«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2001-12-28 | #1, 2002-01-08 | #2, 2002-01-09


ՄԱԼԱԹԻԱՅԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է ՀՕԳՈՒՏ ՀԲԸՄ-Ի

Հայկական բարեգործական ընդհանուր միության հրատարակած «AGBU» անգլիատառ հանդեսի դեկտեմբերյան համարը տեղեկացնում է, որ Մալաթիայի հայրենակցական-կրթական միության Վուստերում (Մասաչուսեթս), Պրովիդենսում (Ռոդ Այլենդ) եւ Քլիվլենդում (Օհայո) դեռեւս գործող մասնաճյուղերի պատասխանատու անձանց համաձայնությամբ ընկերակցությունը լուծարվել է, եւ գոյություն ունեցող 50.403 դոլարի գումարը փոխանցվել է ՀԲԸՄ-ինՙ այնտեղ հիմնելով «Հիշարժան նվիրատվությունների մի հիմնադրամ», որի տոկոսներից պետք է օգտվեն Երեւանի Նոր Մալաթիա թաղամասում գտնվող թիվ 90, 91 եւ 112 դպրոցները:

Մալաթիայի կրթական միությունը հիմնվել էր Ֆիլադելֆիայում 1904 թ.-ին եւ որոշ ժամանակ հինգ մասնաճյուղ ուներ ԱՄՆ-ում եւ երեքըՙ Ֆրանսիայում: Կենտրոնական գործադիր կոմիտեն վերջին 25 տարիներին գտնվում էր Վուստերում եւ տարեկան գումարում էր մեկ համագումար: Եղեռնից մազապուրծ հայրենասերների հիմնած ընկերակցության նպատակն է եղել ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում սովորող մալաթիացի ծնողների հետագա սերունդներին, ինչպես նաեւ Երեւանի Նոր Մալաթիա թաղամասի եկեղեցիներին, գրադարաններին եւ հիվանդանոցներին: Հայրենակցական միության հովանավորությամբ երկու ուղեւորություն է կազմակերպվել (1978 թ.-ին եւ 1988 թ.-ին) Հայաստան: ՀԲԸՄ-ին կից ստեղծված նվիրատվությունների նոր հիմնադրամը հավերժացնելու է նախկին միության նպատակներըՙ էլ ավելի ամուր հիմքերի վրա դնելով կրթական ծրագրերին օժանդակելու միտումները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4