Ներքաղաքական դաշտը նախորդ տարվա համեմատ 2001-ին այնքան էլ լարված չէր, ինչն անմիջապես դրսեւորվեց տնտեսության մեջ: Սակայն դա չխանգարեց զարգացող մի երեւույթի, որով կարելի է բնորոշել քաղաքական 2001-ը: Երկրում սնկի նման աճող կուսակցությունները սկսեցին բազմանալ ոչ թե նոր քաղաքական ուժերի ձեւավորմամբ, այլ արդեն առկա, ընդ որում հեղինակավոր կուսակցությունների պառակտմամբ:
Դա առավել հիվանդագին դրսեւորվեց քաղաքական մեծամասնությանՙ «Միասնություն» դաշինքի դեպքում, որը երկար ձգձգումներից հետո ՀՀԿ-ի առանձին հայտարարությամբ լուծարվեցՙ ցույց տալով դաշինքի անսկզբունքայնությունը: Ձեւավորվեց մեկ այլ «Միասնությունիկ», որն իրեն ոչ ավել, ոչ պակաս արմատական որակեց: Հետաքրքրական է, որ դաշինքի երկու ուժերն էլ հավասարապես երկու մասի բաժանվեցին եւ առաջացած չորս կուսակցություններն էլ, որոնք իրար հետ յոլա չէին գնում. մեկ ծրագիր պաշտպանելու պատրաստակամություն էին հայտնում:
Այս աբսուրդը զարգացնելու էստաֆետը վերցրեց ԱԺՄ-ն, որն այսօր եւս հինգ մասի է բաժանվելՙ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՀԺԱՄ եւ. Ֆիլարետ Բերիկյան: ԱԺ-երի այս կույտը հիմա ոչ մի ուժ էլ չէ, եւ նայելով այդ պատկերին, զարմանում եսՙ ինչպես էր այս ուժը ժամանակին հավակնում իշխանություն դառնալ:
Երեւույթը Կոմկուսին էլ էր դուր եկել: Այս «խիստ սկզբունքային» կուսակցությունն իրեն լիովին սպառել է քաղաքական դաշտում: Դիտում ես, դիտում ու չես հասկանումՙ ինչպես կարող է կոմունիստը կոմունիստին մեղադրել աջ կողմնորոշման իշխանությանը սիրաշահելու կամ էլ կոմունիստական հնացած «գաղափարախոսությունը» պաշտպանելու մեջ:
Հետո վարակը տարածվեց նաեւ ստեղծված արմատական եռյակի օրգանիզմ, որը հիմա ըստ էության գոյություն չունի: Յուրաքանչյուրը սկսեց աշխատել իր համար, որն ի վերջո հանգեցրեց ընդդիմություն կոչված քաղաքական լրջագույն կատեգորիայի վարկաբեկմանը եւ անհուսությանը, թե որեւէ ուժի այս երկրում չի հաջողվի նախագահի պաշտոնանկություն նախաձեռնել ու ավարտին հասցնել: Եվ դա միայն այն պատճառով, որ. փաստական հենք գոյություն չուներ:
2002 թ. մտնելիս այս խնդիրներն են ահա, որ ուզեն թե չուզեն քաղաքական ուժերը պետք է լուծեն: Հաջորդ տարին փաստորեն նախընտրական է լինելու, եթե նկատի առնենք նաեւ սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: 2002-ին լինելու է ոչ թե քաղաքական ուժերի պառակտման շարունակություն, այլՙ ընդհակառակը: Խորանալով ընտրապայքարի մեջ, քաղաքական ուժերն անպայման կփորձեն վերանայել իրենց ներքին խնդիրները, համախմբվելՙ ընտրազանգվածներին գրավելու համար: Սակայն դա ակնհայտորեն բավարար լինել չի կարող, որն ուժերը շատ լավ գիտակցում են: 2002-ին առավել կակտիվանան դաշինքներ ձեւավորելու նախնական գործընթացները, միեւնույն կամ մոտ գաղափարախոսությամբ կուսակցությունները կսկսեն առավել կոնկրետ հարցերի շուրջ ծավալել բանակցությունները: Դրա նշանները դրսեւորվեցին այս տարվա երկրորդ կեսից, երբ ձախ ուժերը հայտարարեցին ընտրապայքարին դաշինքով մասնակցելու իրենց տրամադրությունների մասին: Այս ուժերը դեռեւս միակն են քաղաքական դաշտում, որոնք բացահայտ եւ լուրջ բանակցություններ են վարում:
Դաշինքավորվելու միտումներ են ցուցաբերում նաեւ աջ դաշտի երկու այսպես կոչված հոսանքներՙ լիբերալ, ազատական եւ ծայրահեղ լիբերալ, ընդ որում միմյանցից անկախ: Առաջիններըՙ ի դեմս ՀՌԱԿ-ի, արդեն հայտարարել են այդ մասին, իսկ երկրորդներըՙ բացառապես ՀՀՇ-ածին ուժերը, փորձում են ընդհատակից դուրս գալ եւ այլեւս սեփական հնարավորություններով (եռյակից հիասթափված) ընտրությունների պատրաստվել: Եթե աջ առաջին ճամբարի համար դեռեւս լրջագույն հարցեր կան միմյանց հետ պարզելու, եթե նկատի առնենք սկզբունքները հետեւողականորեն պաշտպանելու նրանց միտումը, ապա ծայրահեղները խնդիր չունեն, քանի որ նույն ուժի ծնունդներ են եւ, բնականաբար, միավորումը որեւէ դժվարություն չի առաջացնում:
Մյուս ուժերը, որոնք հավակնելու են ձախ եւ աջ բեւեռների միջեւ միջանկյալ դիրք գրավել, իրենց համարելու են քաղաքական դաշտում դեռեւս չարատավորվածներ եւ փորձելու են նոր գաղափարներ ու սկզբունքներ առաջադրել: Այս ուղղության հիմնական խնդիրը լինելու է որեւէ ուժի ազդեցության տակ չընկնելը, որոնցից մի մասին դա չի հաջողվելու:
Նման սպառնալիքի տակ են նաեւ վերջերս ակտիվացած երկրապահական տարբեր կազմակերպությունները, որոնք զգացած լինելով իշխանության համը (մինչեւ 2000-ի կեսերը), կփորձեն քաղաքականանալ, որն առանց օգնության հնարավոր չի լինի: Թե որ ուժը կստանձնի օգնականի ֆունկցիաները, ոչ ոք ասել չի կարող:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ