ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հերքել է այն ենթադրությունները, որ հանրապետության ատոմային էլեկտրակայանից կարող են գողանալ ռադիոակտիվ նյութեր: Հայտարարության համար առիթ է ծառայել Վրաստանում Հայաստանի քաղաքացու վերջերս տեղի ունեցած ձերբակալությունը, որի մոտ հայտնաբերվել է մաքսանենգ ուրան: Ինչպես «Գերմանական ալիքի» հարցազրույցում ասել է Հայաստանի էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գեւորգյանը, Հայկական ատոմային էլեկտրակայանից ուրանի առեւանգման հնարավորությունը լիովին բացառված է: Նա հայտարարել է, որ միջուկային թափոնների պահպանման վերահսկողությունը ոչ մի վայրկյան չի դադարում եւ իրականացվում է ոչ միայն հայ մասնագետների, այլեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Գեւորգյանն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները նույնիսկ տեսաժապավենին են նկարահանում միջուկային վառելիքով ռեակտորի բեռնման եւ միջուկային թափոնների ուտիլացման եւ պահեստավորման գործողությունները: