Խոստանում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն
Ինչպես տեղեկացանք Ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, մշակվել են համակարգի կարգավորմանն ուղղված հաջորդ տարվա միջոցառումները եւ դրանց իրականացման ժամանակացույցը:
Այսպես, նախատեսվում է ընդունել նոր ջրային օրենսգիրքը. «Ջրօգտագործողների միությունների մասին», «Համատիրության մասին», «Բազմաբնակարան շենքերի մասին» օրենքները: Խմելու ջրի կառավարման բարեփոխումների ծրագրի մշակումը սկսվելու է տարեմուտից անմիջապես հետո: Եկող տարին, ըստ ժամանակացույցի, պետք է լինի ջրաչափերի զանգվածային տեղադրման առաջին տարին: Մասնավորապես Երեւանում, բյուջետային հիմնարկներում, մասնավոր ընկերություններում եւ բազմաբնակարան շենքերի մուտքերին տեղադրվելու են հաշվիչներ եւ մինչեւ 2003 թ. ավարտվելու է այդ գործընթացը:
Բնակարաններում հաշվիչների տեղադրման վերաբերյալ ոչինչ չի ասվում, նշվում է միայն սոցիալապես անապահով քաղաքացիների բնակարաններում դրանց տեղադրման աշխատանքները 2004 թ.-ին ավարտելու մասին: Այդ պատճառով այնքան էլ իրատեսական չի թվում եկող տարի խմելու ջրի վարձավճարների հավաքման աստիճանը հաշվարկային ջրի նկատմամբ 50-55 տոկոսի հասցնելու ծրագիրը: Բազմիցս ենք նշել, որ առանց ջրաչափերի տեղադրման եւ յուրաքանչյուրն ըստ սպառած ջրաքանակի վճարման համակարգին անցնելու, վարձավճարների գանձման գործընթացը լուրջ փոփոխություններ չի կրի:
2002 թ.-ի ծրագրում ընդգրկված է նաեւ համակարգում աշխատավարձերի պարտքի 50 տոկոսի մարման հարցը, իսկ հաջորդ 50 տոկոսի մարումը ծրագրված է 2003 թվականին: Նախատեսվում է հաստատել ժամանակացույց սպառողների համար թերեւս ամենակարեւոր հարցիՙ շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական անցման վերաբերյալ: Այն պետք է սկսվի 2002 թ. եւ ավարտվի 2005 թ.-ին: Միեւնույն ժամանակ այս դրույթը որքան ցանկալի, այնքան էլ անհավատալի է թվում, քանզի համակարգի ներկայիս մաշվածության պարագայում այստեղ բազմամիլիոն ներդրումներ են անհրաժեշտ:
Որոշակի աշխատանքներ են սպասվում մայրուղային ջրամբարներում ջրի կորուստների նվազեցման (2 տոկոսով), էլեկտրաէներգիայի խնայողության (5 տոկոսով) ուղղությամբ: Այս, ինչպես նաեւ վարձավճարների հավաքման մակարդակի ավելացման հաշվին ակնկալվում է համակարգի աշխատավարձերն ավելացնել 10 տոկոսով:
Վերոնշյալից բացի, նշված են եկող տարի իրականացվելիք մի շարք այլ ծրագրերՙ ոռոգման համակարգի, ոռոգելի հողերի գույքագրման եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ:
Ա. Մ.