«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2001-12-27 | #240, 2001-12-28 | #1, 2002-01-08


ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԸՆԴՈՒՆԱԾ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

ԱՆԿԱՐԱ, 7 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւանքով թուրք-ֆրանսիական լարված հարաբերություններում կրկին նախադրյալներ են ստեղծվում հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում սառեցված ծրագրերը վերանայելու համար:

Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ուղուր Զիյալի կողմից անցած ամիս Ֆրանսիա կատարած այցելությունից հետո համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի մերձափնյա ռազմածովային ուժերի մի շարք ծրագրերի իրականացումը հանձնել ֆրանսիական ընկերությունների: Թուրքական «Ռադիկալ» թերթն այս կապակցությամբ գրում է, որ ամբողջ մեկ տարի շարունակ ֆրանս-թուրքական լարված հարաբերությունների հետեւանքով թուրքական ռազմական մի շարք ծրագրեր լրջորեն տուժել են: Թերթը հաղորդում է, որ 2001 թ-ի հունվարին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժանաչումից հետո Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, Ֆրանսիայի հետ հետագա հարաբերությունների հարցը մանրամասն քննարկելուց հետո, որոշում էր կայացրել ընդհատել մի շարք ռազմական պատվերներ, այդ թվումՙ ռազմական արբանյակի, ինչպես նաեւ F-16 կործանիչների որոշ էլեկտրոնային համակարգերի պատվերներ: «Ռադիկալը» նշում է, որ չնայած հետ կանչվեց Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Սյոնմեզ Քյոքսալը, սակայն ընդամենը 3 ամիս անց նրա վերադարձն իր պաշտոնին երկու երկրների միջեւ առանձնահատուկ հարաբերությունների վառ ապացույցն է:

Քյոքսալի վերադարձով լարված հարաբերություններին նոր շունչ հաղորդելու փորձը հաջողությամբ պսակվեց հատկապես դեկտեմբերին Ուղուր Զիյալի կատարած այցելությունից հետո, ինչը, «Ռադիկալի» բնորոշմամբ, ազդանշան է «վերադարձ հին օրերին» կարգախոսի կիրառման համար: Դրա տակ պետք է հասկանալ մասնավորապես թուրքական 9 ռազմածովային հսկող ինքնաթիռների 350 միլիոն դոլար արժեքով վերազինումը, ինչը իրականացվելու է ֆրանսիական Thales ընկերության կողմից: Մի այլ խոշոր ծրագիր նախատեսում է ֆրանսիական Alcatel հեռախոսակապով զբաղվող ընկերության կողմից թուրքական հեռախոսակապում ավելի քան 161 միլիոն եվրոյի ներդրում: Ֆրանսիացիները ընդհանուր առմամբ հավակնում են շուրջ 5 միլիարդ դոլարի թուրքական ռազմական պատվերների, որոնց մեջ նշված ծրագրերից բացի նախատեսվում է նոր սերնդի տանկերի, հակատանկային Eryx համակարգի, ինչպես նաեւ ուղղաթիռների վերազինման այլ ծրագրեր:

Սակայն, մինչեւ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից անցած տարվա սկզբին դրված տնտեսական էմբարգոները չվերացվեն, համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում կմնա միայն թղթի վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4