«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2001-12-21 | #236, 2001-12-22 | #237, 2001-12-25


«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ-2001» ՄՐՑԱՆԱԿ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ՄՈՍԿՎԱ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 20-ին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանում կայացել է Ռուսական կենսագրական ինստիտուտի (ՌԿԻ) «Տարվա մարդ - 2001» մրցանակների հանձնման ամենամյա արարողությունը:

Մրցանակի նոմինանտներ առաջադրել էին Իտերնետում ՌԿԻ-ի «Ով ով է» հանդեսի սայթն այցելած բոլոր ցանկացողները, ինչից հետո փորձագիտական խորհուրդըՙ բաղկացած Ռուսաստանում բավականին հայտնի եւ համբավավոր 50 մարդկանցից, ընտրել է ապագա դափնեկիրներին:

«Տարվա մարդ» մրցանակը «Քաղաքականություն» նոմինացիայում ստացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կենտրոնական դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Պոլտավչենկոն, ՌԴ Պետական դումայի բյուջեի եւ հարկերի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը եւ «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը: Ա. Աբրահամյանին մրցանակը շնորհվել է Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում մեծ ավանդի համար:

Ինչպես հայտնում են ՌՀՄ լրատվական-վերլուծական կենտրոնից, այս տարի դափնեկիրների ընդհանուր թիվն է 37, որոնց թվումՙ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, ՌԴ առողջապահության նախարար Յուրի Շեւչենկոն, ռեժիսոր եւ դերասան Օլեգ Տաբակովը, գրող Սերգեյ Միխալկովը, ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Վլադիմիր Կուրոյեդովը, Ռուսաստանի Սահմանապահ դաշնային ծառայության տնօրեն, գեներալ Կոնստանտին Տոցկին, ՌԴ ԿԲ նախագահ Վիկտոր Գերաշչենկոն, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի նախագահ Օլեգ Դոբրոդեեւը: «Տարվա մարդ» միջազգային մրցանակին ռուս-բրիտանական գործնական եւ մշակութային համագործակցության զարգացման գործում մեծ ավանդի համար արժանացել է Քենթի իշխան Մայքլը:

Նախընթաց տարիներին «Տարվա մարդ» մրցանակ են ստացել Յուրի Լուժկովը, Եվգենի Պրիմակովը, Գենադի Սելեզնյովը, Օլեգ Եֆրեմովը, Յուրի Սոլոմինը եւ ուրիշներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4