«Շիրակի» ավագը ռեկորդակիր
ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով նոր ռեկորդակիր դարձավ «Շիրակի» ավագ Հովհաննես Թահմազյանը: Մայիսի 8-ին «Կոտայքի» հետ խաղում նա անցկացրեց իր 215-րդ հանդիպումըՙ գերազանցելով նախկին թիմակից Արթուր Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը (214 խաղ): Թահմազյանի հաշվին այժմ գրանցված է 234 խաղ, եւ դրանք բոլորն էլ անցկացրել է «Շիրակի» կազմում: Սա եւս յուրօրինակ նվաճում է: Առաջնության նախավերջին տուրում Թահմազյանն անցկացրեց պաշտոնական մրցումներում իր հոբելյանականՙ 300-րդ հանդիպումըՙ դառնալով այդ սահմանագիծը հատած 3-րդ ֆուտբոլիստը Արթուր Պետրոսյանից (325 խաղ) եւ Վարազդատ Ավետիսյանից (301) հետո:
Ընթերցողներին ենք ներկայացնում ՀՀ առաջնություններում 200 եւ ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը (Ֆուտբոլիստներ, խաղեր, գնդակներ).
1. Հովհաննես Թահմազյան - 234
2. Գրիգոր Մկրտչյան - 232
3. Հովակիմ Հովակիմյան - 228
4. Սամվել Նիկոլյան - 222
5. Վարազդատ Ավետիսյան - 218
6. Գագիկ Մարգարյան - 215
7. Վահրամ Հովհաննիսյան - 215
8. Արթուր Պետրոսյան - 214
9. Սեւադա Արզումանյան - 209
10. Տիգրան Գսպեյան - 207
11. Մկրտիչ Հովհաննիսյան - 206
12. Տիգրան Հովհաննիսյան - 204
13. Արմեն Պետիկյան - 203
14. Հարություն Աբրահամյան - 201
15. Հակոբ Արտոյան - 200
Առաջնության հանդիպումներում 12 թիմերի կազմում հանդես են եկել 303 ֆուտբոլիստներ, որոնցից 16-ըՙ երկու թիմում: Հաջողության հասնելու գրավականներից մեկն, անշուշտ, կայուն կազմ ունենալն է: Դրա հետ շատ կարեւոր է պահեստայինների երկար նստարանի առկայությունը, ինչը մարզիչներին կազմի ընտրության լայն հնարավորություն է ընձեռում: Ամենակայուն կազմով աչքի է ընկել 2-րդ մրցանակակիր «Զվարթնոցը»: Թիմի կազմում հանդես եկած 19 ֆուտբոլիստներից 14-ը մասնակցել է խաղերի 50 տոկոսից ավելիին: 2 ֆուտբոլիստՙ Լեւոն եւ Արտավազդ Մկրտչյանները «Զվարթնոց» տեղափոխվեցին առաջնության ընթացքում: Իսկ ահա երկրի չեմպիոն «Փյունիկն» առաջնության ընթացքում կազմի հետ կապված փոփոխություններ կատարեց, լեգեոներներ հրավիրեց, իսկ վերջնագծում էլ ասպարեզ դուրս բերեց երիտասարդ ֆուտբոլիստների, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ թիմի կազմում հանդես եկավ 30 խաղացող: Նրանցից 13-ն իրենց ուսերի վրա զգացին մրցաշարի ողջ ծանրությունը: Բրոնզե մրցանակակիր «Սպարտակում» հանդես եկավ 27 ֆուտբոլիստ: Մարզիչները կազմի ընտրության լայն հնարավորություն ունեին, թեեւ որոշ ֆուտբոլիստների ծառայություններից արդեն մեկնարկում ստիպված էին հրաժարվել: «Սպարտակում» խաղերի կեսից ավելիին մասնակցել է 14 ֆուտբոլիստ:
Պահեստայինների կարճ նստարան ուներ «Դինամոն» (20 ֆուտբոլիստ): Ինչպես միշտ, «Շիրակը» հանդես եկավ բացառապես տեղի կադրերով եւ ասպարեզ հանեց 23 ֆուտբոլիստի: Իսկ բոլորից շատՙ 35 ֆուտբոլիստ է հանդես եկել «Լոռու» կազմում, որոնցից միայն 12-ն են մասնակցել խաղերի 50 տոկոսից ավելիին: Հայտնի բան էՙ կազմի անընդհատ փոփոխությունները որպես կանոն արդյունք չեն տալիս: «Կոտայքում» եւ «Միկայում» խաղադաշտ են դուրս եկել 30-ական ֆուտբոլիստ:
Հաջողության հասնելու մյուս կարեւոր գրավականը թիմում գրոհները հաջողությամբ եզրափակելու ունակությամբ օժտված ֆուտբոլիստների առկայությունն է: Իհարկե, շատ լավ է, որ թիմն ընդգծված ռմբարկու է ունենում, սակայն կարեւոր է նաեւ, որ մյուս ֆուտբոլիստներն էլ աչքի են ընկնում արդյունավետությամբ: Առաջնությունում գրանցված 454 գոլերի հեղինակներ են դարձել 123 ֆուտբոլիստներ: Լեւոն Մկրտչյանն ու Գոռ Աթաբեկյանը գոլեր են խփել 2 թիմի կազմում, իսկ Էդգար Սաֆարյանը մրցակիցների դարպասները գրավելուց զատ, մեկ գնդակ էլ խփել է սեփական դարպասը:
Չնայած առաջնության լավագույն ռմբարկուն «Փյունիկից» էր, սակայն Արման Քարամյանի խաղընկերներն էլ աչքի ընկան արդյունավետությամբ: Բավական է նշել, որ եւս երկու փյունիկցիներՙ Հայկ Հարությունյանն ու Վարդան Մինասյանը, տեղ գրավեցին առաջնության ռմբարկուների տասնյակում: Իսկ ընդհանուր առմամբ չեմպիոնի կազմում իրենց հաշվին գոլեր գրանցեցին 13 ֆուտբոլիստներ: Իսկ առավել շատՙ 14-ական ֆուտբոլիստ է աչքի ընկել «Բանանցում» եւ «Արարատում»: Սակայն եթե «Բանանցի» լավագույն ռմբարկու Մկրտիչ Հովհաննիսյանը խփեց 11 գնդակ, ապա «Արարատի» ռմբարկուներ Տիգրան Եսայանի եւ Անուշավան Փահլեւանյանի օգտին գրանցվեց ընդամենը 5-ական գնդակ: Դրան հակառակ «Դինամոյում» եւ «Ղարաբաղում» ընդամենը 7-ական ֆուտբոլիստի է հաջողվել գոլ խփել:
Անփոխարինելի ֆուտբոլիստներ
Ֆուտբոլում, իհարկե, անփոխարինելի ֆուտբոլիստներ չեն լինում: Խոսքն առաջնության հանդիպումներն առանց փոխարինման անցկացրած ֆուտբոլիստների մասին է: Իրենց թիմերի անցկացրած բոլոր խաղերին մասնակցել են 13 ֆուտբոլիստներ: Նրանցից միայն 5-ըՙ Ալեքսանդր Թադեւոսյանը («Արարատ»), Հովհաննես Թահմազյանը («Շիրակ»), Մհեր Ավանեսյանը («Զվարթնոց»), Սարգիս Ներսիսյանը («Լեռնագործ») եւ Նիկոլայ Սարգսյանն են («Դինամո») հանդես եկել առանց փոխարինման:
Շատ կարեւոր է նաեւ հաջող փոխարինում կատարելը, դրանց միջոցով թիմի խաղը կարգավորելը, մրցակցությունում բեկում մտցնելը: Այս առումով աչքի է ընկել «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը: «Արարատում» փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից հինգը դարձել են գոլի հեղինակՙ խփելով 7 գնդակ: Նրանցից Դավիթ Ասրյանն ու Արա Նիգոյանը խաղադաշտ դուրս գալով, 2-ական անգամ գրավել են մրցակցի դարպասը:
«Բանանցում» եւս 5 ֆուտբոլիստ փոխարինման դուրս գալիս աչքի է ընկել արդյունավետությամբՙ խփելով 6 գնդակ: 2 գոլի հեղինակ է դարձել Մկրտիչ Հովհաննիսյանը: «Շիրակում», «Միկայում» եւ «Փյունիկում» նման հաջողության են հասել 4-ական ֆուտբոլիստներ: Եթե «Փյունիկում» նրանցից յուրաքանչյուրը խփել է մեկական գնդակ, ապա շիրակցի Արտյոմ Հակոբյանը եւ «Միկայի» ֆուտբոլիստ Վադիմ Կագրամանովն աչքի են ընկել 3-ական անգամ, ինչը յուրօրինակ ռեկորդ է: Իսկ ընդհանուր առմամբ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից գոլեր են խփել 9 թիմերի 29 խաղացողներՙ մրցակցի դարպասը գրավելով 37 անգամ:
Ռեկորդներ եւ ռեկորդակիրներ
Հոբելյանական առաջնությունում որոշ թիմերում գերազանցվեցին թիմային ռեկորդները, ի հայտ եկան նոր ռեկորդակիրներ: Նախ, անցկացրած խաղերի թվով ռեկորդակիրների մասին: Այս ցուցանիշով առաջինը ռեկորդակրի փոփոխություն տեղի ունեցավ «Շիրակում»: Մայիսի 8-ին «Կոտայքի» հետ խաղում Հովհաննես Թահմազյանն անցկացրեց թիմի կազմում իր 215-րդ հանդիպումըՙ գերազանցելով Արթուր Պետրոսյանի ռեկորդային արդյունքը: Այժմ անցկացրած խաղերի թվով «Շիրակի» ռեկորդակիր Թահմազյանի հաշվին գրանցված է 234 խաղ:
Հունիսի 16-ին «Լոռու» հետ խաղում Վարազդատ Ավետիսյանը «Փյունիկի» կազմում անցկացնելով 162-րդ խաղը, դարձավ թիմի ռեկորդակիրըՙ գերազանցելով Արսեն Ավետիսյանի ցուցանիշը (161 խաղ): «Փյունիկի» ռեկորդն այժմ 178 խաղ է: Երկու տուր անց, հուլիսի 7-ին, «Լեռնագործի» հետ խաղում «Արարատի» ավագ Կարեն Բարսեղյանը գերազանցեց իր նախկին թիմակից Հարություն Աբրահամյանի ռեկորդը (153 խաղ)ՙ առաջնության ավարտին լավագույն արդյունքը հասցնելով 163 խաղի:
Անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրները փոխվեցին նաեւ «Լոռիում» (Վարդան Հովհաննիսյանՙ 71 խաղ) եւ «Բանանցում» (Վահան Արզումանյանՙ 88 խաղ):
Գրանցվեցին նաեւ արդյունավետության ռեկորդներ: Մհեր Ավանեսյանը խփելով 15 գնդակ, դարձավ «Զվարթնոցի» ռեկորդակիրը մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով: Մինչ այդ լավագույն արդյունքի էին հասել Արթուր Քոչարյանը (1999 թ.) եւ Սարգիս Նազարյանը (2000 թ.), որոնք խփել էին 11-ական գնդակ:
Արդյունավետության ռեկորդը գերազանցվեց նաեւ «Դինամոյում»: Գալուստ Պետրոսյանի ցուցանիշը (9 գոլ) լավագույնն է թիմի համար ինչպես մեկ մրցաշրջանում, այնպես էլ բարձրագույն խմբում: Անցյալ մրցաշրջանում թիմի ռեկորդակիրներն էին Սուրեն Չախալյանն ու Վարդան Բիչախչյանը, որոնք խփել էին 4-ական գնդակ: