Վահան Թեքեյանի անվան դպրոցը Ստեփանավանում 220 աշակերտ ունի: Կրթօջախը գտնվում է քաղաքի այն թաղամասերից մեկում, որտեղ կենտրոնացած են անապահով, երկրաշարժից տուժած ընտանիքներ, ուստի դպրոցի աշակերտներն էլ այդպիսի ընտանիքներից են: Անգլերենի ուսուցչուհի Էմմա Բադալյանի խոսքերով, դասագրքերի հարցը դպրոցում դժվար է լուծվում, իսկ երրորդ եւ չորրորդ դասարաններն ընդհանրապես անգլերենի դասագիրք չունեն: Այս մասին տեղեկացանք, երբ Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչների հետ այցելեցինք Վահան Թեքեյանի անվան թիվ 6 դպրոց: Այցի առիթն էր ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության սահմանած դրամական օգնությունն ուսուցիչներին, դպրոցի մյուս աշխատակիցներին փոխանցելը: Դպրոցի գրադարանավարուհի Լենա Հարությունյանն իր ստացած գումարը յուրովի տնօրինեց: Անցյալ տարվանից յոթերորդ դասարանի աշակերտ Համազասպ Վարդանյանը դասագրքերի դիմաց գրադարանին գումար էր պարտք: Գրադարանավարուհին ստացած դրամական օգնությամբ մարեց այդ պարտքը: Նրա խոսքերով, այս տարվանն էլ ինչ-որ կերպ կփորձեն մարել: Համազասպ Վարդանյանը դպրոցի բազմաթիվ աշակերտներից է, որ չի կարողանում լուծել դասագրքերի հարցը:
Բազմաթիվ խնդիրների կողքին Թեքեյանի անվան դպրոցի ուսուցիչները նշում էին, որ հավանաբար դպրոցի խարխուլ, կիսաքանդ շենքը մոտ ապագայում նորով կփոխարինվի: Այդ հեռանկարն արդեն ուրվագծվում է:
Իրենց հատկացված օգնության համար շնորհակալական խոսքերի հետ մեկտեղ ուսուցիչները հույս էին հայտնում, որ մի օր կառավարությունն իրենց ուշադրություն կդարձնիՙ արժանապատիվ աշխատավարձ կսահմանի:
«Ազգն» արդեն գրել է, որ ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունն ստանձնել է հանրապետության Թեքեյան դպրոցների հովանավորությունը: Միությունը, փաստորեն, ամեն տարի Հայաստանում գործող իր 4 դպրոցների ուսուցիչներին, որոնց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 300 եւ օժանդակ սպասարկող աշխատակազմինՙ 100-ից ավելի, դրամական օգնություն է ցուցաբերում: Արդեն հաղորդել ենք, որ վերջերս Երեւանի Թեքեյան վարժարան էին այցելել ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Վարդգես Պալյանն ու նրա կինըՙ տկն. Ռիտան, որոնց ներկայությամբ էլ բաժանվել էին գումարները: Ավելի վաղՙ աշնանը, տրվել էին նաեւ Աշտարակի շրջանի Կարբի գյուղի Թեքեյան դպրոցի ուսուցիչների հատկացումները: Միության ներկայացուցիչները շուրջ մեկ շաբաթ առաջ եղան նաեւ Գյումրու դպրոցում, որտեղ եւս հանձնեցին դրամական օգնությունը: Բացի այդ, բոլոր չորս դպրոցների առավել կարիքավոր ընտանիքների 250 երեխաներին միությունը գրենական պիտույքներ էր ուղարկել:
Այսպիսով, ԹՄՄ Կենտրոնական վարչության նախաձեռնությամբ ԱՄՆ-ում հանգանակվել էր շուրջ 35 հազար դոլար, որը հատկացվեց Հայաստանի չորս Թեքեյան դպրոցների ուսուցիչներին եւ սպասարկող անձնակազմին:
Գյումրու Թեքեյան վարժարանը, որպես աղետի գոտու դպրոց, ԹՄՄ Կենտրոնական վարչության կողմից այս տարվա ջեռուցման համար եւս 800 ԱՄՆ դոլար է ստացել:
Հատկանշական է, որ ամերիկահայ երեխաներն էլ իրենց հերթին են հանգանակություն կատարել գյումրեցի հասակակիցների համար: ԹՄՄ Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան վարժարանի սաները, որ նամակագրական կապ են պաշտպանում Գյումրու Թեքեյան դպրոցի աշակերտների հետ, այցելել են նրանց, ծնողներիՙ դպրոցում ճաշելու համար իրենց տրվող գումարներից հանգանակել են 2 հազար դոլար: Գյումրու Թեքեյան դպրոցի սաներն այդ գումարը կստանան Ամանորի արձակուրդից հետո:
Մ. Հ.