«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԱՆԹԻԼԻԱՍԱԿԱՆ ԹԵՄԻ ՀՌՉԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՀԽ¬Ն ՆԱՄԱԿ Է ԳՐՈՒՄ ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, 12 ՀՈՒՆՎԱՐ։

Հունվարի 10-11¬ը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը շարունակեց Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված նիստը։

Քննարկված խնդիրների շարքում առանձնահատուկ կարեւորություն ունեցողներից էր Կանադայում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից թեմ հռչակելու խնդիրը։ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված ժողովը որոշեց նամակ հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինինՙ հայտնելով իր մտահոգությունը։

Քննարկվեց նաեւ առաջիկայում Եպիսկոպոսաց ժողով գումարելու հարցը։ ԳՀԽ¬ն որոշեց Եպիսկոպոսաց ժողովը գումարել 2002 թ. հոկտեմբերի վերջին։ Ժողովի կազմակերպման համար նշանակվեց հանձնախումբ, որը կնախապատրաստի ժողովի հրավիրման աշխատանքները։

Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Կանոնադրության» հարցը մշտապես Գերագույն հոգեւոր խորհրդի ուշադրության կենտրոնում է։ Այս առնչությամբ որոշվեց գործող հանձնախումբը համալրել նոր անդամներով եւ ստացված նոր առաջարկներով լրամշակել առկա նախագիծը։

ԳՀԽ¬ն եկեղեցու առաքելության առանցքային ուղենիշների շարքում առանձնացրեց կրթական, քարոզչական եւ հրատարակչական գործունեության այն ոլորտներն ու օղակները, որոնց շնորհիվ հնարավոր է արդյունավետ իրականացնել հայ մարդու քրիստոնեական դաստիարակությունը։

Եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն հիմնելու խնդիրը, որ նույնպես ԳՀԽ նիստի օրակարգում էր, ստացավ իր սկզբունքային լուծումը։ Որոշվեց այս կառույցը ձեւավորել 1700¬ամյակի տոնակատարությունների շրջանակներում ստեղծված Երիտասարդական ուխտագնացության գրասենյակի հիմքի վրա։

Քննության առնվեցին նաեւ եկեղեցու հոգեւոր¬կրթական ոլորտին առնչվող օրախնդիր հարցեր, որոնց շարքումՙ քահանայից պատրաստության լսարանի ստեղծման խնդիրը։ Վերջինիս առիթով Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանին հանձնարարվեց մինչեւ փետրվարի 1¬ը ԳՀԽ¬ին ներկայացնել քահանաների պատրաստման դասընթացների ուսումնական ծրագիր։

Ամենայն Հայոց կաթողիկոսը ժողովականներին ներկայացրեց նաեւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի 9¬ամսյա (ապրիլ¬դեկտեմբեր, 2001 թ. )գործունեության հաշվետու զեկույցը։

Եկեղեցական կյանքին առնչվող վարչա¬կազմակերպական բնույթի հարցերի շարքում էր նաեւ Վիրահայոց թեմում նոր առաջնորդի նշանակման հարցը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4