Քաղաքագետ Ա. Կարախանյանը չի բացառում մեր տարածաշրջանում ուժերի վերադասավորման հնարավորությունը
«Վաշինգտոնի քաղաքականությունը հստակորեն ուղղված է մեր տարածաշրջանի երկրներում առանձին-առանձին եւ տարածաշրջանում ընդհանուր առմամբ քաղաքական, տնտեսական գործընթացների վրա իր ազդեցության տարածմանը եւ կարող է բերել աշխարհաքաղաքական փոփոխությունների Մեծ Կովկասում: Այնպես որ, այսօր կարելի է խոսել Հարավային Կովկասում ուժերի դասավորության բացահայտ փոփոխությունների մասին, հատկապես արածաշրջանում շահեր ունեցող երկրների վերակողմնորոշման առումով»: Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի տնօրեն Աղավնի Կարախանյանն «Ազգին» մեկնաբանում է մեր տարածաշրջանումՙ մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում Արեւմուտքիՙ հատկապես ԱՄՆ դիրքորոշումների փոփոխության շուրջ իր տեսակետը:
- Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո աշխարհում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունները, ռուս-ամերիկյան հարաբերությունների «ջերմացումը» եւ վերջապես ԱՄՆ նախագահիՙ վերջերս արած հայտարարությունը Հակաօդային պաշտպանության մասին պայմանագրից միակողմանի կարգով իր երկրի դուրս գալու վերաբերյալ, անշուշտ փոփոխություններ բերեցին Մ. Նահանգների կովկասյան քաղաքականության մեջՙ մասնավորապես ԼՂ խնդրում:
- Այդ փոփոխությունների համատեքստում ինչպե՞ս եք տեսնում 907 ուղղման վերացումը:
- Մի կողմից, այս ուղղման վերացման շուրջ ծավալված բանավեճերը ցույց տվեցին, որ բոլոր քաղաքական խնդիրներն, այդ թվում նաեւ հակամարտությունները հետխորհրդային տարածաշրջանում, որպես կանոն, դիտարկվում են ոչ թե ուղղակիորեն, այլ ԱՄՆ-Ռուսաստան հակադրության միջով: Եվ Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից դիտվում է որպես հակազդող կողմ, գլխավոր աշխարհաքաղաքական մրցակից, որից պիտի զգուշանալ, որին պիտի սահմանափակել, նեղելՙ դրա համար օգտագործելով ճնշման բոլոր հնարավոր լծակներնՙ այդ թվում առաջին հայացքից հայկական երեւացողՙ 907 ուղղման վերացման խնդիրը: Մյուս կողմից, այդ ուղղման ընդունման, այնուհետեւ գործածությունից դուրս բերելու փաստերը վեր հանեցին, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությանՙ Հայաստանին վերաբերող շատ սկզբունքներ պայմանավորված են ԼՂ խնդրում Վաշինգտոնի դիրքորոշմամբ: Ի վերջո, 907 ուղղման էությունը հանգում է ԼՂ հակամարտության ծագմանն ու զարգացմանը: Քանի որ, ինչպես եւ իր հարցազրույցներից մեկում նշել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, «907-ի անհրաժեշտությունը կվերանա հակամարտության խաղաղ կարգավորումից հետո»:
907-ի վերացումը կարող է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին որպես հատուցում դիտվել հնարավոր զիջման դիմաց: Քանի որ, ի վերջո, չնայած իրականացված լոբբինգին, ուղղման վերացումը չի բխում ամերիկյան բիզնեսի շահերից: Եթե Ադրբեջանը ստանա մեծ ներդնողներին ինքնուրույն երկիր բերելու իրավունք, կսկսի իրագործել առավել անկախ քաղաքականություն ամերիկյան նավթագազային ընկերությունների հանդեպ: Բացի այդ, հայտնի ուղղման վերացման դեպքում ակնկալվող դրամական հոսքը Ադրբեջան, ԱՄՆ բացահայտ աջակցությունը նրանՙ արեւմտյան մյուս տերությունների եւ Ռուսաստանի հետ միասին, կարող է բերել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում ձեւավորված հավասարակշռության խախտման:
- Նշանակո՞ւմ է սա, որ 907-ի վերացումը կարող է բերել Հայաստան-Ադրբեջան հավասարակշռության որակապես նոր վիճակ:
- Չնայած վերը բերված փաստարկներին, այնուամենայնիվ, չեմ կարծում: Քանի որ այսօր կարելի է պնդել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն այս պահին կորցրել են իրենց արդիականությունն ամերիկյան քաղաքականության համար մեր տարածաշրջանում: Եվ առաջին պլան է մղվում հայ-թուրքական փոխգործակցությունը: ԱՄՆ-ը Հայաստանին եւ Թուրքիային համառորեն դրդում է մերձեցմանՙ Անկարայով միջնորդավորված իր ազդեցությունը տարածաշրջանում ուժեղացնելու նկատառումով: ԱՄՆ-ը Հայաստան-Թուրքիա մերձեցմամբ կամենում է նաեւ մեր երկիրը հնարավորինս մեկուսացնել Իրանից: Վերադառնալով Հարավային Կովկասՙ ԱՄՆ-ի այժմյան վարչակազմի համար Կասպիականն ու Կովկասն առհասարակ ավելի նվազ նշանակություն ունեն, քանՙ նախորդ իշխանությունների: Դեռեւս նախընտրական շրջանում Ջորջ Բուշ կրտսերը հայտարարեց, թե համաշխարհային շուկաներ կասպյան նավթը հասցնելու ամենաէժան ճանապարհներն անցնում են Ռուսաստանով եւ Իրանով: Այդպիսով, կարծես թե ընդգծվեց, որ կասպյան խնդրում Բուշի վարչակազմն ուղղորդվելու է առավելապես տնտեսական եւ ոչ քաղաքական շահերով: Ի տարբերություն, փաստորեն, նախորդող դեմոկրատների, որոնց համար Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումը քաղաքական ծրագիր էրՙ ուղղված Ռուսաստանից եւ Իրանից անդրկովկասյան երկրների կախվածության թուլացմանը:
- Այս ամենն ի մի բերելով կարո՞ղ եք ամփոփել տարածաշրջանում Հայաստանի զբաղեցնելիք դիրքի հնարավոր հեռանկարները:
- Աշխարհաքաղաքական նոր դասավորվածությունն այսօր մեր տարածաշրջանում անխուսափելի լինելովՙ կախված կլինի, ինչպես միշտ, մի շարք համակարգային խնդիրներից. Հայաստանիՙ արտաքին քաղաքական գործընկերների ընտրությունից, տարածաշրջանում ստեղծված իրավիճակիՙ ԱՄՆ ազդեցությամբ փոփոխություններից, Ռուսաստանի ճկունությունիցՙ իր շահերի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշակի հավասարակշռություն պահպանելու առումով, Երեւանի հետ ուղղակի երկխոսություն սկսելու Թուրքիայի պատրաստակամությունից, այնուհետեւ հարաբերությունների կարգավորումից:
Բայց այսօր արդեն կարելի է նշել, որ Հայաստանը մեծացնում է իր կշիռը տարածաշրջանում միայն մեկՙ նավթային խաղաքարտ բանեցնող Ադրբեջանի եւ փաստացիորեն մասնատված Վրաստանի ֆոնի վրա: Այնպես որ, Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում Վաշինգտոնի աշխարհաքաղաքական խաղի կարեւոր ֆիգուր:
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ