Դա քաղաքական ասպարեզում մնալու համար հհշածին ուժերն են ստեղծում
«Ազգը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիային, ուշադիր հետեւելով հանդերձ նրա որդեգրած հայկական քաղաքականության ընթացքին: Այս հանգամանքը, ըստ երեւույթին, հակասում է հհշածին ուժերի քաղաքական հաշվարկներին: Այս պայմաններում, երբ վերջիններս հավասարակշռությունից դուրս են գալիս, նրանց խոսափողերն էլ սկսում են զայրույթով աղաղակել, թե թուրքերի եւ Թուրքիայի մասին միմիայն վատն ենք գրում: Աղաղակների տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները համառորեն մերժելու, նրան շրջափակելու եւ նրա նկատմամբ ռազմական սպառնալիքների դիմելու Թուրքիայի գործելակերպն իրականում լավն է, բայց մենք, այդ լավը ողջունելու փոխարեն, ապերախտորեն դարձնում ենք վատը:
Դիվանագիտական հարաբերությունների մերժումը, այն էլՙ անմիջական հարեւանի հետ, ոչ այլ ինչ է, քան հարեւան ժողովրդի անկախ պետականության իրավունքի մերժում, իսկ շրջափակումըՙ դրան ենթակա պետությանը կազմալուծելու արդյունավետ միջոց է: Ինչ վերաբերում է ռազմական սպառնալիքներին, ապա դրանք էլ թշնամանքի ակնհայտ դրսեւորումներ են: Հատկանշական է, որ 1991 թ.-ին, երբ Թուրքիան, մերժելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, սպառնում էր նրան, որպեսզի պարտադրի իր առաջադրած նախապայմանները, հհշական տեսաբանները նորանկախ հայկական պետության կայացումը պայմանավորում էին Ռուսաստանի հետ հարաբերություններն արմատապես վերանայելու եւ արտաքին քաղաքականության մեջ առավելապես դեպի Թուրքիա կողմնորոշվելու հետ:
Այս տեսաբաններին միացան համանուն գործիչները: Սակայն դա չխանգարեց, որ Թուրքիան 1992 թ.-ին հավելյալ զորքեր կուտակի հայկական սահմաններում, դրանց մարտական բարձր պատրաստվածության վիճակի բերի: Այսպիսով, նրա քաղաքական սպառնալիքները համադրվեցին ռազմական ներխուժման սպառնալիքներով: Իսկ 1993 թ.-ին նա դիմեց Հայաստանի շրջափակմանը: Ուրեմն, Թուրքիան Հայաստանի նկատմամբ ի սկզբանե թշնամական դիրքորոշում որդեգրելիս, թշնամանքով է վերաբերվել հհշական վերոհիշյալ տեսաբաններին ու գործիչներին: Արդյունքում արհամարհվել են Հայաստանի հհշական իշխանությունները, իսկ տեսաբաններն ու գործիչներըՙ դարձել արհամարհանքի միջոց:
Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը նրա անկախացման հետ է ձեւավորվել: Անկախության առաջին իսկ օրից երկրում իշխանության է եկել ՀՀՇ-ն: Հետեւաբար, այդ դիրքորոշման բնույթը հհշածին ուժերի համար գաղտնիք լինել չի կարող, հհշական իշխանությունների նկատմամբ թուրքական արհամարհանքըՙ նմանապես: Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ հհշածին ուժերն այդ արհամարհանքը կուլ են տալիս, փոխանակ թուրքերի վրա զայրանալու, զայրանում են Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության հակահայկական բնույթի բացահայտումից: Հարցի պատասխանը միանշանակ էՙ ընդառաջելու պատրաստակամություն հայտնել այն միջազգային ուժերին, որոնք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են իրենց շահախնդիր շահագրգռություններով:
Ինչո՞վ բացատրել այս ամենը: Ըստ երեւույթին, միջազգային ուժերին ապավինելու եւ դրանց միջոցով եթե ոչ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու, ապա գոնե մի կերպ քաղաքական ասպարեզում մնալու հհշածին ուժերի ապարդյուն փորձերով: Վերոհիշյալ ուժերը, ինչ խոսք, կարող են արձագանքել վերջիններիս փորձերին, բայց նրանց օգտագործելու մղումով միայն: Ակնհայտ է, որ ժողովրդականությունից զուրկ քաղաքական ուժը պիտանի հենարան լինել չի կարող: Մինչդեռ ՀՀՇ-ն Հայաստանում ոչ միայն ժողովրդականություն չի վայելում, այլեւ չի էլ համարձակվում խորհրդարանական ընտրություններին մասնակցել: Ինչ վերաբերում է հհշածին ուժերին, ապա թուրքերի եւ Թուրքիայի մասին միայն վատը գրելու շուրջ ծավալվող աղաղակները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք նույնիսկ օգտագործման պիտանի չեն: Այլապես անդադար աղաղակելով չէին փորձի իրենց վրա ուշադրություն հրավիրել:
«Ազգը» բազմիցս անդրադարձել է թուրք մտավորականներ Ռագըփ Զարաքոլուի, նրա տիկնոջՙ Այշե Նուր Զարաքոլուի, Ալի Էրթեմի, ինչու չէՙ Հալիլ Բերքթայի գործունեությանը, հրապարակել է հարցազրույցներ Իլթեր Թուրքմենի, Քաան Սոյաքի հետ, միաժամանակ թարգմանաբար ընթերցողի ուշադրությանն է ներկայացրել Թաներ Աքչամի բազմաթիվ հոդվածները: Սա բավական է նշելու, որ մենք թուրքերի եւ Թուրքիայի մասին միմիայն վատը գրելու խնդիր, որպես այդպիսին, չունենք: Բայց որ քաղաքական ասպարեզում մնալու հրամայականով հհշածին ուժերն իրենց առջեւ ուշադրություն հրավիրելու խնդիր են դրել, ակնհայտ է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ