Պողոս Նուբար փաշանՙ Եգիպտոսի նշանավոր պետական գործիչ Նուբար փաշայի որդին, ազգային¬քաղաքական իր հիրավի հայրենանվեր, ակտիվ գործունեությամբ մեծապես նպաստել է ոչ միայն եգիպտահայ գաղութի, այլեւ ողջ ժողովրդի մշակութային¬քաղաքական, տնտեսական կյանքի զարգացմանը։ Նա հայոց մեջ ամենաերկարակյաց եւ հեղինակավոր բարեսիրական կազմակերպությանՙ ՀԲԸՄ¬ի նախաձեռնողն ու հիմնադիրներից մեկն է եղել եւ մինչեւ 1935 թ. նրա նախագահը։
Երկրագործական հիմնավոր կրթություն ստանալով Ֆրանսիայում եւ վեյցարիայումՙ Պողոս Նուբար փաշան Եվրոպայում աչքի է ընկել նորարարություններով եւ մեծ նախաձեռնություններովՙ մասնակցելով Փարիզում, Միլանում կազմակերպված երկրագործական ցուցահանդեսներին, ստացել է ոսկե մեդալներ եւ ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետության խաչը։ Տնտեսական լայն գործունեություն է ծավալել Եգիպտոսում, հիմնադրել է Ալեքսանդրիայի տրամվայների ընկերությունը, նախաձեռնել է Մոնզալեի հողերի շահագործումը, հիմնադրել է Կահիրեի մոտ Հելիոպոլիս քաղաքը, եղել է Ալեքսանդրիայի թեմական ժողովի անդամ, գլխավորել է Կահիրեի թեմական ժողովը։ 1912 թ. հոկտեմբերի 12-ի կոնդակով Գեւորգ Ե կաթողիկոսի կողմից նշանակվել է լիազոր ներկայացուցիչ Հայկական հարցի վերաբերյալ գումարվելիք եվրոպական երկրների կոնֆերանսում, իսկ 1914¬ի հունիսի 15¬ի 31 կոնդակով նշանակվել է ազգային պատվիրակության ղեկավար եւ Փարիզում մեծ աշխատանք է ծավալել Հայ դատի պաշտպանության խնդիրներում։
Ընդգրկուն ու ծավալուն են նաեւ Պողոս Նուբար փաշայի բարեգործության ոլորտներն ու աշխարհագրությունըՙ սփյուռքահայ գաղութներից մինչեւ Խորհրդային Հայաստան։ Նրա նախաձեռնությամբ եւ նվիրատվությամբ Հայաստանում բազմաթիվ իրագործումների շարքում Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1933 թ. կառուցվել է նաեւ Նուբարաշեն քաղաքատիպ ավանը։
Միայն վերջերս Նուբարաշենում, թաղապետ Ռոբերտ Ասատրյանի նախաձեռնությամբ, բացվեց Պողոս Նուբար փաշայի անվան գեղեցիկ պուրակը, որտեղ տեղադրված է մեծ բարերարի բրոնզաձույլ կիսանդրին (ճարտարապետՙ Էդիկ Աբեղյան, քանդակագործՙ Տիգրան Արզումանյան) ։ Հուշարձանի կառուցմանը մեծապես նպաստել եւ հովանավորել է Օնիկ Երանոսյանըՙ Նուբարաշենի Երանոսյաններ գերդաստանի շարունակողը, որին էլ թաղապետի որոշմամբ շնորհվեց Նուբարաշենի պատվավոր անդամի կոչում։ Պողոս Նուբար փաշայի մասին երախտագիտությամբ արտահայտվեցին ՀՀ¬ում Եգիպտոսի դեսպան Բաքրի էլ Ամարին, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը (նա 1964 թ. հայրենադարձվելուց հետո ապրել է Նուբարաշենում) ։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը գնահատելով նախաձեռնությունըՙ մաղթեց, որ ամեն մարդ կյանքն այնպես ապրի, որ «կիսանդրի ունենալու պատվին կարողանա արժանանալ» ։