«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2001-12-26 | #239, 2001-12-27 | #240, 2001-12-28


ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐ Է

Ջուրը մեր համընդհանուր եւ ամենամեծ հարստությունն է: Ջրի յուրաքանչյուր կաթիլը թանկ է մեզ համար: Ուստի, բնապահպանության ոլորտի սրտացավ մասնագետների կարծիքով, Սեւանա լճից էներգետիկ նպատակներով ջրի բացթողումն ուղղակի անթույլատրելի է: Ըստ նրանց, այդ նպատակով ջուրը կարելի է բաց թողնել միայն այն դեպքում, երբ այդ գծի հիդրոէլեկտրակայանները լինեն տեխնիկապես նորմալ աշխատանքային վիճակում, որպեսզի դուրս գնացած ջուրն ինչ-որ օգուտ բերի:

Երբ տարին սակավաջուր էՙ տուժում է գյուղատնտեսությունը: Բնության պատկերն էլ օրեցօր փոխվում է. նախկինում, երբ բարձրանում էինք լեռները, ամեն քարի տակից աղբյուր էր հորդում: Հիմա, լճի մակարդակի իջնելու հետեւանքով, այդ աղբյուրները չորանում են: Նման պայմաններում անասնապահություն չենք կարող զարգացնել, արտերն առանց ջրելու բերք չեն տա: Նման իրադրությունում աշխատատեղեր չկան, իսկ գյուղատնտեսությունն էլ դառնում է անեկամտաբեր: Առանց այդ էլ Գեղարքունիքի մարզում արտագաղթը մեծ չափերի է հասնում, պատճառները պարզ են, ելք է հարկավոր: Պետական մոտեցում է պետք: Չստացվի այնպես, որ մի օր էլ ամայանան լիճն ու շրջակա բնակավայրերը:

Սեւանա լճի պահպանությունը, ջրի խնայողությունն ու ճիշտ տնտեսվարումը միայն պետական կառույցների խնդիրները չեն: Միասին, մեր հնարավորությունների սահմանում, պետք է աշխատենք փոխել իրավիճակը: Դա համընդհանուր խնդիր է:

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4