ԲԱՔՈՒ, 15 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վելայաթ Գուլիեւն ավարտել է իր ուղեւորությունը Ստրասբուրգ, որի նպատակն էր Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ քննարկել ԵԽ ընդունվելիս Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցերը: Ինչպես հաղորդում է «525» թերթը, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հետ նախարարի բանակցությունների թեմաներից մեկը եղել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրադրությունը: Գուլիեւը հայտնել է, որ հանրապետության ղեկավարությունը հետեւողական է այդ պարտավորության կատարման հարցում: Ըստ նրա, շատ անձինք, որոնց ԵԽ-ն համարում է քաղբանտարկյալներ, արդեն ազատ են արձակվել, մյուսների գործերն ուսումնասիրվում են: Իր հերթին Վ. Շվիմերը հույս է հայտնել, որ այդ խնդիրը լուծված կլինի մոտ ժամանակներս:
Այդուամենայնիվ ԵԽ ղեկավարությունը դժգոհ է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունից մարդու իրավունքների պահպանման հարցում, որի մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի փորձագիտական խմբի ղեկավար Պիետրո Էրկոլե Ագոն: Ըստ փորձագետի, նույնիսկ ԵԽ-ում հանրապետության գտնվելու մեկ տարին լրանալուց հետո հանրապետությունում շարունակում են նախկինի պես բանտարկված մնալ մեծ թվով քաղաքացիներ (Ագոն հայտնել է ստույգ թվեր չունենալու մասին), որոնք ԵԽ անկախ փորձագետների կողմից ճանաչված են քաղբանտարկյալներ: Այդ պատճառով ԵԽ ԽՎ որոշակի շրջանակներ այսօր առաջարկում են պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ: Մոտ ժամանակներս իրադրության բարելավման միտումների բացակայության դեպքում եվրոպական կառույցն իրոք կարող է հանրապետության նկատմամբ ճնշման տարբեր միջոցներ գործադրել, հայտնել է Ագոն: Նա չի բացառել, որ միջոցներից մեկն էլ կարող է լինել ադրբեջանցի պատգամավորներին ԵԽ ԽՎ նիստերին ձայնի իրավունքից ժամանակավորապես զրկելը: