«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2001-12-26 | #239, 2001-12-27 | #240, 2001-12-28


ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Ֆուտբոլային արձակուրդներն ավարտվում են: Բարձրագույն խմբի շատ թիմեր այս օրերին արդեն սկսել են նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Դատելով առաջատար թիմերի նախապատրաստական փուլի համար կազմած ծրագրերից, այն լուրջ խնդիրներից, որ նպատակադրվել են ակումբները լուծել գալիք առաջնությունում, նոր մրցաշրջանը խոստանում է բավական հետաքրքիր լինել:

«Ազգը» ֆուտբոլասերներին տեղեկացրել է բարձրագույն խմբի մի քանի թիմերի ծրագրերի մասին: Այս օրերին երկրի չեմպիոն «Փյունիկը» Ծաղկաձորում ուսումնամարզական առաջին հավաքն է անցկացնում, որի հիմնական նպատակը ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների բարելավումն է, ֆունկցիոնալ պատրաստության բարձրացումը: Գալիք մրցաշրջանը ՀՀ քառակի չեմպիոնի համար շատ բարդ ու պատասխանատու տարի է լինելու: Ակումբի հիմնադիր եւ հովանավոր Ռուբեն Հայրապետյանը թիմի ղեկավարության հետ ջանում են ստեղծել իրոք մարտունակ, ուժեղ, պրոֆեսիոնալ մի ակումբ, որն ունակ լինի հաջող մրցելույթներ ունենալ եվրոպական մրցասպարեզներում: Դա է պատճառը, որ նախապատրաստական շրջանում ակումբի ղեկավարությունն իր առջեւ խնդիր է դրել ուժեղացնել «Փյունիկի» կազմն ի հաշիվ լեգեոներների: Բացառված չէ, որ արդեն ուսումնամարզական 2-րդ հավաքին, որը սկսվելու է հունվարի 4-ից Սոչիում, թիմում ներգրավվեն մի խումբ լեգեոներներ: Իսկ հունվարի 19-ից «Փյունիկը» մեր թիմերից առաջինը կմտնի մրցասպարեզՙ Մոսկվայում մասնակցելով ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությանը:

Գործնական լուրջ քայլեր է կատարում նաեւ Աշտարակի «Միկայի» հովանավոր եւ հիմնադիր Միքայել Բաղդասարովը: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է ռուսաստանցի մարզիչ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող եւ երկրորդ մարզիչ Վալերի Գլադիլինը: Ակումբի նախագահի պաշտոնում արդեն պաշտոնապես հաստատվել է Արտակ Մնացականյանը, որը մինչ այդ գլխավորում էր «Զվարթնոց» ակումբը: Լուրջ փոփոխության կենթարկվի նաեւ թիմի կազմը: Ըստ Միքայել Բաղդասարովի, Ռուսաստանից հրավիրվել են 7 ֆուտբոլիստներ, որոնցից 5-ը մինչեւ 20 տարեկան երիտասարդներ են: Առաջիկա հավաքը, որը կսկսվի Մոսկվայում հունվարի սկզբին, ցույց կտա, թե ֆուտբոլիստներից ովքեր կմնան թիմի կազմում: «Միկայի» ղեկավարությունն էլ գալիք մրցաշրջանում մտադիր է լրջորեն զբաղվել համալրման հարցովՙ թիմի առջեւ խնդիր դնելով պայքարել մրցանակային տեղերի համար:

Գյումրիի «Շիրակն» էլ արձակուրդից հետո արդեն վերսկսել է մարզումները: Ինչպես միշտ, գյումրեցիները պարապմունքներն անց են կացնում հարազատ քաղաքումՙ ապավինելով սեփական ուժերին: Բարեբախտաբար, «Արարատում» մրցաշրջանի ընթացքում ծագած կոնֆլիկտը հարթվել է, եւ այժմ թիմը սկսել է նորմալ հունով նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Ճիշտ է, որոշ ֆուտբոլիստներ այժմ հանդես են գալիս Իրանում, սակայն մրցաշրջանի շեմին կմիանան հարազատ կոլեկտիվին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4