Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Ազգային վիճակագրական վարչության հրատարակած տարեկան ալմանախում, որը «Ազգ»ին նվիրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, լուսանկարների մի ամբողջ էջ է հատկացված Հայաստանում քրիստոնեությանՙ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ Բրիտանական թանգարանի գրադարանում բացված «Տապանի գանձերը» ցուցահանդեսին: Էջի ձախ կողմում կարմիր ֆոնի վրա գրված է «2001 թվականին նշվեց Հայաստանում քրիստոնեությանՙ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը: «Տապանի գանձերը» խորագրով Բրիտանական գրադարանում բացված այդ ցուցահանդեսը ի մի բերեց հայկական քրիստոնեական արվեստն իր զանազան ցուցանմուշներով, որոնցից շատերն այդ երկրից դուրս մինչ այժմ չէին ցուցադրվել: Հայկական մշակույթն այցելուներին ներկայացվում է նաեւ ցուցահանդեսի հետ կապված մի շարք միջոցառումներով, որոնց թվում են ֆիլմերի ցուցադրումններն ու ձրի դասախոսությունները» գրությանը կից գունավոր տպագրված են երկու ցուցոն Մայր աթոռ Սբ. Էջմիածնից եւ երկու ցուցոնՙ Բրիտանական թանգարանից:
570 էջանոց զեկուցագիրքը բաղկացած է հինգ մասից: Առաջին մասում ներկայացված են Բրիտանիան եւ նրա ժողովուրդը: Երկրորդումՙ կառավարությունն ու երկրի արտաքին քաղաքականությունը: Երրորդումՙ երկրի սոցիալ եւ մշակութային կյանքը, չորրորդումՙ շրջակա միջավայրն ու տրանսպորտը, իսկ հինգերորդումՙ երկրի տնտեսական կյանքը: Գիրքը հարուստ է քարտեզներով եւ գունավոր լուսանկարներով:
Ավելացնենք, որ տվյալ ալմանախը, որ հրատարակվում է արդեն շուրջ 60 տարի, Մեծ Բրիտանիայի վերաբերյալ ամենաարժանահավատ աղբյուրն է, որը լիարժեք տեղեկություն է հաղորդում ինչպես երկրի, այնպես էլ կառավարության գործունեության մասին:
Ավելացնենք նաեւ, որ այդ ցուցահանդեսի օրերին տեղի մամուլը հիացական խոսքերով էր անդրադարձել իրադրությանը, որը մարտից մինչեւ մայիս տեւեց: Մեր պատմության տեղեկություններով հարուստ նյութերից մեկում, օրինակ Մայքլ Չըրչը «Սքոթսման» թերթում «Հայտնություն Բրիտանական թանգարանում» իր հոդվածն ավարտում էր «Գնացեք եւ ապշեք: Սա Բրիտանական գրադարանի առաջին «արշավանքն» է շոուբիզնես եւ «իրոք, ցնցող է» պարբերությամբ:
Հ. Ծ.