«Օլիմպիա-Կռունկ» նորաստեղծ երիտասարդական մարզամշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանում ոչ ավանդական մարզաձեւերի զարգացմանը նվիրված քննարկում էր կազմակերպել: Ըստ կազմակերպության ղեկավար, ԱԳՆ-ի աշխատակից Մհեր Բադալյանի «Օլիմպիա-Կռունկի» գլխավոր նպատակն է այլ երկրներում մեծ մասսայականություն վայելող, սակայն ինչ-ինչ պատճառներով Հայաստանում տարածում չգտած մարզաձեւերի զարգացումը: Մասնավորապես, հարկ է գործունեությունը սկսել երկրում պարապլաներիզմի տարածմամբ, քանի որ Հայաստանն այդ մարզաձեւի զարգացման համար հիանալի բնակլիմայական պայմաններ ունի: Ի դեպ, Հայաստանում կա երիտասարդների մի խումբ, որը զբաղվում է պարապլաներիզմով եւ ընդգրկված է Ռաֆիկ Սոխոյանի ղեկավարած փոքր ավիացիայի ակումբում: Նրանք թռիչքներ են իրագործում Վայոց ձորում, Հատիս եւ Արա լեռներից, Հանքավանում: Սոխոյանը գտնում է, որ յուրաքանչյուր մարդ կյանքում երազում է գեթ մեկ անգամ թռչել եւ այդ երազանքի իրականացումը հնարավոր է: Ըստ նրա, 1997 թ. սկսած հայ երիտասարդ պարապլաներիստները նման թռիչքներ են կատարում Հայաստանի տարբեր մարզերում, սակայն դեռեւս չեն բավականացնում թանկարժեք սարքավորումները: «Օլիմպիա-Կռունկը» մտադիր է կազմակերպել մարզամշակութային խմբերի մարզումներ, ուսումնասիրել է միջազգային կազմակերպությունների փորձը եւ կապեր հաստատել նրանց հետ: Արդեն կան համագործակցությամբ շահագրգռված կազմակերպություններ Ֆրանսիայից եւ Լեհաստանից: Սակայն դեռեւս շատ գործ պիտի արվի: Օրակարգում լեռնային հեծանվասպորտի, դելտապլաներիզմի եւ այլ մարզաձեւերի զարգացման հարցն է: Այս նախաձեռնության հեղինակներին ողջունել եւ խոստացել է ամեն կերպ աջակցել Հայաստանի երիտասարդության Ազգային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Բադալյանը:
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանում Ինֆերֆաքսի սեփ. թղթակից