Ինտերնետային ցանցով ստացված տեղեկության համաձայն նախատեսվում է Հայ իրավաբանների առաջին ֆորումը անցկացնել Փարիզում առաջիկա փետրվարի 1-3-ը: Հանդիպման գլխավոր նպատակն է ճշտել այն բնագավառները, որոնցում հնարավոր է համագործակցություն ծավալել եվրոպական տարբեր երկրների իրավաբանների միջեւ: Ուսումնասիրության հատուկ ոլորտներ կդառնան Հայաստանին եւ Արցախին իրավական օժանդակություն ցուցաբերելու, Եվրոպայում հայկական համայնքների իրավունքների, եվրոպական երկրներում հայ փախստականներին իրավական օժանդակություն ցուցաբերելու, զրպարտությունների դեմ պաշտպանության հարցերը:
Եվրախորհուրդն ու Եվրամիությունը, ինչպես նաեւ եվրոպական իրավաբանական կառույցները մեծապես շահագրգռված են իրավաբանական ճանապարհներով Հայաստանին օժանդակելու խնդրով: Ենթադրվում է, որ դրանով հետագայում հնարավոր կլինի արծարծել հարեւան երկրների հետ Հայաստանի հակամարտությունների, հայկական փոքրամասնությունների իրավունքների եւ հափշտակված հայկական ունեցվածքների վերադարձի հարցերը:
Սպասվում է, որ ֆորումը համագործակցության խթան կհանդիսանա Հայաստանում եւ եվրոպական երկրներում աշխատող իրավաբան-մասնագետների միջեւ, որոնք միմյանց տեղեկություններ փոխանակելով կկարողանան նախաձեռնությունների նոր ուղիներ բացել եւ հիմք դնել Եվրոպայում Հայ իրավաբանների մշտական ֆորումի ստեղծմանը:
Հ. Ծ.