Տարեվերջի այս օրերին միանգամայն տեղին է հիշել բոլոր նրանց, ովքեր տարվա ընթացքում ընդմիշտ հեռացան մեզանից, հատկապես նրանց, ովքեր սովորական մահկանացուներ լինելով, ունեցան արտասովոր վախճանՙ զոհ գնալով ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին: Դժբախտաբար մեր մամուլում միայն մեկ հայի անուն նշվեց այդ առիթով, բայց վստահաբար մեկից ավելի էին նրանք:
Նոյեմբերի վերջերին տպագրված ամերիկյան մամուլից քաղելովՙ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը դեկտեմբերի 1-ի համարի խմբագրականում անդրադառնում է նրանցից երեքին:
«Նյու Յորք թայմսի» «Ապրելով հրեշտակի հետ» հոդվածում Կարլ Պետիկյանի անձնավորությունն է ուրվագծվում: «Նա մոգական ժպիտ ուներ եւ շրջապատի մարդկանց հանգստացնող բնավորություն», պատմում է Բրուքլինում ապրող 35-ամյա հրշեջի կինը, հրեշտակի նմանեցնելով իր ամուսնուն, որի հետ ամուսնացել էր մոտ մեկ տարի առաջ: Կարլը տարիներ առաջ իր ոսկրածուծն էր նվիրաբերել Եվրոպայում ապրող չորս տարեկան հիվանդ մի տղայի, որին ոչ տեսել էր, ոչ էլ ճանաչում էր: 1998 թ.-ին հազվադեպ մի հիվանդություն նրան համարյա անդամալույծ է դարձնում, բայց շնորհիվ հաստատակամության եւ կամքի ուժի ոտքի է կանգնում եւ շարունակում աշխատել:
«Վերջապես միասին» հոդվածում, տպագրված դարձյալ «Նյու Յորք թայմսում», Պիտեր Մարտիկյանն է նկարագրված: 29 տարեկան երիտասարդը Պրինստոնում (Նյու Ջերսի) էր մեծացել եւ աշխատում էր Նյու Յորքումՙ «Իմաջին սոֆթուեր» ընկերությունում: Ընդամենը վեց շաբաթ առաջ էր ամուսնացել Կորինի հետ, որին հանդիպել էր Օհայոյի պետհամալսարանում սովորելու տարիներին: Երկար ժամանակ տարբեր քաղաքներում էին ապրել եւ միայն վերջերս էին միավորվել եւ ընտանիք կազմել: Սեպտեմբերի 11-ին Պիտերը մասնակցում էր «Պատուհան աշխարհին» համակարգչային ծրագրերի տարեկան կոնֆերանսին:
Երրորդ հոդվածըՙ «Կենսուրախ ոգեշնչողը», նվիրված է Կարո Ոսկերիչյանին եւ տպագրվել է «Նյուզդեյ» թերթի նոյեմբերի 20-ի համարում:
43 տարեկան Կարոն ծնվել էր Եգիպտոսում: 1981 թ.-ին ավարտել էր ԱՄՆ-ի «Փեյս» համալսարանը, այնուհետեւ «Սեյնթ Ջոնս» համալսարանը, որտեղ ինֆորմատիկայի ղեկավարման գծով մասնագիտանալով աշխատանքի է անցել «Մարշ եւ Մքլենան» տեխնոլոգիական ծառայությունների առաջատար ընկերությունում, որտեղ հասնում է մինչեւ ավագ փոխպրեզիդենտի պաշտոնին: Ընկերությունն աշտարակներից առաջինում տեղ էր զբաղեցրել 1998 թ.-ից: Բարձրահասակ եւ բարետես Կարոն սպասված Ձմեռ պապի էր Բեյսայդում իր 3 երեխաների հաճախած «Սրբոց նահատակաց» հայկական դպրոցում: «Նա իսկական ղեկավար էր», նշել են գործընկերները:
«Ես դեռ սպասում եմ, որ նա կբացի տան դուռը», ասում է 12 տարեկան Շանթ որդու, 8 տարեկան Իզաբելի եւ 6 տարեկան Ալինի մայր, այրիացած տիկին Նադիան, որը վերջին անգամ ամուսնուն տեսել է սեպտեմբերի 11-ին, ժամը 06.45-ինՙ աշխատանքի գնալիս:
Օրհնյալ լինի նրանց հիշատակը եւ թող խաղաղություն իջնի նրանց շիրիմներին:
Հ. Ծ.