ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրամանագրով այդ երկրի կառավարական բարձր պարգեւիՙ Ասպետի պատվո շքանշանի է արժանացել փարիզահայ մեր հայրենակից տնտեսագետ Միշել Բազումյանը: Պարգեւը նրան տրվել է տնտեսության զարգացման մեջ ունեցած մեծ ծառայությունների համար:
Միշել Բազումյանը Երեւանի տնտեսական շրջանակներում ծանոթ անձնավորություն է: Ավելի քան տասը տարի առաջ այցելելով Հայաստան, նա այստեղ լծվել է նորանկախ հայրենիքի առաջին ծանր տարիների տնտեսությանը օգտակար լինելու գործին:
Գրեթե տարին մեկ անգամ պարոն Բազումյանը մարկետինգի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել ֆրանսահայ ԺԻԻԱ (Միջմասնագիտական խմբավորում) կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատում կազմակերպված տնտեսագիտության դպրոցում: Ըստ որում, նա այդ բարդ ժամանակներում իր հետ բերել է նաեւ հայ եւ ֆրանսիացի մասնագետներիՙ իր բարեկամներին (Դանիել Երեմյան, Էմանուել Դոլաբար, Քերի Բլոնկար եւ ուրիշներ), դասախոսություններ կարդալու նպատակով: Հիշյալներից առաջինը նաեւ իր անձնական միջոցներով որոշ օգնություն է բերել աղետի գոտում հայտնված գյումրեցի լրագրողներին եւ Լեռնային Ղարաբաղի Թաղավարդ գյուղի մարդկանց:
Միշել Բազումյանն ակտիվ մասնակցություն է ունենում ԼՂՀ-ին ուղղված այն աշխատանքներում, որ տարվում են Ֆրանսիայում: Մասնավորապես, իր միջոցներից է դրել, ինչպես նաեւ կազմակերպել իր ընկերների մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամիՙ վերջերս Ֆրանսիայում անցկացված դրամահավաքին, որից գոյացած գումարները տրամադրվելու են Արցախի ճանապարհների նորոգմանը:
Մի հանգամանք եւս, որ Միշել Բազումյանին կապել է Հայաստանի հետ. նրա աները փարիզաբնակ անվանի հայ նկարիչ Ռիշար Ժերանյանն է, որն ուղիղ 45 տարի է, ինչ հայրենիքի հետ է իր ապրումներով ու նվիրումներով: