«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2001-12-28 | #1, 2002-01-08 | #2, 2002-01-09


«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՃԻՇՏ ՏՆՏԵՍՎԱՐՄԱՆ ՄԵՋ Է»

Հրազդանի «Որդի Արմեն» ՍՊԸ-ն, որը մասնագիտացել է անասնապահության ճյուղերում, վերջերս տոհմային կարգավիճակ ստացավ: «Ազգի» հյուրն է ընկերության նախագահ Լյուդմիլա Հովհաննիսյանը:

- Տիկին Հովհաննիսյան, Ձեր ընկերության հաջողություններն ակնառու են. տոհմային անասնագլխաքանակ, յուրօրինակ պանրատեսակների արտադրություն եւ այլն: Ո՞րն է հաջողությունների գաղտնիքը:

- Տնտեսությունը հիմնադրվել է 1990 թ.: Սկզբում ունեցել ենք 12 գլուխ խոշոր, 30 գլուխ մանր եղջերավոր անասուն: Արուները վաճառել ենք կամ փոխանակել, էգ մոզիներն ու գառները պահելՙ վերարտադրության համար: Այսպիսով, աստիճանաբար ընդլայնվեց տնտեսությունը: Ներկայումս առկա 480 գլուխ խոշոր եղջերավորներից 160-ը կովեր են, ոչխարների թիվը հասել է 1200-ի, այծերինըՙ 100, ուլիկներինըՙ 140-ի (դրանց 30 տոկոսը տոհմային են):

Շուրջ մեկ տարի է, ինչ հիմնել ենք կաթի վերամշակման արտադրամաս, թողարկում ենք ութ տեսակի պանիրներ, որոնք միջազգային ցուցահանդեսում արժանացել են բարձր գնահատականի ու պարգեւների: ԱՄՆ գյուղդեպարտամենտի հետ համատեղ քայլեր են արվում պանրի արտահանման ուղղությամբ: Արտադրամասի օրական արտադրական հզորությունը 4-5 տոննա է, տարածքի ֆերմերներից եւս կաթ ենք մթերում: Իսկ հաջողություններն առհասարակ ճիշտ տնտեսվարման արդյունք են, թերեւս դժվար է գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասնելը:

- Տնտեսությունում ներկայումս տոհմային այծաբուծության զարգացման ծրագիր է իրագործվում: Ինչո՞վ է պայմանավորված:

- Մեզ մոտ ներկայումս զալինյան ցեղի ամերիկյան ուլիկներ են բուծվում, նպատակը տոհմային այծաբուծության զարգացումն է: Այծերն օրական ապահովում են 6-8 լիտր կաթ: Ճյուղի զարգացմանն աջակցում է ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագիրը, որի մասնագետների կարծիքովՙ տարածաշրջանը նպաստավոր է այծաբուծության զարգացման համար: Այծերն աչքի են ընկնում կենսունակությամբ, բրդի նրբագեղությամբ: Նախատեսել ենք այծի կաթից պատրաստել մանկական կերեր, ինչպես նաեւ կաթը, որպես մայրական կաթի փոխարինիչ, հանձնել դեղատներին, ծննդատներին: Հուսով ենք, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտը կաջակցի նաեւ արտադրական հոսքագծերի ձեռքբերմանը: Կկազմակերպվի նաեւ այծի պանրի յուրօրինակ արտադրություն, որը մեծ պահանջարկ է վայելում արտասահմանում: Տնտեսությունը հանրապետության ֆերմերային տնտեսություններին կապահովի տոհմային այծերով: Ցանկալի կլինի, որ աջակցություն ցուցաբերվեր նաեւ տոհմային այծերի սերմնահեղուկի բանկի ստեղծմանը:

- Ինչպես յուրաքանչյուր ընկերություն, հավանաբար դուք եւս հիմնախնդիրներ ունեք:

- Մեզ մոտ բուծվում են բալբաս ցեղի ոչխարներ, որոնց գլխաքանակը, տարածքի բացակայության պատճառով, հնարավոր չէ ավելացնել: Պայմաններ չունենք անգամ սենաժի եւ հյութալի կերերի պատրաստման համար: Առկա գլխաքանակին անհրաժեշտ է առնվազն 800 հա արոտավայր, մինչդեռ տնտեսությունը զբաղեցնում է ընդամենը 130 հա: Աճուրդով շահել ենք ընդամենը 50, վարձակալելՙ 30 հա արոտավայրեր: Հնարավո՞ր է այսպիսի պայմաններում ընդլայնել տնտեսությունը: Դժվարություններով հանդերձ, մեզ մոտ տոհմային գործն առաջին պլանում է, տնտեսությունում իրենց գիտական ներդրումներն են կատարում ՀԳԱ գիտնականներ Վ. Աբրահամյանը, Գ. Գիլոյանը, Ա. Մուրադյանը: Արդյունքըՙ ընթացիկ տարում տնտեսությանը, խոշոր եղջերավոր կենդանիների գծով, տոհմային կարգավիճակի շնորհումն էր:

- Այսօր հանրապետություն են ներկրվում տարբեր տեսակիՙ այսպես կոչված յողուրտներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կոնցենտրանտներՙ երկարատեւ պահպանության համար: Յողուրտի հիմնական սպառողները երեխաներն են:

- Ինչ խոսք, հանրապետությունում զգալի է տարբեր տեսակի, առանց կոնցենտրանտների յողուրտների արտադրության կազմակերպման անհրաժեշտությունը, քանի որ վերջինիս պահանջարկն առկա է: Տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերումից հետո կկազմակերպենք ոչ միայն յողուրտների, այլեւ մանկական տարբեր կերերի արտադրություն: Առայժմ դա ցանկություն է:

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4