Պատմություն դարձավ եւս մեկ տարի: Լավ, թե վատ մտնում ենք նոր տարի, որը խոստանում է առավել հագեցած ու թեժ լինել: Իսկ թե քաղաքական ինչպիսի փոփոխություններ արձանագրվեցին անցած տարում, իրենց գնահատականներն են տալիս մի շարք կուսակցությունների ներկայացուցիչները:
Պարույր Հայրիկյան (ԱԻՄ)
- Այս տարին հետագայում չի հիշվելու սոցիալական, մշակութային եւ գիտական ձեռքբերումներով: Մեր հասարակական կյանքի համար այն պիտի արձանագրվի որպես սահմանադրական փոփոխությունները խորհրդարան հասցնելու տարի: ԿԱրտաքին քաղաքականության մեջ հայրացու տեղն ունի մեր դիվանագիտությունը, որը շատ ավելի վճռորոշ ու հստակ հնչեցրեց իր դիրքորոշումը: Ներքին քաղաքականության մեջ նշմարելի է սոցիալական ոլորտում փոփոխություններ կատարելու միտումը: Սակայն արմատական քայլերՙ ստվերայինը բացահայտելու, չկատարվեցին: Մեր խաբված ավանդատուներն այս տարվա ընթացքում որեւէ բան չշահեցին: Մինչդեռ սեփականաշնորման գործընթացի պահին խոսում են բոլորին ունեցած պարտքերից, բացի ժողովրդին ունեցած պարտքերից: Բանակում վիճակը շարունակում է աստիճանաբար կարգավորվել: Մեր երկրում տնտեսությունն այս տարի իհարկե ակտիվացել է: Սակայն աղքատության եզրին ապրող մարդիկ դեռեւս մեծ թիվ են կազմում, եւ դա պետական հոգս է: Մեր լուրջ բացթողումներից եմ համարում այն, որ այս տարի ոչ մի քայլ չարվեց միասնական ուղղագրության անցնելու ուղղությամբ: Մնացինք նույն բարբարոս ստրկամիտները:
Ալբերտ Բազեյան («Հանրապետություն»)
- Եթե խոսենք ներքին քաղաքականության մասին, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանում ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ է, որն առաջացել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ: Այս գործոնը դեռ երկար կազդի Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների վրա: Այն տեսակետները, որոնք արտահայտում են իշխանությունները, որ իբր տեղի է ունեցել տնտեսության աճ, աշխատատեղերի ավելացում եւ այլն, դրանք բացարձակապես կեղծիք են: Իրավիճակի իրական գնահատականը տալիս է հանրությունը, մեր ժողովուրդը, որը լքում է հայրենիքը: Նախորդ տարվա քաղաքական գործընթացները, այսպիսով, դրական գնահատել չենք կարող: Ներքին քաղաքականության ոլորտում տեղի են ունենում կուսակցությունների պառակտումներ, վերադասավորումներՙ իշխանական ճնշումների ներքո: Հայաստանում ապահովված չէ ազատ տնտեսական մրցակցություն, որն ամրագրված է մեր Սահմանադրությամբ: Արտաքին քաղաքականության ոլորտում դրսեւորվում է անհարկի մաքսիմալիզմ: Մեր գերխնդիրն այսօր Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է, սակայն այստեղ էլ կան մտահոգիչ միտումներ: Արցախի հարցի լուծման ճանապարհը մեր գնահատմամբ Հայաստանի տնտեսական հզորացումն է, որը կարող է լինել միայն օրինական իշխանության պայմաններում եւ կուռ, արդար ներքին քաղաքականություն իրականացնելու դեպքում: Այս տարի, ցավոք, ընդդիմության գործունեությունն էլ հուսադրող չէր: Այս ամենը հանգեցնում է նրան, որ անցած տարին չի կարող գոհացուցիչ համարվել:
Արտաշես Գեղամյան («Ազգային միաբանություն»)
- Խաբեբայության եւ պաշտոնամոլության տարի:
Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)
- Արտաքին քաղաքականությունում մի բան հստակ էր. Ղարաբաղի հարցի բանակցությունները մտան փակուղի, որից դուրս գալու համար հիմա նոր ճանապարհներ ենք փնտրում: Արտաքին քաղաքականությունում երկրորդը սեպտեմբերի 11-ի դեպքն էր, որ փոխեց աշխարհը եւ այդ փոփոխված աշխարհում դեռ շատ դժվար է գնահատական տալ, թե Հայաստանն իրեն ադեկվատ է պահում փոփոխություններին, թե ոչ: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա տնտեսության մեջ որոշ փոփոխություններ կատարվում են, չնայած իշխանությունները չունեն Հայաստանի զարգացման որոշակի ծրագիր կամ հստակ չեն արտահայտել: Դրա հետ միասին ժողովուրդն այս կամ այն ձեւով կարողանում է իր նյութականը կերտել:
Քաղաքական դաշտում շարունակվում է մառազմը, այսինքնՙ քաղաքական կուսակցությունների, քաղաքական դաշտի տրոհումը: Հստակ ծրագրված նպատակների շուրջ համախմբված կուսակցություններ մինչեւ այժմ գոյություն չունեն: Դա ամենամեծ բացն է Հայաստանում: Մյուս կարեւոր հարցը նոր Սահմանադրության ընդունումն է: Բայց առաջարկվող սահմանադրությունները չեն կարող փոխել իրավիճակը: Նախագահի կողմից առաջադրվող Սահմնադրությունը գրեթե չի տարբերվում ներկա սահմանադրությունից:
Վլադիմիր Դարբինյան (ՀԿԿ)
- Դժգոհ ենք իշխանությունների վարած ե՚ւ ներքին, ե՚ւ արտաքին քաղաքականությունից: Այսօր մեր հանրապետությունում տեղի են ունենում երեւույթներ, որոնք կրում են համազգային ողբերգության բնույթ: Հայրենիքից հեռանում են հարյուրավոր մարդիկՙ բոլորիս հայտնի պատճառներով: Սա ներքին քաղաքականության արդյունք է: Ամբողջ մեր ազգային հարստություննեը վաճառում են օտարերկրյա ֆիրմաներին:
Արտաքին քաղաքականությունում ունենք Ղարաբաղի խնդիր: Այսօր մեր ազգային անվտանգության շահերը պահանջում են, որ մենք մտնենք Ռուսաստան-Բելառուս միության մեջՙ որպես իրավահավասար անդամ, որպես ինքնիշխան պետություն: Ղարաբաղի խնդրի հետ կապված մենք համոզված ենք, որ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է լինեն Ռուսաստան-Բելառուս միության անդամ:
Այսօր մենք մշակել ենք Սահմանադրության նախագիծ եւ մի քանի կուսակցությունների հետ միասնական եզրակացության ենք եկել, բայց նախագահը հայտարարեց, որ միայն իր տարբերակը պետք է քննարկման դրվի: Սա ի՞նչ ժողովրդավարություն է: Եթե կա 2 տարբերակ, ապա պետք է երկուսն էլ ներկայացնել ժողովրդի դատին:
Ա. Շահբազյան (ՀՅԴ ԳՄ)
- Հայաստանի անցած քաղաքական տարին ընդհանրապես կարելի է համարել ակտիվ, որի պատճառներից մեկը 1700-ամյակի տոնակատարությունն էր: Քաղաքական իմաստով մատնանշենք միայն մեկ փաստՙ նախագահների, բարձր պաշտոնյաների այցերը Հայաստան: Սա վկայում է, որ Հայաստանն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում վերջին տարիներին, որը գնալով մեծ թափ է ստանում:
Տարին ակտիվ սկսվեց Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների քննարկումով: Քաղաքական թեժ տարի էր խոստանում կոշտ ընդդիմությունը եւ հիմնական մի քանի խնդիրներ, որոնք թեժացման ներուժ էին պարունակում: Դրանցից մեկը Ղարաբաղյան խնդիրն էր, մյուսը «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը եւ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները: Փաստորեն այդ թեժ տարվա ակնկալիքը գովազդվեց ամբողջ տարվա ընթացքում: Կարելի է ասել, որ Հայաստանում սկսվել են նախընտրական ոչ պաշտոնական գործընթացներ: Նախագահի բացահայտ հայտարարությունն ասում է, որ նախագահի թիմը գնում է սրան: Կուսակցություններից ռամկավարներն արդեն հայտարարել են նախագահին սատարելու մասին, այլ ուժեր եւս նախապատրաստական եռուզեռի մեջ են եղել անցած տարում: Քաղաքական լարվածության համար հրահրիչ ուժ եղել եւ մնացել է ՀՀՇ-ն: Այնտեղ, ուր 2 մարդ դժգոհել են, թիկունքում հայտնվել է ՀՀՇ-ն ու բորբոքել: Այսօր իսկապես չկան սուբյեկտիվ պատճառներ, որ մենք անհանգստանանք երկրի ներկա վիճակով:
Հաջորդ տարի բավական լարված կլինի այն իմաստով, որ կուսակցական շինարարությունը, չհայտարարված նախնտրական պայքարը, պոպուլիստական հայտարարությունները կշատանան: Քաղաքական դաշտը նորացնելու, վերափոխելու ճիշտ ճանապարհը ընտրություններն են, որոնց արդյունքում կկանգնենք նոր, հստակված դաշտի առաջ:
Հայկ Բաբուխանյան (ՍԻՄ)
- Քաղաքական տարին համեմատաբար կարելի է անվանել հանգիստ զարգացումների տարի: Զարգացումները տեղի էին ունենում քաղաքական դաշտում: Կարելի է նշել երկու կարեւոր իրադարձությունՙ ստեղծվեց եռյակը, որով քաղաքական դաշտը բեւեռացվեց: Միաժամանակ իշխանությունները որդեգրեցին հին եւ վարկաբեկված սկզբունքՙ իշխանական եւ ընդդիմադիր թիմերի ձեւավորումը: Տարվա վերջում նախագահի ասուլիսի ժամանակ, նա, չգիտես ինչու, հակադրության մեջ տեսավ իրեն վեցյակի սահմանադրության տարբերակի հետ: Այսպիսով, տարին ամփոփում ենք հետեւյալ կերպ. կա երեք բեւեռՙ մեկը իշխանական թիմն է, որը չի գնում երկխոսության ընդդիմության հետ: Երկրորդ թիմը վեցյակն էՙ կառուցողական ընդդիմությունը, որին հրում են դեպի անհաշտ ընդդիմության դաշտ: Երրորդը եռյակն է, որը եկող տարի դուրս կգա ավելի լայն ասպարեզ: Արտաքին քաղաքականությունը լուրջ տեղաշարժեր, փոփոխություններ չի ունեցել: Ունեցել ենք որոշակի հաջողություններ, ինչպես նաեւ բացթողումներ: Իսկ արտաքին տնտեսական ոլորտում նկատվում է ակտիվացումՙ Ռուսաստանի հետ համագործակցության առումով:
Ռուբեն Միրզախանյան (ՀՌԱԿ)
- Թե՚ արտաքին, թե՚ ներքին քաղաքականությունում, ըստ իս, բնորոշ է առաջընթացը: 2001 թ. ընթացքում Հայաստան այցելել են ավելի շատ թվով պետության ղեկավարներ: Նման այցելությունները միշտ ունենում են դրական հետեւանքներ ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Իսկ հայ-ռուսական հարաբերություններն ունեցան բացառիկ զարգացում, ինչը վկայում են նախագահների փոխադարձ այցելությունները: Ներքին քաղաքականությունում պետք է նշեմ, որ մեզ մոտ կայացած գաղափարական ընդդիմություն չկա: Ընդդիմությունը մեզ մոտ փոխարինվում է ռեւանշիստական ուժերով, այսինքնՙ այնպիսի մարդկանցով, որոնք ուզում են վերականգնել կորցրած դիրքերը: Որոշակի միտումներ եղան երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում: Հաջող փորձ է արվում վերագործարկելու խոշոր ձեռնարկությունները: Սակայն շարունակում է ծանրաբեռնված մնալ երկրի կառավարման համակարգը: Հսկայական թվով նախարարությունները կաշկանդում, խանգարում են երկրի զարգացումը: Ի վերջո, մենք լավատես ենք, քանի որ կարողացանք հաղթահարել հոկտեմբերի 27-ի ճգնաժամը: Բացի այդ, հսկայական ծրագրեր կան ՌԴ տասնյակ ձեռնարկությունների հետ: Դրական է, որ ստեղծվել է հետաքրքրություն Հայաստանի ռեսուրսների նկատմամբ: Երկրի կառավարման համակարգում կարեւորում եմ «Պետական ծառայողի մասին» օրենքը, որը կփոքրացնի եւ ավելի արդյունավետ կդարձնի պետական ապարատ հասկացողությունը:
Պատրաստեց ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ