ԲԱՔՈՒ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի ժամկետն արդեն որոշված է: Այն նախատեսված է ընթացիկ տարվա հունվարի 22-24-ին: Ներկայումս տասը համաձայնագրերի նախագծերից յոթը, որոնք ստորագրվելու են ՌԴ-ում նախագահի այցի ժամանակ, արդեն նախաստորագրված են: Սպասվում է, որ Հ. Ալիեւի պետական այցի ընթացքում հունվարի վերջին կլուծվի նաեւ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի հետագա ճակատագրի հարցը:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, փոխզիջում է գտնվել բոլոր վիճելի կետերի առնչությամբ: Նախ եւ առաջ, ստույգ սահմանված է, որ ՌՏԿ-ն ոչ մի վնասակար ազդեցություն քաղաքացիների առողջության եւ էկոլոգիայի վրա չի գործում: Երկրորդ, որոշված է կայանի կարգավիճակը (այն ձեւականորեն վարձակալության կհանձնվի ռուսական ՀՕՊ-ին), ինչպես նաեւ այդ վարձակալման ժամկետները: Վարձավճարը կկազմի տարեկան մոտ 2 մլն. դոլար:
Բաքուն պնդել է, որպեսզի համաձայնագրերը ստորագրվեն կարճ ժամանակահատվածներիՙ 3-5 տարվա համար, Մոսկվան պնդում էր 20 տարվա վրա: ՌՏԿ վարձակալության մասին համաձայնագրի վերջնական տեքստի մեջ, ինչպես հաղորդվում է, կմտցվի 10 տարի: Երրորդ, փոխզիջում է գտնվել կայանի անձնակազմի համալրման մեխանիզմի վերաբերյալ: Ադրբեջանցի զինվորականները, ինչպես նախկինում, մուտք չեն ունենա բուն կայան, իսկ տեղի բնակչությունը կկարողանա աշխատել ՌՏԿ-ում միայն որպես քաղաքացիական անձնակազմ: Սակայն իբրեւ, փոխհատուցում Բաքվին, մատչելի կլինի որոշակի տեղեկատվություն, որ կստանա ՌՏԿ-ն: