Ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Իրան
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թեհրան-Երեւան
Ռոբերտ Քոչարյանի Թեհրան եռօրյա պաշտոնական այցն ավարտվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությամբ եւ երկու պետությունների առաջնորդների համատեղ ասուլիսով: Ընդամենը երկու հարց ուղղելու հնարավորություն տրվեց: Իրանի ազգային հեռուստատեսությանՙ Հայաստանի նախագահին ուղղած հարցը հետեւյալն էր. «Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն ինչպե՞ս կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը: Ի՞նչ կարծիք ունեք մեր տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայության մասին»: Ռ. Քոչարյան. «Ընդհանրապես տնտեսական համագործակցությունն ինքնըստինքյան ուղղված է տարածաշրջանում կայունության հաստատմանը, ամրապնդմանը: Այն ծրագրերը, որ մենք նախանշել ենք այս փաստաթղթերով, իրականացնելու դեպքում, համոզված եմ, շատ լուրջ ազդեցություն կունենան հենց տարածաշրջանի կայունության վրա: Ձեր երկրորդ հարցին պատասխանեմ: Տարածաշրջանը միշտ եղել է տարբեր ուժերի, նաեւ գերտերությունների ազդեցության ոլորտում, եւ այսօր կան նորանկախ պետություններ, որոնք աշխատում են իրենց անկախությունը ամրապնդել: Համոզված եմ, այս գործընթացը (անկախությունն ամրապնդելու աշխատանքները-Թ. Հ.) կնպաստի աստիճանաբար ավելի անկախ քաղաքականություն վարելուն: Հայաստանը համարում է, որ տարածաշրջանի հետ կապված խնդիրներն առաջին հերթին պետք է լուծվեն, կարգավորվեն, որոշումները կայացվեն տարածաշրջանային երկրների կողմից եւ ամենակարեւորըՙ տարածաշրջանը չպետք է դառնա հակասությունների կենտրոն: Հայաստանը փորձում է տարածաշրջանում օգուտներ ունենալ ոչ թե շահագրգիռ ուժերի բախումից, այլ շահագրգիռ ուժերի շահերի մեղմացումից»:
Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին ասաց, որ երկու պետությունների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն: «Գտնվելով այս զգայուն տարածաշրջանում, մենք անհրաժեշտաբար պետք է էլ ավելի սերտ համագործակցություն ունենանք: Երկու նախագահների հետեւողական աշխատանքի շնորհիվ, հուսով եմ, այս փաստաթղթերը կյանքի կկոչվեն», ասաց Իրանի նախագահը, հատկապես կարեւորելով երկու նախագծերի իրականացումըՙ Իրան-Հայաստան գազամուղը, Քաջարանի թունելը:
Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրվեցին 10 փաստաթղթեր, որոնք վերաբերում են էներգետիկայի, բնապահպանական, տրանսպորտային, մշակույթի, կրթության, սեյսմիկ համագործակցության ոլորտներին, ինչպես նաեւ նախագահներ Քոչարյանի եւ Խաթամիի միջեւ ընդունվեց համատեղ կոմյունիկե:
Ստորագրված փաստաթղթերից կարեւորագույն երկուսը կարելի է համարել Իրան-Հայաստան 141 կմ երկարությամբ գազատարի կառուցումը եւ Քաջարանի թունելը, որի երկարությունը լինելու է 3 կմ, հնարավորություն կտա 12 կմ-ով կրճատել Իրան-Հայաստան բեռնափոխադրումների ճանապարհը: Ամենայն հավանականությամբ գազատարի շինարարությունը կսկսվի 2002 թ. գարնանը, արժեքը շուրջ 120 մլն դոլար է: Գազատարի կառուցման շուրջ դեռեւս կան ճշգրտումներ պահանջող որոշ հարցեր: Միջազգային չափանիշներին համապատասխանություն պահանջող Քաջարանի թունելի կառուցումը կիրականացվի երկու երկրների համաֆինանսավորմամբՙ իրանական կողմի 85 տոկոս եւ հայկական կողմի 15 տոկոս մասնաբաժիններով: Ծրագրի արժեքը շուրջ 42 մլն դոլար է, շինարարությունը, ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, ամենայն հավանականությամբ կսկսվի 2002 թ. վերջերին:
Հայաստանի եւ Իրանի նախագահները միմյանց հրաժեշտ տվեցին ընդգծված ջերմությամբ: «Շնորհակալ եմ այցի հրավերն ընդունելու համար: Հույս ունեմ, որ Հայաստանի նախագահը գոհ է հեռանում», ժպտաց պրն Խաթամին:
«Տնտեսական ներուժով, կարողություններով Իրանը չափազանց կարեւոր է Հայաստանի համար»
«Այս դահլիճ մտնելուց փոշմանեցի, որ չեմ ընդունել մեր դեսպանի առաջարկըՙ մի երեկո բասկետբոլ խաղալ ձեր թիմի հետ: Անկեղծ ասեմ, չեմ ընդունել, քանի որ տեսել եմ, թե ինչպես է խաղում ձեր թիմը Համահայկական խաղերի ժամանակ, եւ վստահ էի, որ պարտվելու եմ: Իսկ նախագահը պարտվելու իրավունք չունի, հատկապես երկրից դուրս», Թեհրանի «Արարատ» մարզավանումՙ իրանահայության հետ հանդիպման ելույթում ասաց Հայաստանի նախագահը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական, նաեւ աշխատանքային այցերի պարտադիր մաս են կազմում սփյուռքահայերի հետ հանդիպումները: «Կարծում եմ, դրանով ցույց եմ տալիս, թե ինչպիսի նշանակություն ունի Հայաստանի համար սփյուռքը եւ ի՞նչ դեր կարող է խաղալ երկրի բարգավաճման գործում: Սա իմ պաշտոնական առաջին այցն էր Իրան եւ մեծ նշանակություն է ունենալու մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով: Այցը կարելի է գնահատել ստորագրված փաստաթղթերի ծավալով: Փաստաթղթերը վերաբերում են երկու երկրների տնտեսական համագործակցությանը, փաստորեն ներառում են ամբողջ երկկողմ միջպետական հարաբերությունները: Իրանը չափազանց կարեւոր է Հայաստանի համար իր տնտեսական ներուժով, կարողություններով: Մենք ունենք բավական լայն ապրանքաշրջանառությունՙ 100 մլն դոլարից ավելի, այս թիվն անցյալ տարվա համեմատ կաճի», նշեց Ռ. Քոչարյանը:
Ինչպե՞ս է տեսնում Հայաստանի նախագահը հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերությունների ապագան. «Առաջին հերթին մենք պետք է փորձենք դուրս գալ պարզ առեւտրական հարաբերություններից եւ ներդրումային համատեղ ծրագրերով, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու շնորհիվ ակտիվացնենք երկկողմ տնտեսական հարաբերությունները: Այստեղ մեծ ներուժ կա, եւ այդ հարցերը եղել են իմ պաշտոնական բանակցությունների հիմնական թեմաներից: Մենք պետք է զարգացնենք Իրանի եւ Հայաստանի միջեւ կոմունիկացիաները հատկապես էներգետիկայի բնագավառում, ինչը, կարծում եմ, լուրջ նշանակություն կունենա Հայաստանի, համոզված եմ, նաեւ Իրանի համար: Պետք է խրախուսենք ներդրումները, եւ այդ ամենն անելու համար չափազանց կարեւոր է ձեր (իրանահայության) դերը: Ակնկալիքներ ձեզանից ունեմ, ակնկալիքները լուրջ են: Իրանահայ համայնքը ամենակազմակերպված, լուրջ ավանդույթներ ունեցող համայնքներից է, եւ ինձ համար շատ հաճելի է, երբ բոլոր հանդիպումների ժամանակ, բարձր մակարդակներում շատ դրական կարծիք է արտահայտվում ձեր մասին»:
Հայաստանի նախագահն իր ելույթում օբյեկտիվորեն ներկայացրեց Հայաստանում առկա տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարները: «Անկախացումից հետո կային մի քանի խնդիրներ, որոնց լուծումը հրատապ էր Հայաստանի եւ հայ ժողովրդի համար», ասաց նախագահն առանձնացնելով այդ խնդիրներից չորսըՙ պետական կառույցների ստեղծումը, շուկայական հարաբերությունների հաստատումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունները եւ ժողովրդավարության հաստատումը:
ԼՂ հարցի կարգավորմանը նախագահն անդրադարձավ առանձին. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ երբեք չի լինելու»:
Ռոբերտ Քոչարյանը մեկ անգամ եւս կարեւորեց սփյուռքի դերը, անդրադարձավ Հայաստան-սփյուռք հարաբերություններին: «Տարեցտարի Հայաստանի կշիռը աճելու է այս տարածաշրջանում, այնպիսի երկիր ենք կառուցելու, որ դուք բոլորդ հպարտանաք այդ երկրով»: