ԹԲԻԼԻՍԻ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլին հերքում է այն տեղեկությունը, որ իբր Մառնեուլի օդանավակայանում պատրաստվում են ընդունելու Թուրքիայի ռազմական ինքնաթիռներ: Այս տեղեկությունը դեկտեմբերի 24-ին, Անդրկովկասում ռուսական զորախմբի աղբյուրների վկայակոչմամբ, հաղորդել է «Ստրանա.Ռու»-ն:
Վրաստանի արտաքին քաղաքական դեպարտամենտի ղեկավարը տվյալ տեղեկությունը անվանել է «անհեթեթ»: Նա ընդգծել է, որ «բացի չար մտադրությունից նման լուրերի տարածման մեջ ոչինչ չկա»: Ինչպես ասել է Ի. Մենաղարիշվիլին, Վրաստանը չի մասնակցի եւ ոչ մի ակցիայի, ուղղված հարեւան պետության դեմ, ներառյալ Հայաստանը, եւ Վրաստանի հարեւան երկրի նկատմամբ երբեք «վտանգ չի բխի»: Նախարարը կարծիք է հայտնել, որ լարված իրադրությունը, որ գոյություն ունի Կովկասում, որոշակի հիմքեր է տալիս նման կասկածներ արտահայտելու, սակայն «Վրաստանը միշտ կհետեւի բարիդրացիության սկզբունքին»:
«Ստրանա.Ռու»-ի մեկնաբանը սակայն գտնում է, որ վրացական ԱԳՆ-ն «արդարանում է եւ հայտարարություններ անում, որոնք շատ շուտով, ըստ երեւույթին, կհերքի կյանքն ինքը», քանի որ ամերիկյան վարչակազմը մի անգամ չէ, որ հայտարարել է ահաբեկիչների հետ հաշվեհարդարի համար Անդրկովկասի, այդ թվում եւ Վրաստանի ռազմական ենթակառուցվածքն օգտագործելու իր մտադրությունների մասին: