Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, քաղաքապետարանի մշակույթի վարչությունը մշակել են Ամանորի տոնակատարությունների ծրագիր: Դեկտեմբերի 25-ին առաջին միջոցառումը նվիրված է զոհված ազատամարտիկների ծնողների մեծարմանը եւ նվերների հանձնմանը: Ամանորի նվերներ կստանան նաեւ «Զատիկ» մանկատան սաները: Քաղաքապետը կայցելի նաեւ ծերանոցներ ու Երեւան քաղաքի տարբեր համայնքներ, ուր նույնպես ընթանալու են տոնական միջոցառումներ: Արդեն մի քանի օր Հանրապետության հրապարակում քաղաքապետարանի «Ձեւավորում» ՊՓԲ ընկերությունը զբաղվում է գլխավոր տոնածառի տեղադրմամբ: Գլխավոր տոնածառի բարձրությունը լինելու է 28 մետր, իսկ բեմահարթակըՙ 250 քմ: Զարդարելու համար օգտագործելու են մոտ 1500 գունավոր լամպեր, 2500 խաղալիքներ, ծաղկաշղթաներ, ձեւավոր ժանյակներ: Մոնտաժային աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 26-ին: Իսկ Հանրապետության հրապարակում տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 31-ին, ժամը 23:00-2:00: Դրանք կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը: «Հին Նոր տարի» տոնական համերգով, «Տարեհացի» կազմակերպումով, նվերների բաշխումով ու հրավառությամբ 2002թ. հունվարի 12-ին, ժամը 20:00- 00:30-ով Հանրապետության հրապարակում կավարտվեն Ամանորի տոնակատարությունները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ