«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2001-12-26 | #239, 2001-12-27 | #240, 2001-12-28


ՀՈՒՍԱԴՐՎԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ

Լրջմիտ ոչ մի մարդ չի կարող ժխտել, որ Հայաստանը 2001 թվականին հրաժեշտ է տալիս որոշակի, հստակ հաջողություններով: Այս տարի ոչ ոք չկարողացավ պնդել, նույնիսկ ամենաչարամիտները, թե Հայաստանը մեկուսացած է արտաքին աշխարհից. ոչ մի տարի այսքան աշխույժ չեն եղել մեր արտաքին հարաբերությունները, այսքան շատ չեն եղել փոխադարձ եւ կարեւոր փոխայցելությունները: Ոչ ոք չհամարձակվեց, ամենաչարակամներն անգամ, հատկապես սեպտեմբերի 11-ից հետո, ձեռ առնել կոմպլեմենտար մեր արտաքին քաղաքականությունը. հակասությունների եւ հակազդեցությունների ներկա իրավիճակում հենց այդպիսի՚ քաղաքականություն էր մեզ պետք: Ոչ ոք չկարողացավ պնդել, բացի մի քանի խելագարներից, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինքն ավելի ճիշտ քաղաքականություն կվարեր եւ, մանավանդ, կանցկացներ: Կարգավորման միջազգային ջանքերը կրկին հանդիպեցին Ալիեւի կոտոշներին, եւ անշահեկան դիրքը պաշտոնական Երեւանինը չէ այս անգամ: Ֆրանսիայի, Իտալիայի ու Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը եկավ ջրելու նաեւ այն ամբաստանությունները, թե արտաքին քաղաքականության օրակարգում այդ հարցի ընդգրկումը, ոչ ավել, ոչ պակաս, մաքսիմալիզմ է: Ճանաչման հաղթարշավը նույնիսկ Վաշինգտոնին ցնցեց, որ «Թուրք-հայ հաշտեցման» օրապակաս հանձնաժողովի ստեղծմամբ միայն փորձեց կանգնեցնել այն:

Տնտեսության ասպարեզում, անշուշտ, հրաշքներ չպատահեցին եւ ցավալի ընկրկումներից չխուսափեցինք, սակայն արդյունաբերությունը վերականգնելու մի քանի լավ նախաձեռնություններ, սպասարկման, տուրիզմի եւ սննդի արդյունաբերության ոլորտներում մի շարք դրական քայլեր, գոնե մայրաքաղաքում, վարձատրվեցին տնտեսության աշխուժությամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Ու թեեւ աշխուժության ծավալներն այնքան մեծ չեղան, որպեսզի առհասարակ ազգաբնակչության կենսամակարդակում որակական զգալի փոփոխություն առաջացնեին, սակայն որոշապես կարելի է ասել, որ հասարակության մի նոր խավ բարեկեցության հունի մեջ մտավ եւ, ի հեճուկս բոլոր չարախոսների, նախկին հատուկենտ մեծահարուստների թիվն ավելացավ: Աղետի գոտին վերջին երկու տարում շինարարական ավելի մեծ ներդրումներ ստացավ, քան նախորդ 9 տարիների ընթացքում:

Անշուշտ, տնտեսության մեջ այս բոլոր դրական տեղաշարժերը դեռեւս շատ ու շատ հեռու են մեզ գոհացնելուց, ազգաբնակչության կարիքները, սոցիալական ու կենցաղային բոլոր հարցերը լուծելուց, դեռեւս շատ ու շատ հեռու են արտագաղթի ալիքը զսպելուց: Սակայն վստահ ենք, եթե շարունակվի կայունությունը, եթե վարչարարությունն ու պետական ղեկավարումը ճկուն եւ արդյունավետ դառնան, ու մանավանդ եթե դատարանները վերջապես սկսեն արդար գործել եւ զսպել գլխավոր չարիք կոռուպցիան, ապա վստահ կարող ենք լինել, որ մոտ ապագայում Հայաստանը դուրս կգա աղքատության ճիրաններից ու կմտնի արդիականացման ու զարգացման լայն պողոտա:

Անցնող տարին իր ձեռքբերումներով եւ դրական խոստումներով առավել պահանջկոտ է դարձնում մեզ գալիք տարվա մեր ակնկալություններում: Եվ յուրաքանչյուր սայթաքում, լինի կառավարական մարմինների կողմից, թե քաղաքական շրջանակների, առավել աններող է դարձնելու մեզ բոլորս:

Ահա այս գիտակցությամբ պիտի դիմավորենք 2002 թվականը, չսայթաքելու, սխալները չկրկնելու, առավել արդյունավետ ու պատասխանատու լինելու գիտակցումով պիտի մուտք գործենք Նոր տարվա շեմից ներս:

Այլընտրանք չունենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4