«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2001-12-26 | #239, 2001-12-27 | #240, 2001-12-28


«ԴԻՆԱՄՈՆ» ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ԲԵՐԵԶՈՎՍԿԻՈՎ

ՀՀ հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի երկարաձգել պայմանագիրը Մոսկվայի «Տորպեդոյի» հետ եւ այժմ նոր թիմ է փնտրում: Տեղեկություններ կան, որ նրանով հետաքրքրվում է Մոսկվայի «Դինամոն»: Վերջինիս ղեկավարությունը դժգոհ լինելով թիմի դարպասապահներ, Բելառուսի հավաքականի դարպասապահ Վասիլի Խոմուտովսկու եւ Դմիտրի Կրամարենկոյի ելույթից, նրանց տրանսֆերի է հանել: Բացառված չէ, որ Բերեզովսկու մրցակիցը թափուր տեղի համար լինի Կիեւի «Դինամոյի» ներկայիս դարպասապահ Ալեքսանդր Ֆիլիմոնովը: Ակումբի փոխնախագահ Իգոր Սուրկիսը հաստատել է, որ Ֆիլիմոնովի տեղափոխման վերաբերյալ բանակցություններ են ընթանում Մոսկվայի «Դինամոյի» ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ Ֆիլիմոնովը ժամանակին Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հիմնական դարպասապահն էր: Սակայն 1999 թ. հոկտեմբերի 9-ին ուկրաինացիների հետ խաղի վերջին րոպեին թույլ տված կոպիտ սխալը, որի հետեւանքով ռուսները զրկվեցին Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց, ճակատագրական եղավ Ֆիլիմոնովի համար: 28-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում կորցրեց իր տեղը «Սպարտակի» հիմնական կազմում եւ տեղափոխվեց Կիեւի «Դինամո», երբ Ալեքսանդր Շովկովսկին վնասվածք էր ստացել: Սակայն «Դինամոյում» էլ Ֆիլիմոնովի գործերը հաջող չընթացան: Նրան այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել թիմի հիմնական կազմում: Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Բոավիշտայի» ու «Լիվերպուլի» հետ հանդիպումներում Ֆիլիմոնովն անհաջող խաղաց եւ հայտնվեց պահեստայինների նստարանին:

Ինչ վերաբերում է Բերեզովսկուն, ապա նրա համար էլ մրցաշրջանը չի կարելի հաջող համարել: Իհարկե, եղան հաջողված ելույթներ, սակայն միշտ չէր, որ Բերեզովսկուն վստահում էին դարպասի պաշտպանությունը: Անշուշտ, Հայաստան-Ուկրաինա խաղից հետո Բերեզովսկու հասցեին ուղղված մեղադրանքները չէին կարող հոգեբանորեն չազդել նրա վրա եւ չանդրադառնալ դարպասապահի ելույթների վրա: Հուսանք, որ Ռոմանն իրեն արժանի թիմ կգտնի եւ գալիք մրցաշրջանում կրկին վստահություն ձեռք կբերի, ինչը շատ կարեւոր է ՀՀ հավաքականի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4