Դրա հաջողության գրավականը մասնակիցների անկեղծությունն էր
Ինչպես հունվարի 11¬ի համարում տեղեկացրել ենք, օրերս Երեւան էին ժամանել մի խումբ թուրք լրագրողներ. «Հյուրիեթից» Ֆերաի Թընչը, «Ջումհուրիեթից» Լեյլա Թավշանօղլուն, «Թըրքիշ դեյլի նյուզսից» Յուսուֆ Քանլին եւ «Հաբեր¬թյուրքից» Ջենգիզ Չանդարը։ Նրանք Երեւանի մամուլի ակումբի կազմակերպմամբ Հայաստանում անցկացրին 4 օր, հանդիպումներ ունեցան ՀՀ ԱԺ¬ում եւ ԱԳՆ¬ում հանդիպելով հայ քաղաքական գործիչների հետ։ Ծրագրի շրջանակներում թուրք լրագրողները եղան նաեւ Ստեփանակերտում, որտեղ նրանց ընդունեցին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը։
Հունվարի 14¬ին թուրք լրագրողները «Արմենիա» հյուրանոցում մասնակցեցին «Հայ¬թուրքական փոխհարաբերությունների լուսաբանումը երկու երկրների ԶԼՄ¬ներում» թեմայով անցկացված կլոր սեղանին։
Երեւանի մամուլի ակումբի (Հայաստան) , Դիվանագիտական լրագրողների ընկերակցության (Թուրքիա) եւ «Հանուն գլոբալ խաղաղության» կենտրոնի (ԱՄՆ) համատեղ ջանքերով կազմակերպված այս միջոցառմանը զեկուցեցին «Թրքիշ դեյլի նյուս» օրաթերթից Յուսուֆ Քանլին, իսկ «Ազգից» ՙ Հակոբ Չաքրյանը։ Կլոր սեղանը վարում էր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ¬ի դեսպանատան մամուլի պատասխանատու Ջոն Բալյանը։
Միջոցառումն իր հակիրճ ելույթով բացեց Նավասարդյանը, ապա ձայնը տրվեց Բալյանին։ ԱՄՆ¬ի դեսպանատան մամուլի պատասխանատուն միանգամայն անտրամաբանական համարեց հարեւան երկու երկրների երկխոսության բացակայությունը եւ ընդգծեց դրա հաստատման անհրաժեշտությունը։ Այնուհետեւ զեկուցումով հանդես եկավ Յուսուֆ Քանլին։ Հարկ է նշել, որ զեկուցողի ելույթը շատ ընդհանուր էր եւ միջոցառման թեմային բոլորովին չէր համապատասխանում։ Փոխանակ հայ¬թուրքական հարաբերություններին եւ թուրքական ԶԼՄ¬ներում դրանց լուսաբանմանն անդրադառնա, Քանլին անդրադարձավ Թուրգութ Օզալի վարած քաղաքականության մանրամասներին, թուրք¬հունական հարաբերություններին եւ այդ հարաբերությունների բարելավմանն ուղղված երկխոսության ջանքերին, նաեւՙ Կիպրոսի խնդրին։ Նա միաժամանակ խոսեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխվստահությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, ղարաբաղյան հիմնահարցում հայերի որդեգրած դիրքորոշումը համարեց անվստահության պատճառ եւ վերջում թշնամանքը վերացնելու կոչ արեց։
Տողերիս հեղինակը, մասնակցելով միջոցառմանը որպես զեկուցող, նշեց, որ հայկական ԶԼՄ¬ները երբեք դեմ չեն եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց միանգամայն դեմ են դրանց հաստատման համար առաջադրվող միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններին, թուրքական շրջափակմանը եւ սպառնալիքներին։ Միաժամանակ նշվեց, որ հայկական մամուլը թեեւ դատապարտում է նախապայմանների առաջադրումը, շրջափակումն ու սպառնալիքները, դատապարտելով այս ամենի համար Թուրքիային, սակայն նրա նկատմամբ ո՛չ թշնամանք է սերմանում, ո՛չ էլ հրապարակում է թուրք ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորող հոդվածներ։ Ցավոք, նույնը չի կարելի ասել թուրքական մամուլի մասին, մինչդեռ պետությունները հենց ազգային արժանապատվության հարցում են իրավահավասար։
Զեկուցումներին հետեւեցին մասնակիցների աշխույժ բանավեճերը։ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ յունիկ Աղաջանյանը, հանգամանքների բերումով, բանավեճերին չէր մասնակցում։ Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ նա, դիմելով թուրք լրագրողներին, ասի, որ Հայաստանն ընդունում է նրանց, նրանք երկրի ղեկավարությանըՙ այդ թվում նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու հնարավորություն են ստանում, իսկ Թուրքիան հայ լրագրողների առնչությամբ համարժեք քայլերից խուսափում է։
Միջոցառմանը մեր տեսակետները հաճախ չէին համընկնում թուրք մասնակիցների տեսակետներին։ Սակայն դա ամենեւին չի նսեմացնում միջոցառման կարեւորությունը։ Ավելին, եթե կողմերի տեսակետները համընկնեին, ապա նման միջոցառումների կարիքը չէր զգացվի։ Ուրեմն միջոցառումը հաջողվել է, իսկ մասնակիցների անկեղծությունը դարձել է դրա հաջողության գրավականը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ