ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Որպես հակականոնական գնահատեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից Կանադայում նոր թեմ ստեղծելը: «Նոյյան տապան»-ի թղթակցի հետ զրույցում Եզնիկ սրբազանը նշեց, որ Կիլիկիո կաթողիկոսությունը չէր կարող նոր թեմեր ստեղծել իր սահմաններիցՙ Սիրիայից, Լիբանանից եւ Կիպրոսից դուրս:
Ինչպես տեղեկացրեց սրբազանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դեռեւս 2001 թ. հոկտեմբերի 13-ին նամակով դիմել էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, ներկայացնելով նոր թեմ կազմավորելու անհրաժեշտությունը: Նամակում Արամ Ա կաթողիկոսը դա բացատրում էր որպես վարչական բաժանումներ: Գարեգին Բ-ն պատասխան նամակում մտահոգություն է հայտնել, որ նման քայլը լրջորեն կվնասի այն եղբայրության եւ միության ոգուն, որ ստեղծվել է երկու աթոռների եւ ժողովրդի կյանքում 1988 թ.-ից հետո:
Ըստ Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, չնայած Վեհափառ հայրապետը հորդորել է Արամ Ա-ին կոնկրետ միջոցներ ձեռք չառնել մինչեւ 2002 թ. հունվարին գումարվելիք Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը, որտեղ լրջորեն կքննարկվի այդ հարցը, այնուհանդերձ հունվարի 1-ից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կանադայի նորահաստատ թեմը կյանքի է կոչվել:
Եզնիկ եպս. Պետրոսյանը տեղեկացրեց, որ ի սկզբանե Կիլիկիո կաթողիկոսարանն ուներ 14 թեմերՙ Կիլիկիայի սահմաններում, սակայն առաջին Համաշխարհային պատերազմից եւ Մեծ եղեռնից հետո, երբ 10 տարվա դեգերումներից հետո հաստատվել է Անթիլիասում, կաթողիկոսությունը կորցրել է թեմերից 13-ըՙ պահպանելով միայն Հալեպի թեմը: Այդժամ Երուսաղեմի պատրիարքությունից նրան են փոխանցվել Դամասկոսի եւ Լիբանանի, Պոլսի պատրիարքությունիցՙ Կիպրոսի թեմերը, եւ ստեղծվել է այն նոր իրավական տարածքը, որի մեջ պետք է գործեր Կիլիկիո կաթողիկոսությունը: Խնդիրները ծագել են 1956 թ.-ին, երբ պատճառաբանելով, թե Էջմիածինը գտնվում է կոմունիստական երկրում եւ ազատ չէ գործելու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը «գրավել է» Պարսկաստանի 3 թեմերը, ինչպես նաեւ հակաթոռ թեմեր ստեղծել Հունաստանում եւ ԱՄՆ-ում: Եթե մինչ 1988 թ. երկու աթոռների միջեւ ոչ մի հարաբերություն չկար, ապա երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի հորդորներով այդ տհաճ մթնոլորտը մեղմացավ, ինչը, ըստ սրբազանի, հույս էր ներշնչում, թե կանոնական վիճակը վերականգնելու ուղիներ կգտնվեն:
«Այդ մերձեցումը փոխանակ ավելի ամրապնդվեր, այս քայլով վտանգվում է, որովհետեւ ապացուցվում է, որ Կիլիկիո կաթողիկոսությունը այն ժամանակ ոչ թե ինչ-որ քաղաքական պատճառներով, այլ հատուկ ծրագրով էր առաջ տանում իր գործընթացը, հավանաբար այն կարգախոսով, որ Հայաստանը եւ նախկին ԽՍՀՄ երկրները պետք է պատկանեն Էջմիածնին, Սփյուռքըՙ Անթիլիասին. նման արտահայտություններ եղել են նրանց կողմից», հայտարարեց սրբազանը:
Քրիստոնեական բոլոր եկեղեցիների կյանքում, ընդգծեց Եզնիկ եպիսկոպոսը, մեկ աշխարհագրական միջավայրում կարող է միայն մեկ թեմ գոյություն ունենալ: Երկու թեմի գոյությունը նշանակում է, որ կա՚մ թեմերից մեկը հակականոնական, հակաթոռ թեմ է, կա՚մ այդ թեմերի ղեկավար կազմակերպությունները նույն եկեղեցին չեն: Սրբազանը գտնում է, որ այս քայլով Կիլիկիո կաթողիկոսությունը մեկ անգամ եւս հաստատում է, որ ինքը առանձին եւ անկախ եկեղեցի է, եւ հայ եկեղեցու միության վերաբերյալ նրանց կողմից ասված բոլոր քարոզները խաբկանքի արտահայտություններ են եղել: Այնինչ Մայր աթոռը եւ նրա բոլոր թեմերը, Եզնիկ եպիսկոպոսի խոսքերով, կողմնակից են ջերմ հարաբերությունների, մանավանդ որ Կիլիկիո կաթողիկոսությունը Հայ առաքելական եկեղեցու հարստություններից է եւ պետք է իր արժանի տեղը գրավի հայ եկեղեցու կազմում:
Եզնիկ սրբազանը հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության սահմանադրության շրջանակներում, ըստ որի, Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը դեռ պետք է վավերացնի նոր թեմի հռչակումը. «Կարծում եմ, այդ ժողովը կանդրադառնա այն բոլոր անցանկալի հետեւանքներին, որ կարող է ունենալ այս երեւույթը, եւ այդ վավերացումը տեղի չի ունենա»: