«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առաջին անգամ Գոհարի երգը լսելիս հարցրի նրան, այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակըՙ քեզնից։ Եվ ամեն անգամ Հայաստանի սոխակին լսելիս սիրտս լցվում է խորին հուզումով»

Ավետիք Իսահակյան

Լույս է տեսել «Գոհար Գասպարյան» ալբոմը, որը պարունակում է մեծ երգչուհու ստեղծագործական փառահեղ ուղին արտացոլող այլազան նյութեր, անվանի արվեստագետների կարծիքներ, աշխարհի մամուլի գնահատանքներ, պատմական արժեքներ ներկայացնող լուսանկարներ, դրվագներ կենսագրականից։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Լենինի շքանշանակիր, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Աշխատանքի հերոս, Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանակիր, պրոֆեսոր, Երեւանի պատվավոր քաղաքացի։ Այս խոսուն փաստերի ետեւումՙ նորին մեծություն Արվեստին անմնացորդ ծառայացած կյանք, զտարյուն արվեստագետի անխոնջ նվիրում իր սրբազան գործին, հայրենիքին։ Ինչպես ասել էր Մարտիրոս Սարյանը, արքիմեդյան լապտերով փնտրած արվեստագետներից է մեր Գոհարը, իր անվան նման թանկ ու նվիրական։ Նա, որը ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով» , «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր ե՛ւ իրեն, ե՛ւ իր ժողովրդին։

Ավետիք Իսահակյան եւ Մարտիրոս Սարյան, Վահրամ Փափազյան եւ Դերենիկ Դեմիրճյան, Մարիետա ահինյան եւ Զարուհի Դոլուխանյան, Արամ Խաչատրյան եւ Սուրեն Քոչարյան, Միքայել Թավրիզյան եւ Ալեքսանդր Մելիք¬Փաշաեւՙ հայ մշակույթի երեւելի դեմքեր, որոնք իրենց արժեքավոր խոսքն են թողել սերունդներին Գոհար Գասպարյան երեւույթը հնարավորինս ընդգրկուն կերպով ճանաչելու պատգամով։ Այս ամենին կարելի է հաղորդակից լինել ծանոթանալով «Գոհար Գասպարյան» գեղեցիկ դիզայնով (ձեւավորումըՙ Ալիկ Հովհաննիսյանի) հրատարակված գունազարդ ալբոմին։ Ինչպես նշում են հրատարակիչներ Տիգրան Լեւոնյանը եւ Էմանվել Մանուկյանը, այդ հրատարակությունը մի համեստ փորձ է Գոհար Գասպարյանի բազմամյա երախտապարտ երկրպագուներին ու երիտասարդ սերնդին ներկայացնելու նրա շուրջ 4000 ելույթների մասին գրված 3000¬ից ավելի գրախոսականներից քաղած ոչ մեծ ընտրանին։ Հրատարակության նախաբանն ավարտվում է արժեքավոր եզրահանգումով, որը պատեհ եմ համարում ներկայացնել ընթերցողին։ Ուր էլ եղել է Գոհար Գասպարյանը, ինչ մեծագույն պարգեւներ էլ որ ստացել է, նաեւՙ գաղթակղիչ հրավերներ, այդուամենայնիվ, միշտ մնացել է իր հայրենի հողի հավատարիմ զավակը։ Եվ օրինաչափ են երգչուհու համար նրա պատասխանը լրագրողներից մեկին, թե անթիվ պարգեւներից, աշխարհի լավագույն թատրոնների պայմանագրերից (եւ նման) ո՞րն է եղել նրա ամենամեծ ուրախությունը։ Հայաստանի սոխակն անկեղծ եւ իմաստուն պատասխանել է. «Ամենամեծ ուրախությունս եղած է տուն վերադառնալս» ։

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4