«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2001-12-26 | #239, 2001-12-27 | #240, 2001-12-28


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Թող մրցաշրջան-2002-ը նորանոր նվաճումներ բերի

Եվս մի քանի օր, եւ պատմության գիրկը կանցնի մրցաշրջան-2001-ը, որը հարուստ էր տարբեր մարզաձեւերից անցկացված աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններով, միջազգային խոշոր մրցաշարերով: Ինչպիսի՞ն էր մրցաշրջանը հայկական սպորտի, հայ մարզիկների համար: Այն ուրախության քիչ պահեր չպարգեւեց հայ մարզասերներին: Եղան ակնառու նվաճումներ, եղան նաեւ առանձին ձախողումներ:

Ավարտվող տարին հատկապես բերքառատ էր հայ ծանրորդների համար, որոնք տարիքային տարբեր կարգերի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճեցին 53 մեդալ: ԵՎ բնավ էլ պատահական չէ, որ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում տեղ զբաղեցրին միանգամից 4 ծանրորդներՙ Արսեն Մելիքյանը, Գագիկ Խաչատրյանը, Հակոբ Փիլոսյանն ու Հովհաննես Ամրեյանը: Վերջին տարիներին հայ ծանրորդներն իրենց ծանրակշիռ հաղթանակներով ապացուցում են, որ շարունակվում են հայկական ծանրամարտի լավագույն ավանդույթները, հուսալի հերթափոխ է աճում: Տարեվերջին մարզասերներին ուրախացրին հունահռոմեական ոճի ըմբիշներըՙ վստահ ելույթներ ունենալով Հունաստանում անցկացված աշխարհի առաջնությունում: Հատկապես գերազանց հանդես եկավ Վաղինակ Գալստյանըՙ հռչակվելով աշխարհի չեմպիոն, իսկ Կարեն Մնացականյանը դարձավ արծաթե մրցանակակիր: Վաղինակն օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած Հայաստանի միակ մարզիկն է եւ պատահական չէ, որ հենց նրան էլ լրագրողները ճանաչեցին Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկ: Եվրոպայի առաջնությունում էլ Մովսես Կարապետյանն արժանացավ բրոնզե մեդալի: Ցավոք, անհաջող էր մրցաշրջանը մեր ազատ ոճային ըմբիշների համար: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նրանց ավարը շատ համեստ էր. մեկ բրոնզե մեդալ, որին տիրացավ Արմեն Մկրտչյանը: Էլ ավելի վատ հանդես եկան բռնցքամարտիկները, որոնք տուն վերադարձան ձեռնունայն:

Մրցաշրջանը կարելի է հաջող համարել նաեւ մեր սամբիստների եւ ձյուդոյիստների համար: Կրկին իր բարձրության վրա գտնվեց Քրիստինե Նաջարյանը, որը դարձավ սամբոյի Եվրոպայի չեմպիոնուհի, իսկ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, ինչը հայկական ձյուդոյի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Հայ կարատեիստներն էլ վերջին տարիների նման միջազգային խոշորագույն մրցումներից տուն վերադարձան մեդալների հարուստ ավարով: Ցավոք, համընդհանուր ուշադրության կենտրոնում գտնվող թիվ 1 մարզաձեւումՙ ֆուտբոլում կրկին ոչ մի առաջընթաց տեղի չունեցավ: Ֆուտբոլի ազգային հավաքականն անշուք ելույթներ ունեցավ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարումՙ հանգրվանելով աղյուսակի վերջին հորիզոնականում: Փոխարենը հիացրեց մեր երիտասարդական հավաքականը, որը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում համոզիչ հաղթանակներ տոնեց ուժեղ մրցակիցների նկատմամբ: Կրկին հիասթափեցրին մեր ակումբային թիմերը, որոնք դժգույն խաղ ցուցադրեցին եվրագավաթների մրցաշարերումՙ առաջին իսկ փուլից դուրս մնալով հետագա պայքարից:

Հայ մարզասերները, հատկապես երեւանցիները, մրցաշրջան-2001-ում հնարավորություն ունեցան անձամբ ներկա գտնվելու խոշորագույն երեք ստուգատեսներին: Օգոստոսին Երեւանում անցկացված Համահայկական 2-րդ խաղերը վերածվեցին իսկական մարզամշակութային տոնակատարության, նպաստեցին հայրենիք-սփյուռք կապերի հետագա սերտացմանն ու զարգացմանը: Դրա հետ մեկտեղ մի շարք մարզաձեւերում նաեւ մեր սփյուռքի հայրենակիցները դրսեւորեցին բարձր վարպետություն:

Վերջին տարիների նման, այս անգամ էլ Երեւանը դարձավ շախմատային ճակատամարտերի թատերաբեմ: Շախմատի աշխարհի թիմային 5-րդ առաջնությունում վստահ հանդես եկավ Հայաստանի հավաքականըՙ դառնալով բրոնզե մրցանակակիր: Մեր թիմում հատկապես փայլեց գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որն առաջին խաղատախտակի վրա ցույց տալով լավագույն արդյունքը, արժանացավ ոսկե մեդալի: 30-ամյա շախմատիստի համար ընթացիկ մրցաշրջանն, իրոք, հաջող էր: Միայն 5 միջազգային մրցաշարերում Հակոբյանը դարձել է հաղթող: Հայ շախմատիստները վատ հանդես չեկան նաեւ դեկտեմբերին Մոսկվայում անցկացված շախմատի աշխարհի անհատական առաջնությունումՙ հաղթահարելով մի քանի փուլ: Այստեղ առանձնապես հաջող էր Աշոտ Անաստասյանի ելույթը:

Մարզահամերգային համալիրում անցկացված ուշուի աշխարհի 6-րդ առաջնությունում էլ հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ: Նրանցից հատկապես դրվատանքի է արժանի Քաջիկ Դալյանը, որը դարձավ հաղթող:

Մեր մյուս մարզաձեւերի ներկայացուցիչների ելույթներն առավել քան համեստ էին: Նրանց կարելի է հիշեցնել օլիմպիական սկզբունքըՙ կարեւորը մասնակցելն է: Հուսանք, որ հաջորդ տարի նրանք էլ իրենց մասին մեզ կստիպեն հիացմունքով խոսել: Եվ ընդհանրապես, թող մրցաշրջան-2002-ը հայ մարզիկների համար նորանոր նվաճումների, ծանրակշիռ հաղթանակների տարի դառնա: «Ազգի» մարզական բաժինը շնորհավորում է մարզիկներին, մարզաշխարհի մարդկանց, մարզասերներին գալիք նոր տարվա կապակցությամբ եւ մաղթում նրանց ամենայն բարիք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4