Դատախազության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների համապատասխան ծառայությունների ձեռնարկած օպերատիվ¬հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում Լոռու մարզում բացահայտվել է բանդա, որը 2001 թ. ընթացքում ինչպես Վանաձորում, այնպես էլ Գյումրիում եւ Երեւանում կատարել է բազմաթիվ ծանր հանցագործություններ, այդ թվումՙ սպանություններ եւ ավազակային հարձակումներ։
2001 թ. մայիսին Վանաձորի «Կենտավր» դեղատնից գողություն, թիվ 1 պոլիկլինիկայումՙ կողոպուտ, Լոռու մարզպետարանի վարչական շենքում ավազակային հարձակում կատարելու, մարզային ՆԳ վարչության աշխատակիցների ծառայողական ավտոմեքենաները հրկիզելու, նույն թվականի նոյեմբերի 14-ին շահադիտական նպատակով ավազակային հարձակմամբ Ա. Գեւորգյանին, Ա. Պապոյանին եւ Ա. Բաբայանին սպանելու, Երեւան քաղաքում պատվիրված սպանության փորձ, ինչպես նաեւ մի շարք այլ ծանր հանցագործություններ կատարելու համար ձերբակալվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ Արկադի Սաֆարյանը, Հայկ Հարոյանը եւ Արամ Պետրոսյանը։
Հանցավոր խմբի անդամները զինված են եղել Ա. Պետրոսյանի 2000 թ. մայիսին զինված ուժերում ժամկետային զինծառայությունը կատարելու ընթացքում գողացած 2 ինքնաձիգ հրազեններով։
Հանցագործության գործիք զենքերը, հափշտակված ապրանքների զգալի մասը հայտնաբերվել եւ առգրավվել են։
Բանդիտիզմի, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունների, ավազակային հարձակման, կողոպուտի, հրազենի հափշտակության եւ կատարած այլ հանցագործությունների համար Ա. Սաֆարյանին, Հ. Հարոյանին եւ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբՙ նրանք կալանավորվել են։
Հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու միջոցներ են ձեռնարկվում։
Նախաքննությունը վարում է Լոռու մարզի դատախազությունը։
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ