային ամբողջականության վերականգնումով: Այնպես որ, ադրբեջանական կողմի համար միակ հնարավոր զիջումը տարածքային ամբողջականության վերականգնումն է երկու փուլով, նախՙ գրավյալ տարածքների վերադարձ, ապաՙ հենց Լեռնային Ղարաբաղի», կարծում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Առավելագույնի հասնելու Ալիեւի այս դիրքորոշման պատճառն, ըստ Ս. Զոլյանի, իշխանափոխության խնդիրն էՙ ոչ միայն որդու, այլեւ առհասարակ նախիջեւանյան կլանիՙ իշխանության մոտ պահելու առումով: Այնպես որ, քանի դեռ հարեւան Ադրբեջանում չի լուծվել իշխանափոխության հարցը, Ալիեւը չի թուլացնի դիրքերըՙ որեւէ զիջման գնալով, եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը կմնա սառեցված:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւս պնդում է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից, հավասարապես մենք էլ որեւէ կերպ չենք կարող ԼՂ-ը տեսնել որպես այդ ամբողջականության օրգանական մաս: «Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը ժամանակի ձգձգում է: Համենայն դեպս, նման տպավորություն է ստեղծվում կողքից»: Պրն Ադիբեկյանը մասնավորապես գտնում է, որ լավագույն դեպքում ՄԽ-ն կարող է բարձրացնել հեղինակությունն ու փոքր-ինչ ընդարձակել կազմը այն խմբերի, ովքեր Հայաստանում պատրաստ են լուրջ զիջումներիՙ տարածաշրջանային խաղաղության եւ երկրի շրջափակման վերացման պատճառաբանություններով, Ադրբեջանում էլՙ սառնասրտորեն են գնահատում դրությունն ու ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պահելու որեւէ ելք չեն տեսնում: «ՄԽ-ը կարող է սոսկ փորձել համոզել, որ սրանք արդարացի տեսակետներ են եւ որ որեւէ լուծում միակն է ու վերջնական»:
Իսկ միջնորդական առաքելության եւ առհասարակ միջազգային հանրության ճնշումները փորձագետները ելք չեն համարում: «Ճնշումով կամ ռազմական ճանապարհով հասնել հակամարտության լուծման հնարավոր չէ», վստահ է Ա. Ադիբեկյանը:
Պրն Զոլյանը եւս գտնում է, որ գործընթացի արագացումն արհեստականորեն կամ կողմերին լուծման որեւէ տարբերակի պարտադրանքը կարող է բերել ապակայունացման: «Այդպես եղավ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման դեպքում: Վիճակը սառեցված էր եւ համեմատաբար կայուն: Բայց արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը բերեց շատ ավելի ուժգին հակամարտությունների: Այնպես որ, չկշռադատված լուծումը կարող է բերել բացասական դրսեւորումների»:
Այսպիսով խնդրի լուծումը դարձյալ մնում է հակամարտության կողմերին: Իսկ սա նախ եւ առաջ անհրաժեշտ է դարձնում փոխվստահության աստիճանի բարձրացումը: Պրն Զոլյանը հիշեցնում է, որ կողմերը պահանջում են երաշխիքների բարձր աստիճան, քանզի կա վախ, որ մյուս կողմը կխաբի: «Սա ակնհայտ է մեր տրամադրություններում եւ գուցե առավել ուժեղ է արտահայտված Ադրբեջանում: Ու երաշխիքներիՙ կողմերին բավարարող բարձր աստիճան միջնորդներն ի զորու չեն տալու: Ավելին, դա չի ապահովի անգամ փաստաթուղթըՙ կողմերի եւ միջնորդների ստորագրությամբ»:
Բայց փոխվստահության առումով հակամարտությունն ունի նաեւ դրական օրինակՙ զինադադարը, որ Ս. Զոլյանի վստահեցմամբ, կնքվելով միջազգային բոլոր չափանիշների բացակայությամբ, կողմերի բարի կամքի եւ փոխադարձ վստահության արդյունք է:
Ա. Ադիբեկյանը եւս հանգում է կողմերի բարի կամքին: Ըստ նրա, հակամարտող կողմերը պիտի կամք դրսեւորեն եւ ստիպեն իրենց դիմել լուրջ փոխզիջման տարբերակիՙ մեծ զոհաբերություններով: Այլապես մեզ սպառնում է Կիպրոսի տարբերակը:
Գործընթացի զարգացումն առավել իրատեսորեն Ա. Ադիբեկյանը տեսնում է հետեւյալ կերպ: Նախ լուծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այնուհետեւ ծագում է նրա անվտանգության խնդիրը: «Կարծում եմՙ մենք Մեղրիով ճանապարհ կտանք Ադրբեջանին դեպի Նախիջեւան, ինչի շնորհիվ Լաչինի միջանցքն ու ողջ Քելբաջարը կանցնեն մեր հսկողության տակ: Մնացյալ շրջանները կվերադարձվեն»: Եվ սա, ըստ սոցիոլոգի, կլինի լուծում, մինչեւ կգան նոր սերունդներՙ այլ արժեքային համակարգով եւ կհասկանան, որ խնդիրը տարածքների մեջ չէ: Ադրբեջանցիներն ուզում են ասել, որ «ԼՂ-ն Ադրբեջանին հարկավոր է ոչ միայն որպես տարածք: Ադրբեջանցիները փորձում են ապացուցել, որ իրենք այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդ ենՙ կրոնալեզվափոխ եղած, բայց եւ պահպանած իրենց պատմական իրավունքներն այս տարածքների հանդեպ: Այնպես որ, Ադրբեջանը Ղարաբաղով պատմական ու մշակութային էքսպանսիայի խնդիր է կամենում լուծել»:
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ