«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2001-12-27 | #240, 2001-12-28 | #1, 2002-01-08


ՆՈՐ, ՇՔԵՂ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Երեկ մայրաքաղաքում բացվեց եւս մեկ հյուրանոց, որը, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցած հյուրերի կարծիքով, ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Արարատ» կոչվող հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնական հատվածում, Ֆրանսիայի դեսպանատան եւ «Եվրամոթոր Արմենիայի» հարեւանությամբ: Ընդհանուր տարածքը կազմում է 6,5 հազ. քմ: Հյուրանոցի մասնաշենքի 4 հարկերում գտնվում են 50 մեկ եւ երկու տեղանոց համարները, որոնց մեկ օրվա արժեքը կազմում է 120-150 դոլար: Բնականաբար, 2 լյուքս եւ 2 նախագահական համարներն ավելի թանկ արժեն:

Հյուրանոցը պատկանում է Հայրապետյանների ընտանիքին: Շինարարությունն իրականացրել է նույնպես այս ընտանիքին պատկանող «Էրեբունի» ընկերությունը: Վերջինիս փոխնախագահ Հովիկ Հայրապետյանը նշեց, որ «Արարատում» աշխատում է 100 մարդ, եւ առաջին հյուրերը սպասվում են Ֆրանսիայից: Նա նաեւ տեղեկացրեց, որ հյուրանոցի մենեջերը լիբանանցի է: Նա աշխատել է Լիբանանի եւ Ֆրանսիայի լավագույն հյուրանոցներում, 4 ամիս մենեջմենթի դասընթացներ է անցկացրել հյուրանոցի աշխատակիցների հետ:

Այն հարցին, թե շատ չե՞ն հյուրանոցները Երեւանում, Հովիկ Հայրապետյանը պատասխանեց, որ մայրաքաղաքի 14 հյուրանոցներից 10-ը ոչ թե հյուրանոցներ են, այլ քանդված շինություններ, որոնք լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ունեն: Նա հրաժարվեց նշել, թե որ հյուրանոցները նկատի ունի, ինչպես նաեւ հրաժարվեց հայտնել ներդրված գումարի չափը:

«Արարատ» հյուրանոցի բացմանը ներկա էին հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, քաղաքական գործիչներ եւ գործարարներ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ հակիրճ իր կարծիքը հայտնեց նորակառույց հյուրանոցի մասին, նշելով, որ շատ ճաշակով է կառուցված եւ այժմ հիմնական խնդիրը պետք է լինի տուրիզմի զարգացումը, որպեսզի նմանատիպ հյուրանոցները հաջող գործունեություն ծավալեն:

Ի տարբերություն նախագահի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանն ավելի հանգամանալից ներկայացրեց իր կարծիքը որպես բազմաթիվ հյուրանոցներ տեսած մարդ: Արմեն Խաչատրյանն իր ուրախությունն ու հպարտությունը հայտնեց, որ «մեր քաղաքում նման հյուրանոց ունենք», ասելով, որ Հայաստան ժամանած հյուրերը «Արարատ» հյուրանոցում կարող են իրենց զգալ ինչպես եվրոպական լավագույն հյուրանոցներում: ԱԺ նախագահի կարծիքով, սա լիիրավ 4 աստղանի հյուրանոց կարելի է համարել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4