«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2001-12-26 | #239, 2001-12-27 | #240, 2001-12-28


ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակն անցնում էՙ լավ թե վատ. մենք ուղեկիցն ենք նրա, դուրս ենք նրանից կամ նրա մեջ ենք, միեւնույն է, տերը չենք ժամանակի: Նոր թվականներն այս էլ որերորդ անգամ հերթագայում են միմյանց, իսկ մենք ամեն անգամ Նոր տարվա նախաշեմին հույսեր ու սպասեիքներ ենք ունենում եւ այդպես յուրաքանչյուր անգամ:

Օրերի միապաղաղ գորշությունից, անկախ մեր կամքից ու ցանկությունից, մեզ դուրս են քաշում քաղաքի տոնական հանդերձը, հեռուստատեսային ամանորյա գովազդները, մեծ խանութների, հյուրանոցների, բար-կազինոների զարդարուն շքեղությունը, որ ավելի են ցուցանում իրենց ու իրենց տերերի ճոխությունը, տոնավաճառների խայտաբղետության մեջ խճճված մարդկանց աճապարանքըՙ տոնական խորտկառատ ու ծանրաբեռ սեղանների պարտադրանքով:

Ո՞ւմ կամ ինչի՞ հետ ենք կապում մեր հույսերն ու բաղձանքները, ո՞վ է այն մեզ ուղարկում եւ ինչո՞ւ մեր երազածը չենք ստանում. ինչ-որ բան թերի է մնում, այնուամենայնիվ. Ու շարունակում ենք աշխարհի անարդարության մասին մեր տրտունջ-բողոքներըՙ մոռանալով հին ու իմաստուն խոսքըՙ «ինչ ցանեսՙ այն էլ կհնձես»:

Գիշերային Երեւանը հրապուրիչ է փայլփլուն, մանրիկ, գույնզգույն լույսերի շուրջպարով: Իսկ ցերեկը տոնական գնումների տենդով համակված մտազբաղ մարդկանց եռուզեռ է: Փողոցներում շարված հազարավոր եղեւնիներ սպասում են իրենց նոր տերերին, եղեւնիների անտառն ասես տեղափոխվել է մայրաքաղաք: Սիրտս ցավում է մեկ-երկու օրվա համար այս կանաչ ջարդը տեսնելիս ու մեկ էլ վախենում եմ Նոր տարվա օրերին մեր քաղաքում սովորություն դարձած պայթուցիկներից, որ անակնկալ ոտքերիդ տակ են ընկնում ու լեղաճաք անում: Ինչ-որ ժամանակ մի նախարար արգելեց դրանց վաճառքը, բայց պայթուցիկները նորից հայտնվել են, այնպես որ, փողոցային անակնկալներին պետք է պատրաստ լինենք:

Ամեն անգամ ձմռան այս օրերին զարդարուն տոնածառներ տեսնելիս հիշում եմ Անդերսենի փոքրիկ աղջկան, նրա սառած մատներն ու լուցկիները: Հիմա էլ փողոցներում սառած մատներով ինչ-որ բան վաճառող փոքրիկ աղջիկներ կան, եւ մեծ լուսավոր տներում տաք բուխարիկներ.

Իսկ հայերը հնում ժամանակը հաշվել սկսել են Ամանորի առաջին օրից: Այդ սկիզբը ամենավաղ ժամանակներում եղել է Արեգ ամսվա Արեգ օրը, մարտի 21-ը, որ բնության վերազարթոնքն էր խորհրդանշում: Ժամանակների մեջ Ամանորը տեղաշարժվեց: Ավելի ուշ հայերը Նոր տարին սկսեցին նշել օգոստոսի 11-ինՙ Նավասարդ ամսվա Արեգ օրը, որ ազատություն էր խորհրդանշում, երբ Հայկ նահապետը պարտության մատնելով բռնակալ Բելինՙ ազատասիրության ոգի ներշնչեց իր զարմորդիներին եւ մեզՙ իր հետնորդներին:

Մեծ շուքով եւ ցնծություններով նշվող այս տոնակատարություններին մասնակցում էին ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգեւորականությունը: Կազմակերպվում էին մասսայական խաղեր, ձիարշավներ, թատերական խաղեր, սուսերամարտեր, որսորդական զվարճություններ, գուշակություններ: Հավաքվում էին Տարոն եւ Բագրեւանդ գավառների սահմանագլխին, սրբազան Արածանի գետի եւ Նպատ լեռան շուրջը եւ նրա ստորոտին գտնվող Բագավանի տաճարում եւ ցնծագին տոնումՙ նվիրատվություն ու զոհեր մատուցելով Նոյին, Արամազդին, Անահիտ դիցուհուն: Հետագայում հայոց մեջ Նոր տարին անընդհատ տեղաշարժվել է: Այլազգի զորեղների պարտադրանքով հայերը հաճախ Ամանորը նշել են իշխողների տոմարով: Տարվա սկիզբ ընդունվում էր օգոստոսի 11-ը, երբեմն մարտի 21-ը: 1759 թ. Սիմեոն Երեւանցի կաթողիկոսն իր կազմած օրացույցում տարվա սկիզբ համարել է հունվարի 6-ըՙ Քրիստոսի ծննդյան օրը: 1920-ին Հայաստանում պաշտոնապես ընդունվել է Գրիգորյան տոմարը եւ որպես տարեսկիզբՙ հունվարի 1-ը: Հայերը Նոր տարին անվանել են տարբեր կերպՙ Ամանոր, Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե: Տոնածառի եւ Ձմեռ պապի խորհրդանիշները միշտ էլ բնորոշ են եղել այս տոնին: Հայաստանում դեռ վաղ ժամանակներից եղել են դիմակահանդեսային զվարճանքների, նվեր բաժանելու սովորույթը: Իսկ տոնածառը զարդարում էին Նոր տարվա նախօրեի գիշերը. դեռեւս հեթանոսական ժամանակներից ծառը համարվել է ընտանիքի, հավերժության խորհրդանիշ:

Քրիստոնյա երկրներում ամանորյա տոնածառը մի փոքրիկ հուշ է այն նվիրական ծառի, որ կորցրեց մարդկությունը Եդեմական պարտեզում: Ադամը հասու չեղավ Կենաց ծառի պտուղը ճաշակելուն, քանի որ կնոջ խորհրդով խոտորվեց դեպի իմաստնությունը: Ու այդպես էլ Կենաց ծառը մնաց մարդու համար անմատչելի երազանք: Ծննդյան օրերին, բացվող Նոր տարվա հետ մենք ցանկանում ենք վերագտնել մեր կորցրած Կենաց ծառն ու անտառից եղեւնիներ ենք տեղափոխում մեր տները: Խորհրդավորաբար ծննդյան օրվա ծառը կապվում է Կենաց ծառիՙ Հիսուս Քրիստոսի հետ: Զարդարելով տոնածառըՙ յուրաքանչյուրս մեր ընծան ենք մատուցում Կենդանի ծառինՙ ինչպես հեռավոր երկրներից մոգերն իրենց ընծաները բերեցին Հիսուսին:

Մխիթարվենք, որ եղեւնիները պիտի զարդարեն ամանորյա մեր տոնական մթնոլորտըՙ հոգեւոր խորհրդով նաեւ.

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4