Խոսե Բիլիբիոն կրկին Հայաստանում է
ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությանը նախապատրաստվող «Փյունիկի» կազմը համալրել են երեք նոր լեգեոներներ։ Նրանցից մեկինՙ արգենտինացի պաշտպան Խոսե Բիլիբիոյին ֆուտբոլասերները ծանոթ են 1999 թ. «Արարատում» ունեցած ելույթից։ Բիլիբիոյի հետ ակումբն արդեն պայմանագիր է կնքել։ Մյուս երկու լեգեոներների ճակատագիրը կորոշվի ավելի ուշ։ 27¬ամյա ռուսաստանցի դարպասապահ Ռուսլան Լյաշչուկը հրավիրվել է Մոսկվայի «Տորպեդո¬ԶԻԼ» թիմից։ Մինչ այդ նա հանդես է եկել «Մոստրանսգազ» , «Ռոստսելմաշ» եւ Նովոռոսիյսկի «Չեռնոմորեց» թիմերում։ Երրորդ լեգեոները բրազիլացի 19¬ամյա հարձակվող Բրունո Բատիստա դա Սիլվան է։ Այսպիսով, ՀՀ քառակի չեմպիոնի կազմում այժմ մարզվում են 9 լեգեոներներ։ Առաջին լեգեոներները «Փյունիկում» հայտնվեցին անցյալ տարվա սեպտեմբերին։ Մալիի ֆուտբոլիստներ Նդվավե Մալալն ու Մամադու Դիավարան իրենց վատ չդրսեւորեցինՙ թիմի կազմում արժանանալով ոսկե մեդալի։ Ի դեպ, Մալալն արդեն Հայաստանի կրկնակի չեմպիոն է։ Առաջին ոսկե մեդալը նա ստացել է 1997 թ. «Երեւանի» կազմում։ Հոկտեմբերին «Փյունիկում» հայտնվեցին հարավսլավացի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Ստեւանովիչն ու Դրագան Իլիչը, իսկ նոյեմբերի սկզբինՙ Մալիի ֆուտբոլիստներ Ալու Տրաորեն եւ Արունա Մակալուն։ Բացառված չէ, որ մինչեւ առաջնության մեկնարկը թիմում լեգեոներների քանակն ավելանա։ Կազմն ուժեղացնելու որոնումները շարունակվում են։
Համալրվել է նաեւ «Փյունիկի» մարզչական կազմը։ Գեւորգ Պապյանի եւ Արթուր Ավագյանի հետ գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանին օգնում է նաեւ «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը։ «Փյունիկն» ավարտում է ուսումնամարզական երկրորդ հավաքը, որն անց է կացվում Արարատում։ Վաղը թիմը կվերադառնա Երեւան, իսկ երկու օր անց կմեկնի Մոսկվա, որտեղ հունվարի 19¬ին մեկնարկում է ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի մրցաշարը։ Համաձայն պաշտոնական հայտի, «Փյունիկի» կազմում Մոսկվայում հանդես կգան հետեւյալ 23 ֆուտբոլիստները. դարպասապահներՙ Կարեն Բաբայան, Ռուսլան Լյաշչուկ, պաշտպաններՙ Արթուր Մկրտչյան, Ռաֆայել Նազարյան, Աղվան Մկրտչյան, Արսեն Մելոյան, Խոսե Բիլիբիո, Ալեքսանդր Ստեւանովիչ, Դրագան Իլիչ, Ալու Տրաորե, կիսապաշտպաններՙ Վարդան Մինասյան, Արտավազդ Քարամյան, Մամադու Դիավարա, Արունա Մակալու, Արտակ Հովհաննիսյան, Վալերի Ալեքսանյան, Հայկ Հարությունյան, Հովհաննես Անտոնյան, Արկադի Չիլինգարյան, հարձակվողներՙ Արման Քարամյան, Վարազդատ Ավետիսյան, Նդվավե Մալալ, Բրունո Բատիստա դա Սիլվա։