Հայտնի հնգյակի հայտնի սահմանադրության նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները, որոնք ընթանում են այդ նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովում, երեկ ավարտվեցին։ Հնգյակը ժամանակավորապես կորցրեց որպես նախագծի հեղինակող ազդեցիկ ամբիոնը «չարաշահելու» հնարավորությունը, ինչի հետ չհաշտվելով, այս ուժն ամենատարբեր միջոցների է դիմում մշտապես ուշադրության կենտրոնում մնալու եւ նախագահի հետ ունեցած հակասությունները շարունակ ցուցադրելու համար։ Դրանով էր հիմնավորված, որ քննարկումների ավարտից անմիջապես հետո ավարշ Քոչարյանը շրջանառության դրեց նախագծի մասին միջանկյալ եզրակացության նախագիծըՙ օգտվելով հանձնաժողովի ստանձնածՙ նման փաստաթուղթ մշակելու եւ ԱԺ¬ին ներկայացնելու պարտավորությունից։ Եթե մի քիչ համեստ լինենք, եզրակացության տեքստը ոչ ավել, ոչ պակաս խորհրդարանական կառավարման համակարգին ուղղված ձոն կարելի է համարել։ Ահավասիկՙ «. . . նախագիծն ամրագրում է ամբողջ իշխանության անվերապահ պատկանելությունը ժողովրդին եւ սահմանում, որ թե պետական իշխանությունը եւ թե տեղական ինքնակառավարումը, դրանց բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք, առանց որեւէ բացառության, ժողովրդին պատկանող իշխանության սոսկ ժամանակավոր կրողներն են։ Նրանք իրականացնում են ոչ թե իրենց, այլ հենց ժողովրդին պատկանող իշխանությունը եւ նրանց բոլոր լիազորությունների միակ աղբյուրը ժողովրդի կամքն է, որի իրականացմանը պետք է ուղղված լինի նրանց ամբողջ գործունեությունը» ։ Կամՙ «Նախագծում ամրագրված լիակատար ժողովրդաիշխանությունը ոչ թե վերացական հասկացություն է, այլ ունի կոնկրետ մարդկային բովանդակություն» ։
Հնգյակի ներկայացրած այս եզրակացությունը բնականաբար միանշանակ քաղաքական ուժերի կողմից չի կարող ընդունվել։ Խնդիրն այն է, որ ոչ միայն չի ներկայացնում հանձնաժողովում ընդգրկված քաղաքական ուժերի տրամադրվածությունը, այլեւ կտրականապես մերժում է փաստորեն մյուսՙ կիսանախագահական համակարգ նախատեսող նախագիծը։ «Կիսանախագահական համակարգը ոչ թե կես, այլ մեկուկես անգամ ավելի մեծ լիազորություններ է տրամադրում հանրապետության նախագահին, որն իրավասու է ցանկացած պահի, սոսկ իր հայեցողությամբ, վաղաժամկետ արձակել խորհրդարանը, իսկ վարչապետին եւ կառավարության անդամներին նշանակելն ու փոփոխելը դարձել է նրա ամենօրյա զբաղմունքը։ «Կիսանախագահական համակարգում այդ «կիսանախագահ» կոչվածն ավելի շուտ վերածվել է ժողովրդի դժբախտ ճակատագրի, քան սահմանադրական պաշտոնյայի» ։ Թե որքանով է նպատակահարմար նման բնորոշումը, նախքան մյուս նախագծի քննարկումը, եզրակացությամբ արտահայտել, զուտ բարոյական նշանակություն ունի։ Իսկ գաղափարական առումով այն պարզապես ավելորդ ընդդիմադիր տրամադրություն է առաջացնում, ինչն իր արտահայտությունն անպայման կգտնի եզրակացությանը տրվելիքՙ քաղաքական ուժերի դիրքորոշումներում։
Նման ծայրահեղ քայլերի դիմելը պարզորոշ ցույց է տալիս, որ հնգյակն իր «զավակի» հետագա ճակատագրի համար լուրջ մտավախություններ ունի եւ իրավիճակն ուզում է փրկել նման անհեռատես քայլերով։
Որպես այդպիսին կարելի էր ընկալել նաեւ հնգյակի մասնիկ ՍԻՄ¬ի նախագահ Հրանտ Խաչատրյանի հայտարարությունը, որ եթե իրենց ներկայացրած եզրակացության նախագիծը հանձնաժողովում չքննարկվի, ինքը կանգ չի առնի ցանկացած միջոցի առջեւՙ խանգարելու ԱԺ կանոնակարգ¬օրենքը խախտելու փաստըՙ դիմելով նաեւ ժողովրդի օգնությանը։ Մինչդեռ եզրակացությունից անտեղյակ հանձնաժողովները ոչ միայն չգիտեին բուն բովանդակության մասին, այլեւՙ մինչ այդ էլ ցանկություն հայտնեցին այն քննարկել։ Այս տեսակետից այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչու Հրանտ Խաչատրյանը նման սպառնալիքների տարափով հանդես եկավ։
Դրանով հնգյակի ջղագրգռությունները չսահմանափակվեցին։ Իր հերթին ավարշ Քոչարյանը ստիպեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին քվեարկության դնել սահմանադրության իրենց նախագծի շուրջ ԱԺ լսումներ անցկացնելու մասին հարցը։ Հետաքրքրական է, որ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս մի անձնավորություն, որն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը բացատրում էր առկա երկու նախագծերի համահավասար քննարկման մեջ։
Նման անհավասարակշիռ քայլերը բնականաբար քաղաքական մեծամասնության կողմից անտեսվել չէին կարող։ Եվ պատահական չէ կիսանախագահական համակարգի կողմնակից հանրապետականների բավականին սթափ եւ համարժեք պատասխանը հնգյակին, երբ հանձնաժողովում ավարշ Քոչարյանի նախաձեռնությունը (լսումներ կազմակերպելու կապակցությամբ) պարզապես տապալեց քվեարկության արդյունքներով։ Նրան այդ հարցում օգնեցին «Օրինաց երկրի» , «Ժողովրդական պատգամավոր» , «Ագրոարդյունաբերող ժողովրդական» խմբերի պատգամավորները։
Եթե հնգյակը շարունակի իր այս մարտավարությունը, վերջնականապես կարող է կորցնել որեւէ բանի հասնելու հնարավորությունը։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ