Արդեն վեց տարուց ավելի է, ինչ հիմնադրվել է հայկական ֆուտբոլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկիՙ Խորեն Հովհաննիսյանի անվան ռմբարկուների խորհրդանշական «100-ի ակումբը»: Այն մեծ խթան է հանդիսացել ՀՀ առաջնությունների մասնակից ֆուտբոլիստներից շատերի համար, որոնք ձգտել են ընդգրկվել ակումբի շարքերը: Ինչպիսի՞ն էր ավարտված մրցաշրջանն ակումբի անդամների եւ թեկնածուների համար:
Առաջին «ծիծեռնակը»
Մինչ ավարտված առաջնության արդյունքներին անդրադառնալը, ներկայացնենք փոքրիկ պատմական ակնարկ: Երբ տարիներ առաջ մտահղացա հիմնադրել ռմբարկուների խորհրդանշական «100-ի ակումբը», մասնագետներից շատերն այն կարծիքին էին, թե ակումբի անդամության համար ընտրված 100 գոլի սահմանագիծը հատելը ֆուտբոլիստների համար բնավ էլ դժվարին խնդիր չէ: Նման ենթադրությունների համար հիմք էր ծառայում ազգային առաջնությունների բավական բարձր արդյունավետությունը: Հատկապես առաջին 3 առաջնություններում ֆուտբոլիստներից շատերն աչքի ընկան արդյունավետ հարվածներով: Սակայն կյանքը ցույց տվեց, որ նորմատիվը ճիշտ էր ընտրված, եւ ակումբում ընդգրկվելու համար ֆուտբոլիստներից մեծ վարպետություն ու ջանքեր են պահանջվում: Նախ. տարիների ընթացքում թիմերի խաղամակարդակների զգալի տարբերության վերացումը նպաստեց առաջնությունում մրցակցության սրմանը: Նման պայմաններում, իհարկե, մրցակցի դարպասը գրավելն ավելի դժվար էր, ինչն էլ բերեց արդյունավետության որոշ անկման: Մյուս հանգամանքն այն էր, որ արդյունավետ խաղով աչքի ընկած ֆուտբոլիստների մի մասը մեկնեց արտասահմանՙ ժանանակավորապես «սառեցնելով» իր ցուցանիշները Հայաստանում: Այս ամենի հետեւանքն է, որ անցած 10 տարիներին ռմբարկուների ակումբի շարքերը համալրել են ընդամենը 8 ֆուտբոլիստներ:
1995 թ. գարնանային-անցումային մրցաշարի շեմին երեք ֆուտբոլիստներՙ Արսեն Ավետիսյանը, Գեղամ Հովհաննիսյանն ու Վահե Յաղմուրյանը, հավակնում էին առաջինը ակումբում ընդգրկվելու պատվին: Բախտը ժպտաց ՀՄԸՄ-ի հարձակվող Գեղամ Հովհաննիսյանին, որը դարձավ առաջին «ծիծեռնակը»: Երանելի բարձունքը նա հաղթահարեց 1995 թ. հունիսի 14-ին: Այդ օրը «Հրազդան» մարզադաշտում նա 44-րդ րոպեին գրավեց «Կոտայք-2» թիմի դարպասապահ Մայիս Ազիզյանի դարպասըՙ խփելով պաշտոնական մրցումներում իր 100-րդ գնդակը:
Մեկ ամիս անց, արդեն ՀՀ 4-րդ առաջնության մեկնարկումՙ հուլիսի 18-ին 100-ի սահմանագիծը հատեց արարատցի Վահե Յաղմուրյանը: «Ազնավուրի» հետ խաղի արդեն 2-րդ րոպեն երջանկաբեր էր Յաղմուրյանի համար, որը գնդակն ուղարկեց Ալյոշա Անտոնյանի դարպասը: Աշնանըՙ սեպտեմբերի 14-ին ակումբի 3-րդ անդամ դարձավ «Փյունիկի» հարձակվող Արսեն Ավետիսյանըՙ հոբելյանական գնդակը խփելով ՀՀ գավաթի 1/16 եզրափակիչում, «Արմավիրի» դարպասը:
1995 թ. շատ արգասաբեր էր ակումբի համար, մինչդեռ հաջորդ համալրմանը հարկ եղավ սպասել 2,5 տարի: 1998 թ. մարտի 10-ին «Շիրակ-2»-ի հետ գավաթային խաղում 100-ի սահմանագիծը հատեց շիրակցի Արթուր Պետրոսյանը: Հաջորդ մրցաշրջանը երջանկաբեր էր «Երեւանի» հարձակվող Տիգրան Եսայանի համար, որը նոյեմբերի 3-ին «Կիլիկիայի» դարպասը խփած գոլի շնորհիվ անդամության տոմս ստացավ: Իսկ ահա 2000 թ. իրականացավ Շիրակ Սառիկյանի եւ Սամվել Նիկոլյանի երազանքը: Հուլիսի 1-ին «Զվարթնոցի» դարպասը իր 100-րդ գոլը խփեց «Արաքսի» հարձակվող Սառիկյանը, իսկ «Միկայի» 36-ամյա ֆուտբոլիստ Սամվել Նիկոլյանի համար հոբելյանական էր օգոստոսի 24-ին Բուխարեստի «Ռապիդի» դարպասը ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում խփած գնդակը:
Սպասելիքները լրիվ չիրականացան
Հոբելյանական առաջնությունը կարող էր արգասաբեր լինել «100-ի ակումբի» համար: Երեք ֆուտբոլիստներՙ Վարազդատ Ավետիսյանը (96 գոլ), Արա Ադամյանը (93) եւ Արթուր Քոչարյանը (92) ռեալ հնարավորություն ունեին ընդգրկվելու ակումբի շարքերը: Սակայն նշված եռյակից միայն Վարազդատ Ավետիսյանն արդարացրեց սպասելիքները: Հուլիսի 29-ին «Միկայի» հետ խաղի 38-րդ րոպեին Վարազդատը խփեց իր 100-րդ գնդակը, իսկ խաղավերջում բացեց երկրորդ հարյուրյակի գոլերի հաշիվը: Արթուր Քոչարյանը խփելով 5 գնդակ, իր գոլերի թիվը հասցրեց 97-ի: Արթուրը ներկայում հանդես է գալիս Իրանում եւ առայժմ պարզ չէ, թե գալիք առաջնությունը որտեղ կանցկացնի: Արա Ադամյանի համար, անկասկած, մրցաշրջանը կարելի է ձախողված համարել: «Փյունիկում» նա մասնակցեց ընդամենը 7 խաղի, խփեց 1 գնդակ եւ... ազատվեց թիմից: Արայի հետագա ճակատագիրն էլ դեռեւս անհայտ է: Նա վերջերս վիրահատվել է եւ առայժմ տանն է: Բացառված չէ, որ Արան էլ մեկնի արտասահման: Ընդհանրապես, բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող Արա Ադամյանի խաղը «Շիրակից» հեռանալուց հետո շատ է խամրել: 2000 թ. «Արարատում» էլ նրա գործերը լավ չընթացան (10 խաղում 4 գոլ): Իսկ ահա Մկրտիչ Հովհաննիսյանն ու Մհեր Ավանեսյանը գալիք մրցաշրջանում էլ արդյունավետ գործելու դեպքում կարող են արդեն հաջորդ տարի ընդգրկվել «100-ի ակումբի» շարքերը: Նույնը կարելի է ասել նաեւ առաջնության լավագույն ռմբարկու Արման Քարամյանի մասին: Եթե ոչ գալիք մրցաշրջանում, ապա 2003 թ. Արմանը տեղ կգրավի հայկական ֆուտբոլի ռմբարկուների ընտանիքում: Մրցաշրջանի մեկնարկը շատ խոստումնալից էր Ռուսաստանից վերադարձած Արամ Ոսկանյանի համար: «Փյունիկի» կազմում նա մասնակցեց 8 խաղի, խփեց 9 գնդակ եւ կրկին մեկնեց Ռուսաստանՙ հանդես գալով «Բալթիկայում»: Նախկինում արդյունավետությամբ աչքի ընկնող Արմեն Շահգելդյանը որոշ ընդմիջումից հետո հանդես գալով Հայաստանի առաջնությունում, «Միկայում» խփեց ընդամենը 3 գնդակ: Չնայած դրան, Շահգելդյանն ակումբի անդամության թեկնածուներից մեկն է:
Երիտասարդ ֆուտբոլիստներից, բացի Արման Քարամյանից, ակումբի շարքերն ընդգրկվելու հիանալի հեռանկարներ են պահպանում Արա եւ Հայկ Հակոբյանները: Արան, ճիշտ է, ներկայում խաղում է Դոնեցկի «Մետալուրգում» եւ առայժմ «սառեցրել» է իր ցուցանիշները, իսկ ահա Հայկն ընթացիկ մրցաշրջանում բարձր արդյունավետություն դրսեւորեց:
Ինչ վերաբերում է ակումբի գործող անդամներին, ապա առավել արդյունավետ գործեց արարատցի Տիգրան Եսայանըՙ գոլերի թիվն ավելացնելով 6-ով: Տիգրանը շատ կարճ ժամանակ խաղաց «Արարատում»ՙ օգոստոսին մեկնելով Ֆրանսիա: 6 գոլի հեղինակ դարձավ նաեւ 37-ամյա Սամվել Նիկոլյանը, որոնցից 4-ը «Միկայի» կազմում գավաթի մրցաշարում, 2-ըՙ «Լեռնագործում» ՀՀ առաջնությունում: Իր գոլերի քանակը միայն մեկով ավելացրեց Վահե Յաղմուրյանը: Հուսանք, որ գալիք մրցաշրջանում ռմբարկուներն աչքի կընկնեն իրենց դիպուկությամբ:
* * *
«100-ի ակումբ»
Անդամները - Ա - Գ - Ս - Ե - Հ - ԱՊՀ - Ընդ.
1. Արսեն Ավետիսյան - 150 - 23 - - - 3 - 1 - 5 - 182
2. Արթուր Պետրոսյան - 125 - 15 - 1 - - - 8 - 2 - 151
3. Գեղամ Հովհաննիսյան - 111 - 32 - - - 1 - - - 1 - 145
4. Տիգրան Եսայան - 108 - 14 - - - - - 4 - 1 - 127
5. Վահե Յաղմուրյան - 104 - 18 - - - - - - - - - 122
6. Սամվել Նիկոլյան - 83 - 24 - 1 - 1 - - - - - 109
7. Վարազդատ Ավետիսյան - 81 - 19 - 1 - - - 1 - - - 102
8. Շիրակ Սառիկյան - 96 - 3 - - - 1 - - - 1 - 101
Թեկնածուները - Ա - Գ - Ս - Ե - Հ - ԱՊՀ - Ընդ.
1. Արթուր Քոչարյան - 78 - 15 - - - - - 4 - - - 97
2. Արա Ադամյան - 79 - 15 - - - - - - - - - 94
3. Մկրտիչ Հովհաննիսյան - 81 - 9 - - - - - - - - - 90
4. Մհեր Ավանեսյան - 74 - 9 - 1 - - - - - - - 84
5. Արմեն Շահգելդյան - 66 - 9 - 1 - 1 - 4 - - - 81
6. Անուշավան Փահլեւանյան - 72 - 8 - - - - - - - - - 80
7. Արման Քարամյան - 64 - 9 - - - - - 1 - - - 74
8. Արամ Ոսկանյան - 66 - 6 - - - - - 1 - - - 73
9. Սեւադա Արզումանյան - 55 - 12 - - - - - - - - - 67
10. Ռազմիկ Գրիգորյան - 50 - 11 - - - - - 2 - 2 - 65