«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը սահուն անցում կատարեց 2001 թ.-ից 2002-ը: Երեկ տեղի ունեցավ այս տարվա առաջին նիստը: Թեպետ, պիտի նշենք, այնպիսի տպավորություն էր, ասես ո՚չ Ամանոր է եղել, ո՚չ էլ տոնական օրեր. Կարեն Հունանյանը դատարանի դահլիճում վերստին մեռյալ մթնոլորտ էր ստեղծել իրեն ուղղված հարցերին չպատասխանելով: Այնինչ հարցերը բավականին հետաքրքրական էին: Փաստաբան Աշոտ Սարգսյանն ամբաստանյալին հարցեր էր ուղղում գործի նյութերում հայտնաբերված հակասությունների վերաբերյալ: Սակայն ամբաստանյալը հարկ չէր համարում որեւէ կերպ պարզաբանել իր ցուցմունքներում տեղ գտած հակասությունները: Նա տեղի-անտեղի առարկում էր փաստաբանի հարցերին պատճառաբանելով, թե դրանք չեն առնչվում գործի նյութերին: Թվարկենք այդ «չառնչվող» հարցերից մի քանիսը: Եվպատորիայից վերադառնալուց հետո ամբաստանյալը Երեւանում ինչպե՞ս է անցկացրել ազատ ժամանակը. իր հաղորդած տեղեկություններովՙ այդ ժամանակն անցկացրել է հիմնականում ընկերների հետ, որոշակի ոչնչով չի զբաղվել, հիշատակության արժանի ոչինչ չի արել: Սակայն փաստաբանը հիմք ուներ հարցնելուՙ զենքի հետ գործ ունեցե՞լ է այդ ընթացքում, պարբերաբար կրակել ու վարժվե՞լ է:
Կամՙ Կ. Հունանյանի մեկ այլ ցուցմունքի համաձայն, իր եւ Նաիրիի միջեւ խոսակցություն է տեղի ունեցել, եւ այդ ընթացքում միտք է հնչել, թե վարչապետին եւ ԱԺ նախագահին պետք է նախ պարտադրել, որ հրաժարական տան, իսկ սպանելը թողնել որպես վերջին տարբերակՙ եթե հրաժարականի տարբերակին չհամաձայնեն: Ամբաստանյալն առարկեց հարցի դեմ: Այնուհետեւ փաստաբանը վկայակոչեց նրա մեկ այլ ցուցմունքը, որը տեղեկություն է հաղորդում Դերենիկ Բեջանյանի ու Կարեն Հունանյանի մի խոսակցությունից: Դերենիկը կրտսեր Հունանյանին պատմում է Նաիրիի եւ Ալիկ Հարությունյանի համաձայնության մասին, ըստ որիՙ ահաբեկչությունից անմիջապես հետո Ա. Հարությունյանը պիտի ուղիղ եթեր տրամադրեր ահաբեկիչներին: Մեկ այլ ցուցմունքի համաձայն էլՙ Ա. Հարությունյանին այդ ամենն անհրաժեշտ էր, որպեսզի իր իշխանության գալու հարցը լուծի, քանզի «գործադիր իշխանության փոփոխություն պիտի տեղի ունենար»: Ամբաստանյալն այս հարցերին եւս չպատասխանեց, թեպետ 2000-ի ապրիլին հայտարարել էր, թե իր ցուցմունքներում ոչինչ չի թաքցրել, եւ դրանք համապատասխանում են իրականությանը:
Ա. ԲԱԲԱՅԱՆ