«Վորլդ Վիժն Արմենիան» «Բրիտանական ավիաընկերության» հետ մեկտեղ հունվարի 10-11 ը կազմակերպել էր ամանորյա հանդիսություններ Գյումրի քաղաքում, որին մասնակցեցին ավելի քան երեք հազար երեխաներ Մուշ, Անի, Շերամ եւ Ավստրիական թաղամասերից, որտեղ «ՎՎ Արմենիան» իրականացնում է տարածքային զարգացման ծրագիր:
«Բրիտանական ավիաընկերությունը» «ՎՎ Արմենիայի» հետ սկսել է իր համագործակցությունը անցյալ տարվանիցՙ առաքելով հագուստ եւ այլ իրեր Գյումրու այն երեխաների համար, ովքեր խնամքի եւ հովանավորության կարիք ունեն: Եվ տեսնելով անսահման կարիքի առկայությունը, «Բրիտանական ավիաուղիներն» անցյալ հոկտեմբերից սկսել էր նվիրատվությունների ակցիաՙ հատկացնելով յուրաքանչյուր վաճառված տոմսից 2 դոլար ամանորյա հանդիսությունների ֆոնդին:
Եվ ահա երկու օր շարունակ Գյումրու թատրոնի շենքում երեք հազարից ավելի երեխաներ ու մեծեր հնարավորություն ունեցան մի պահ կտրվելու առօրյա հոգսերից եւ վայելելու տարեմուտի տոնական օրերին հատուկ ոգեւորվածությունն ու բարձր տրամադրությունըՙ դիտելով մեկժամյա ներկայացում եւ ստանալով նվերներ, որոնք պատրաստել էր «ՎՎ Արմենիայի» նվիրատվությունների ծրագիրը: Յուրաքանչյուր երեխա ստացավ տաք հագուստ եւ քաղցրեղենի տոպրակ:
«Իրոք որ շատ հաճելի անակնկալ էր այս միջոցառումը մեր երեխաների համար, քանի որ նրանք հնարավորություն ունեցան զվարճանալ, հանդիպել Ձմեռ Պապին եւ վայելել ամանորյա տոների խորհուրդն ու իմաստը միասին», ասաց Գյումրու Անի թաղամասի բնակչուհի Աբրահամյան Եղսիկը, որ ներկայացման էր բերել իր երեք թոռնիկներին:
Բացի «Բրիտանական ավիաընկերությունից», «ՎՎ Արմենիային» այս գործում նաեւ աջակցել էին «Նոյան» հյութերի, «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ HSBC բանկը:
«Ապրի արեւը մեր բարերարների», գյումրեցուն հատուկ բարբառով իր շնորհակալական խոսքն էր ասում Ալեքսանյան Գոհարը, որն ուղեկցում էր իր թոռնիկներին: «Մեր էրեխեքը կարոտ են նման գուրգուրանքի ու սիրո»:
Եվ այստեղ ես հիշեցի HSBC բանկի գլխավոր գործադիր տնօրեն Չարլզ Գրեգըրիի խոսքերը. «Բարերարությունն անում ենք երեխաների եւ ոչ հանրաճանաչության համար»:
Եվ նման բարերարներով է միայն հնարավոր իրականացնել այնպիսի միջոցառումներ, ինչպիսին էին այս ամանորյա հանդեսները: Հազարավոր անհոգ ժպտացող բալիկների խինդն ու ծիծաղն ամենամեծ գնահատանքն ու պարգեւն է նրանց համար:
Տարածքային զարգացման ծրագիրը Գյումրիում իմաստավորվում է նրանով, որ տեղի բնակիչներն իրենք պետք է ակտիվ նախաձեռնություն եւ մասնակցություն բերեն յուրաքանչյուր գործում, որ արվում է իրենց եւ իրենց իսկ երեխաների բարօրության համար: Շաղիկ Մարուխյանըՙ «ՎՎ Արմենիայի» Գյումրիում անցկացվող տարածքային զարգացման ծրագրի ղեկավարը, նշեց. «Այս գործընթացը երկարատեւ կլինի եւ շատ ջանքեր կխլի: Անհրաժեշտ է, որ անընդհատ ասվի եւ արվի, որպեսզի այն դառնա ապրելակերպ եւ կարեւորն էՙ վերածվի մտածելակերպի»:
«Շատ քաջալերող է այն փաստը, որ մենք հնավորություն ունենք ինչ-որ չափով օգնելու «ՎՎ Արմենիային»ՙ իր առաքելությունն իրականացնելու գործում եւ հույս ենք տածում, որ այս համագործակցությունը երկարաժամկետ է լինելու», ասաց Վահե Ղազարյանըՙ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի տնօրենը:
ԼՈՒՍԻՆԵ ՀԵՅԶ, «Վորլդ Վիժն Արմենիա» հաղորդակցության աշխատակից