«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2002-01-12 | #6, 2002-01-15 | #7, 2002-01-16


ԻՍՊԱՆԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ

Եվրամիության նախագահությունը հերթական վեցամսյա ժամկետով հունվարի 1-ից ստանձնել է Իսպանիան: Մեր երկրում, սակայն, ինչպես նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում, ԵՄ-ն կներկայացնի Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, քանի որ Իսպանիան այստեղ չունի դիվանագիտական ներկայացուցչություն: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրին Հայաստանում ներկայացված ԵՄ անդամ երկրներիՙ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի դեսպանները, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարներն ու Եվրահանձնաժողովի երեւանյան ներկայացուցիչը:

Իսպանիայի փոխարեն իր երկրի հանդես գալու առնչությամբ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսն ընդգծեց Եվրամիությանՙ որպես միասնական կառույցի օպտիմալությունը: «Չնայած Մեծ Բրիտանիան եւ Իսպանիան խնդիրներ ունեն Ջիբրալթարի հարցում, այլ խնդիրներում փոխգործակցում են», մասնավորապես նշեց դեսպանը:

Գալով Հայաստան-ԵՄ համագործակցությանըՙ պրն Ջոնսը, թերեւս, ԵՄ-ն այս կամ այն կերպ ներկայացնող պաշտոնյաներից ամենաանկեղծ պատասխանը տվեց մեր լրագրողների սիրելի հարցին, թե ե՞րբ է հնարավոր Հայաստանի անդամակցությունն այս կառույցին: «Այդ հարցը որեւէ կերպ չենք էլ սկսել քննարկել: Փոխարենը Թ. Ջոնսը շեշտեց համագործակցության տնտեսական ասպեկտըՙ տեղեկացնելով, որ Եվրամիությունը Հայաստանին 9 մլն եվրո է տրամադրելՙ սննդամթերքի համար, պահպանելով նաեւ ավանդական օգնությունը ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում: Գումարի մի մասը Հայաստանին արդեն փոխանցվել է անցյալ տարի, մյուսը նախատեսվում է մեկնարկած տարումՙ Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի հետ համաձայնեցնելուց հետո:

ԵՄ-Հայաստան փոխգործակցության օրակարգում է նաեւ Մեծամորի ատոմակայանի փակման հարցը: Այս առթիվ իր տարեկանՙ 2001 թ.-ն ամփոփող մամլո ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը հավաստիացրել էր, որ ԵՄ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Մեծամորի ԱԷԿ-ի փակումը հնարավոր է միայն էներգիայի այլընտրանքային աղբյուրների ապահովման դեպքում: Ջոնսն էլ նշեց, որ ԵՄ-ն այժմ բանակցում է դոնոր երկրների հետՙ ԱԷԿ-ի փակման փոխարինման ծախսերը հոգացող հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ:

Անդրադառնալով նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու խնդրինՙ լրագրողները խնդրեցին ԵՄ երկրների դիվանագետներին գնահատել 2004 թ.-ին այս կառույցում ընդգրկվելու մեր հարեւանի հնարավորությունները: Պրն Ջոնսը նախ հիշեցրեց, թե անդամության չափանիշները բոլոր երկրների համար նույնն են, եւ որ Թուրքիան ձեռնամուխ է եղել քաղաքական բարեփոխումների: «Բայց այս պահին արդյունքները գնահատել թերեւս հնարավոր չէ»:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4