Կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Ցյուրիխի նահանգի հանրային կրթության բաժանմունքը հրատարակել է ցեղասպանության ոճիրների մասին մի դասագիրք, որտեղ մի ամբողջ գլուխ հատկացված է Հայոց ցեղասպանությանը: Հարյուր էջանոց հատորըՙ հարուստ բազմաթիվ նկարներով եւ աշխարհագրական քարտեզներով, նախատեսված է մասնավորապես բարձր դասարանցիների համար: Դասագրքում, ըստ թերթի, ընդհանուր գծերով ներկայացված են անցյալի սարսափելի դեպքերըՙ Երուսաղեմի նվաճումը եւ թալանը խաչակիրների կողմից, Ֆրանսիայում Բարդուղիմեոսյան գիշերը, Ացտեկների կայսրության քանդումը, իսկ առավել մանրամասնորեն 20-րդ դարի ցեղասպանությունները, որոնցից վերլուծության են արժանացել հայերի կոտորածները 1915 թ., Ստալինի կազմակերպած սովը Ուկրաինայում 1930-ին, հրեաների ջարդերը Հիտլերի կողմից, կարմիր խմերների գործած ոճիրները, ինչպես նաեւ Հարավսլավիայի, Ռուանդայի եւ Բրազիլիայի իրադարձությունները: Վերջին գլուխը հատկացված է կանխարգելմանը, ՄԱԿ-ի կոնվենցիային եւ միջազգային պատժող դատարանի նախապատրաստությանը:
Թերթի գնահատմամբ, դասագրքի լույս ընծայումը աննախընթաց երեւույթ է ինչպես Շվեյցարիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար:
Հ. Ծ.