«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2001-12-27 | #240, 2001-12-28 | #1, 2002-01-08


ՔՐԵԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Մոսկովյան թերթերից մեկը նորերս ուշագրավ նյութ էր հրապարակել Մոսկվայում գործող էթնիկական հանցախմբերի մասին: Նշված էին խմբավորումների անվանումը, ստեղծման տարեթիվը, թվաքանակը, մասնագիտացումը, ազդեցության տարածքը, հիմնադիրը (լիդերը), յուրահատկությունը եւ, որ խիստ նոր երեւույթ է, նրանց քաղաքական ազդեցությունը:

Անդրկովկասյան խմբավորումները ծնունդ են առել 70-ական թվականներին եւ, պետք է ասել, «ծանրակշիռ» ավանդ են ներդնում Ռուսաստանի մայրաքաղաքի քրեական կյանքի «զարգացման» գործում: Ադրբեջանցիների թիվը հասնում է 700-ի (ամենաշատն են), հայերինըՙ 500-ի (զիջում են միայն ադրբեջանցիներին եւ չեչեններին), վրացիներինըՙ 200-ի:

Երեւի «Ազգ»ի ընթերցողներին առաջին հերթին հետաքրքրեն հայերի վերաբերյալ տվյալները: Մեր քաջարի հայրենակիցները «սիրում են» թմրանյութերի ապօրինի վաճառքը, ավտոբիզնեսը, վերահսկում են բանկեր, հյուրանոցներ, շուկաներ եւ այլն: Պարագլուխն է օրենքով գող Միխայիլ Բաղդասարյանը: Հատուկ ընդգծված է, որ քրեական հայ լիդերները բարեկամական կապերի մեջ են քաղաքի ավտոսալոնների մեծ մասի տերերի հետ:

Այդուհանդերձ, ամենահետաքրքրականն այս հրապարակման մեջ, ինչպես ասվեց, իրոք, նոր երեւույթն էՙ քաղաքական ազդեցությունը: Ադրբեջանցիներինը հավասարեցված է... զրոյի: Վրացիները կապեր ունեն Պետդումայում: Իսկ ահա հայ քրեականները...

Պարզվում է, որ բոլոր հանցախմբերի մեջ հայկականն ամենահայրենասերն է: Եթե, օրինակ, չեչենները, Սոլնցեւոյի բանդիտները կապեր են հաստատել տեղի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, ապա հայրենի լիդերները հարաբերություններ են պահպանում... Հայաստանի քաղաքագետների հետ: Պատկերացնո՞ւմ եք, միակն են բոլոր ազգային ավազակների մեջ, որ չեն մոռանում իրենց պատմական հայրենիքը եւ նրա քաղաքական կյանքի ակտիվիստներին: Ափսոս, թերթը չի նշում, թե ի՞նչն է նրանց միավորում: Թեեւ դժվար չէ գլխի ընկնել...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4