Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից հետո 2001 թվականին առաջին անգամ արվեստի եւ գրականության բնագավառում լավագույն աշխատանքների համար պետական մրցանակներ են սահմանվել։ Պետական մրցանակների հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատանքների հեղինակներին պետական պարգեւը հանձնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդգրկվել էին երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, կինոարվեստի, գրականության եւ թատրոնի բնագավառները։ Երաժշտության բնագավառում Հայաստանի պետական մրցանակի արժանացավ Ռուբեն Ալթունյանըՙ «Օրհներգ 1700¬ամյակի» կոնցերտների շարքի համար, կերպարվեստի բնագավառում ՀՀ պետական մրցանակը շնորհվեց Ռուբեն Ադալյանինՙ 2000 թվականին նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսի համար։
«Ուրախ ավտոբուս» կինոնկարի համար մրցանակներ ստացան կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, բեմադրող օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը, ֆիլմի գլխավոր դերակատար Անահիտ Քոչարյանը, ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու նախագծի հեղինակ Ստեփան Քյուրքչյանը, ճարտարագետ Յուրի Դալլաքյանը, շինարարական աշխատանքների ղեկավար Վազգեն Պողոսյանը նույնպես պետական մրցանակի արժանացան։
Թատրոնի եւ գրականության բնագավառներում, սակայն, պետական մրցանակներ չշնորհվեցին։ Հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Դավոյանի խոսքերով, իրենք աշխատել են բարեխղճորենՙ հետեւելով բարձր չափանիշների պահանջներին եւ նշված ոլորտներում պետական պարգեւի արժանի աշխատանքներ չեն գտել։
Արվեստագետներին շնորհավորելով բարձր կոչմանն արժանանալու համար, նախագահը նշեց, որ իր դերակատարումը նվազագույնն է եղելՙ ինքն ընդամենը վավերացրել է հանձնաժողովի որոշումը, իսկ մրցանակակիրներին ընտրել են մասնագետները։ Խոսելով այս առիթով եղած քննադատությունների մասին, նա ասաց, որ սուբյեկտիվ գործոն անշուշտ եղել է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, արվեստն ընկալում է, իսկ ընկալումը միշտ էլ սուբյեկտիվ է լինում։
Նախագահը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովինՙ կատարած աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ հետագայում սուբյեկտիվ գործոնները նվազագույնի կհասցվեն։
ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը համաձայն չէ հանձնաժողովի այն որոշման հետ, թե գրականության բնագավառում պետական պարգեւի արժանի գործ չի գրվել։ Ներկայացվել է 12 գործ, որոնցից 7¬ի հեղինակներն, ըստ Լեւոն Անանյանի, արժանի էին պետական մրցանակի։ Իսկ չարժանանալու պատճառն ավելի շատ նախապատրաստական եւ կազմակերպչական թերացումն էր։
Բոլոր մրցանակակիրները դիպլոմից եւ մեդալից բացի դրամական պարգեւ ստացանՙ երկուսուկես միլիոն դրամ։ Թատրոնի եւ գրականության ասպարեզների եւ «տնտեսված» գումարները հանրապետության նախագահի որոշմամբ կհատկացվեն այդ բնագավառներում ծրագրեր իրականացնելուն։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ