Ստեփանակերտի տարածքում բուսաբանական այգի հիմնադրելու վերջերս ընդունված որոշումը մի խումբ ստեփանակերտցիների բացասական արձագանքին է արժանացել։ Պատճառն այն է, որ նախատեսված հատվածը տարիներ շարունակ մայրաքաղաքի բնակչության մի մասի համար ծառայել է իբրեւ բանջարանոցներ։ Իսկ վերջին տարիներինՙ գործազուրկ խավի համար պարզապես գոյատեւման հիմնական աղբյուր էր, քանզի նրանց սպառողական զամբյուղը մասամբ լրացվում էր բանջարանոցների հաշվին։
Խնդրի հասարակական քննարկումն ավելի դրամատիկ տեսք էր ստանում այն փաստի հաշվառումով, որ ապագա բուսաբանական այգու տեղում տեղադրված բանջարանոցների տերերի մի մասը զոհված ազատամարտիկների հարազատներ են։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Բ. Բախշյանի հավաստմամբ, անհանգստանալու առիթ չկա։ Նախՙ առաջիկա 2-3 տարիներին այդ հատվածում այգու կառուցման աշխատանքներ չեն իրականացվելու։ Իսկ եթե անհրաժեշտաբար քանդվեն այդտեղ առկա բանջարանոցները, ապա դրանց տերերին կտրամադրվեն նոր հողակտորներ, եւ նրանց ցույց կտրվի օգնությունՙ նախկինից ոչ պակաս պայմաններով բանջարանոցներ հիմնադրելու համար։ Ընդ որում, եթե ներկայումս ապօրինի են այդ հողակտորները, ապա մասնավոր տարածքներ տրամադրելու դեպքում դրանք կօրինականացվեն։ Հողօգտագործողներին կտրվի նաեւ որակյալ սերմացու շուկայականից ցածր գներով։
Գյուղնախարարի պնդմամբ, բուսաբանական այգու հիմնադրումը անհրաժեշտություն է։ Այն կունենա ճարտարապետական որոշակի լուծումներ։ Ստեփանակերտի ընդարձակման դեպքում, որն օրինաչափություն է, այգին կդառնա մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Հարկ չկա բուսաբանական այգին կառուցել մայրաքաղաքից շատ հեռու, որովհետեւ պետք է ոռոգվի, իսկ ոռոգման համար այնպիսի հարմար տարածք, որպիսին Աջափնյակ թաղամասն է եւ «Մենք ենք, մեր սարերը» կոթողի մերձակա ձորակը, պարզապես գոյություն չունի։ Հենց այդ նպատակով էլ նշված տարածքները հատկացվել են ապագա այգուն։ Գեղատեսիլ մի վայր, որի կառուցումն ավելի կարեւոր է, քան մի խումբ մարդկանց մասնավոր շահերը։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ