«Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով դատակոչված վկաները երեկ շարունակում էին ցուցմունք տալ Կենտրոն եւ Նորք¬Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Վկաներն, ըստ էության, հետաքրքրական ու անծանոթ ոչինչ չավելացրին արդեն հայտնի փաստերին։ Նրանց մի մասն առհասարակ տեղյակ չէր գործի մանրամասներինՙ իրենց պատմածից դատելով։ Այդ առիթով կարծիք հայտնեց տուժածի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը. «Վկաների մեծ մասին ընդհանրապես չարժեր էլ դատակոչել» ։ Իրոք, նրանցից շատերը ո՛չ եղել են դեպքի վայրում, ո՛չ էլ սպանության հետ կապված մանրամասներն անմիջականորեն տեսել կամ լսել։
Դատակոչված վկաների թվում էր «Առագաստ» սրճարանի մատուցողուհի Բ. Գրիգորյանը, որը սեպտեմբերի լույս 25¬ի գիշերը սպասարկել է սրճարանի բացօթյա հատվածում եղած սեղանների մի մասը, նաեւՙ այն սեղանը, որի շուրջ նստած են եղել Պողոս Պողոսյանն ու իր երեք ընկերները։ Նրա վկայությամբՙ մինչ բարձրաստիճան հյուրերիՙ ՀՀ նախագահի ու առլ Ազնավուրի ժամանելը, դրսում գտնվող սեղաններից եւ ո՛չ մեկն արդեն ազատ չէր։ Նա հստակ հիշում է սեղաններից մեկը զբաղեցրած ալեհեր տղամարդուն, որը սեւ կոստյումով էր։ Կարճ ժամանակ անց նրան են միացել եւս երեքը, որոնցից մեկըՙ սփյուռքահայ։ Տղամարդիկ խմիչք են պատվիրել. մատուցողուհու հիշելովՙ դեպքերի ավարտին, երբ նրանց սեղանն արդեն դատարկ էր, խմիչքով լի շիշն ու բաժակներն էլ դատարկ էին։ Նրա մնացյալ ցուցմունքները հետաքրքրություն չէին ներկայացնում, քանի որ, իր խոսքերով, դեպքերի ավարտին իմացել է միայն, թե մարդ է մահացել։ «Առագաստի» մյուս աշխատակիցներըՙ Ա. Մանվելյանը, որը դիմավորել է «շտապ բուժօգնության» մեքենան, Վ. Սահակյանը, որը հեռացող հաճախորդների վճարումներն էր հաշվում, Ա. Պողոսյանը, որը նույնպես չի եղել դեպքի վայրում, բուն սպանության վերաբերյալ ոչինչ չհայտնեցինՙ չգիտեին։ Այդ օրը դատակոչված վկաներից էր լրագրող Ոսկան Մամիկոնյանը։
Վերջինիս զբաղեցրած սեղանը գտնվել էր Պողոսյանի եւ նրա ընկերների զբաղեցրած սեղանի հենց ձախ կողմում, սակայն վկան դեմքով չի հիշում տուժածին։ Նախագահի եւ առլ Ազնավուրի հեռանալուց քիչ անց նա աստիճանների մոտ տեղի ունեցող քաշքշուկին է ուշադրություն դարձրել, սակայն, իր հիշելով, կոստյում հագած տղամարդիկ չկային աղմկողների թվում։ Քաշքշուկը կարճ է տեւել եւ անակնկալ ավարտվել. երեւի այդ պատճառով էլ վկան, ինչպես ինքն է ասում, լուրջ չի ընդունել այդ միջադեպը։ Ամբաստանյալ Աղամալ Հարությունյանին վկան այդ քաշքշուկին մասնակցողների խմբում չի տեսել։ Աղմուկի հաջորդ ալիքն ի հայտ է եկել արդեն զուգարանի մոտ, իսկ հաշված րոպեներ անց լուր է տարածվել, թե մարդ է մահացել։ «Հնարավո՞ր է, որ Ա. Հարությունյանը մոտենար եր սեղանի հարեւանությամբ նստածներին, իսկ Դուք չնկատեիք» , հարց ուղղեցին վկային։ Նա մերժեց այդ տարբերակը, քանի որ, իր խոսքերով, թիկնապահին դեմքով լավ էր ճանաչում, ՀՀ նախագահին արտասահման կատարած ուղեւորությունների ժամանակ որպես լրագրող ուղեկցելովՙ նա առիթ ունեցել էր ճանաչելու նաեւ նախագահի թիկնապահին։
Փաստաբան Ռ. Սահակյանը միջնորդությամբ հանդես եկավՙ պահանջելով, որ մի հատված ընթերցվի վկայի նախաքննական ցուցմունքներից։ Իր պահանջը նա հիմնավորեց այն փաստարկով, թե որոշ հակասություններ կան վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջեւ։ Փաստաբանն իր մի քանի հարցերը, որ մինչ միջնորդությունն ուղղեց վկային, փոքր¬ինչ անորոշ ձեւակերպեց։ Ավելի ճիշտ, անորոշ էր հղումըՙ «քրեական գործի տվյալներով...» ։ Այդուհանդերձ, հարցերը հետեւյալն էին. «Քրեական գործի տվյալներովՙ Դուք տեսել եք, թե հարեւան սեղանի մոտ նստածներից մեկին ինչպես են դուրս կանչել։ Այդպե՞ս է» , ապա «Քրեական գործի տվյալներովՙ Դուք տեսել եք, թե այդ սեղանի մոտ նստածներից մեկին ինչպես են հարվածում։ Այդպե՞ս է» ։ Վկան պահանջեց ապացուցել վերն ասվածն ու չպատասխանեց հարցերին։ Դատավորը որոշեց, այնուամենայնիվ, բավարարել Ռ. Սահակյանի միջնորդությունը. նախաքննական ցուցմունքներից ընտրված այդ հատվածն ընթերցվեց։ Համաձայն այդ ցուցմունքիՙ վկան տեսել է, թե նախագահի մեկնելուց քիչ անց ինչպես են կանչել իր սեղանից դեպի ձախ գտնվող սեղանի մոտ նստած տղաներին։ Սակայն նա տեսածին առանձնապես լուրջ նշանակություն չի տվել։ Ըստ իր նախաքննական ցուցմունքիՙ նա տեսել է, որ հարեւան սեղանը զբաղեցնողները գնացել են աստիճանների ուղղությամբ, իսկ հետո լսել է աղմուկ եւ տեսել է քաշքշուկը։ Տեսել է, թե իրեն անծանոթ մի քանի տղաներ ինչպես են հարվածներ տեղում այն երեք անձանց վրա։ Այդ ամենը տեւել է 30 վայրկյանից ոչ ավելի։ Ապա երեք սեղանակիցները վերադարձել են իրենց սեղանի մոտ. նրանց չորրորդ սեղանակիցը, որ սփյուռքահայ էր, արդեն հեռացել էր։
Էական տեղեկություններ չէին պարունակում օրվա վերջին վկայիՙ ՆԳ աշխատակից Հ. Համբարձումյանի ցուցմունքները։ Այսօր վկաները կշարունակեն ցուցմունքներ տալ։
ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ