Արդեն քանի տարի, Ամանորը եւ Սուրբ Ծնունդը պատրվակ դարձնելով, մեր երեխաներին նախկինում ազգային, այժմ հանրային կոչվող հեռուստատեսությունը ստիպում է դիտել աստվածաշնչյան թեմաներով մուլտֆիլմեր: Հավանաբար կարծում են, թե այդ մուլտֆիլմերով լրացնում են քրիստոնեական դաստիարակության պակասը: Սակայն, կարծում ենք, բոլորովին էլ պետք չէ երեխաներին վաղ մանկությունից Աստվածաշնչին ծանոթացնել, քանի որ դրանում չափազանց շատ են դաժան պատմությունները: Երեխաներին հեքիաթների աշխարհ է պետք, ոչ թե մեծահասակների համար նախատեսված պատմություններ: Որքան էլ դրանց լեզուն պարզեցված լինի, միեւնույն է, բովանդակությունը չի փոխվում: Բացի դրանից, այդ մուլտֆիլմերը չափազանց ցածրորակ ենՙ անճոռնի, երբեմն սարսափազդու դեմքեր եւ ընդհանրապես ոչ մի գեղեցիկ դեմք:
Հավանաբար դրանք էլ 3-րդ, 4-րդ կարգի երկրների համար են նախատեսված, էլ չենք ասում, որ նկարահանել են կաթոլիկները, բողոքականները, Աստված գիտի, թե էլ ովքեր: Այսինքնՙ այդ մուլտֆիլմերով Հայ առաքելական եկեղեցուն եւ մեր հավատքին նույնպես հարված է հասցվում: Օրինակ, մեր եկեղեցին չի ընդունում Աստվածամոր կամ Քրիստոսի արձանները, իսկ այդ մուլտֆիլմերում դրանք հաճախ ենք տեսնում թեկուզ, ասենք, տներում: Մենք կաթոլի՞կ ենք:
Հայկական հրաշալի մուլտֆիլմերը տարիներով չեն ցուցադրվում, ռուսականներըՙ նույնպես (բացառություն է «Հայրենիք» հեռուստաընկերությունը): Անճաշակ, ագրեսիվ եւ չարությամբ ներծծված մուլտֆիլմեր են (որոնք հակաքրիստոնեական արժեքներ են սերմանում) ցուցադրում, բավական չէ, Ամանորին էլ աստվածաշնչյան թեմաներով մուլտֆիլմերով մեր երեխաներին պարտադրում են ականջներին օղ անել, որ իրենց կյանքը պիտի զոհաբերեն հանուն Աստծո.
Ա. Ա.