Անցյալ ուրբաթ օրը «Ազգը» լրատվամիջոցներից առաջինն էր ներկայացրել Կանադայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անջատ, առանձին թեմ կազմելու փաստըՙ այն դիտարկելով որպես Հայ առաքելական եկեղեցու եւ, հետեւաբար, հայության միասնականությանն ուղղված մտահոգիչ քայլ: Այնուհետեւ չէինք անդրադարձել այդ հարցին, բացի Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից ստացված հաղորդագրության հրապարակումից: Սպասում էինք Տանն Կիլիկիո կաթողիկոսի համապատասխան կոնդակին, որ նման պարագաներում անհրաժեշտ է: Կոնդակն այդպես էլ չգրվեց կամ չհրապարակվեց: Փոխարենը երեկ ստացանք Մոնրեալում լույս տեսնող ՀՅԴ «Հորիզոն» թերթում հրատարակված «Կանադայի թեմի ազգային առաջնորդարանի դիվան» ստորագրությամբ հաղորդագրությունըՙ «Հյուսիսային Ամերիկայի արեւելյան շրջանի եւ Կանադայի թեմի ներքին վերադասավորում. Կանադան կվերածվի առանձին թեմի» վերտառությամբ: Այստեղից պարզվում է, որ մինչ այդ Մ. Նահանգների Արեւելյան անջատյալ, անթիլիասական թեմի ենթակայության տակ գտնվող կանադահայ մի քանի եկեղեցիների «թեմական ներկայացուցչական ժողովը» առանձին թեմ կազմելու համար 2001 թ. ապրիլի 6-7-ը նիստ է գումարել եւ իր որոշումը փոխանցել «Հյուսիսային շրջանի եւ Կանադայի թեմի երեսփոխանական ժողովին», որն էլ ընդունելուց հետո այն իր հերթին փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Վերջինիս Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովները, «ներկայացված հիմնավորումներու լույսին տակ եւ նկատի ունենալով ժողովուրդին կամքը», ընդունել են կանադացիների առաջարկը, որից հետո 2001 թ. հոկտեմբերի 11-ին Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վավերացրել է այն:
Հաղորդագրությունը հայտնում է նաեւ, որ մինչեւ նոր առաջնորդի ընտրությունն, Արամ Ա կաթողիկոսը Կանադայում առաջնորդական փոխանորդ Խաժակ եպս. Հակոբյանին նշանակել է կաթողիկոսական փոխանորդ, իսկ տեղի «Ազգային վարչության իրավասությանը տված է շարունակելու իր աշխատանքը մինչեւ նոր Ազգային վարչության ընտրությունը»: Այլ խոսքով, ամբողջ հաղորդագրությունը միտված է այն նպատակին, որ ցույց տրվի, թե Կանադայում անթիլիասական անջատյալ նոր թեմի ստեղծումը լոկալ, երկար ժամանակ արդեն գոյություն ունեցող, տեղական նախաձեռնությամբ ստեղծված մի իրողություն է, որտեղ Արամ կաթողիկոսի դերը սահմանափակվում է վավերացնողի պարտականությամբ:
Նույն նպատակին են ձգտում նաեւ հիշյալ հաղորդագրությանը հիշյալ թերթում կցված Արամ Ա կաթողիկոսիՙ Խաժակ եպս. Հակոբյանին հղած նամակից մեջբերված հատվածները: Հիշեցնելուց հետո, թե ինչ հանգամանքներում է դեռեւս անցյալ տարի Ժնեւում քննարկվել Կանադայի շրջանը «թեմական առանձին համակարգի» վերածելու հարցը, Արամ Առաջինը գրում է. «Վստահ ենք, որ այն հավաքական խանդավառությամբ ու կամքով, որ Ձեր շրջանը առանձին թեմի ուզեցիք վերածել, նույն ոգիով ու հանձնառությամբ պիտի կազմակերպեք ու ծաղկեցնեք նորահաստատ թեմը»:
Հայ հասարակությանը մոլորեցնելու, կատարված ծանրակշիռ ակտը որպես տեղական, ընթացիկ եւ «ներքին վարչական» կարգադրություն ներկայացնելու այս մարտավարությունը եւս մեկ անգամ դրսեւորվեց օրերս, երբ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, Անթիլիասի կաթողիկոսարանի մամլո պատասխանատու Գրիգոր վրդ. Չիֆթճյանը Կանադայում անջատ թեմ ստեղծելու փաստը ներկայացրեց իբրեւ «ներքին վերադասավորում», «արդեն իսկ առկա վիճակի ամրագրում»ՙ միաժամանակ կրկնելով Արամ կաթողիկոսի սիրած սրտաճմլիկ արտահայտություններն ազգային ու եկեղեցական միասնության ու մեկության մասին: Միասնություն եւ մեկություն, որին այսպես, 1956-ից հետո արդեն քանիերորդ անգամ կացնի բութ հարված են հասցնում Անթիլիասի ծավալապաշտ ղեկավարները:
Զուգադիպությամբ, թե՞ դիտմամբ կանադահայ նույն թերթում լրատվություն է տպվել նաեւ այն մասին, որ օրերս, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ, ներկայիս Տանն Կիլիկիո Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի ատենապետ եւ անջատյալ նորաստեղծ թեմի կնքահայրերից Անդրե Թաբուրյանը 1 մլն դոլարի չեկ է հանձնել Անթիլիասի կաթողիկոսին: Որպես կանադական «հաջող գործարքի» ձեռավա՞րձ:
Ա. Հ.