«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2002-01-15 | #7, 2002-01-16 | #8, 2002-01-17


ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻՑ ԱՌԱՆՁԻՆ

ԱՄՆ վարչակազմը ցանկանում է ԼՂ խնդիրը կարգավորել մինչեւ տարեվերջ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը կարծում է, որ Ռուսաստան պետական այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ղարաբաղյան հարցը կքննարկի ռուս-ադրբեջանական բանակցությունների ընդհանուր փաթեթից առանձին, հաղորդում է ադրբեջանական ANS գործակալությունը: Դեսպան Ռյաբովը նշել է, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար շատ սուր է եւ շատ կարեւոր Կովկասում երկարատեւ կայունություն հաստատելու տեսանկյունից: Նա նաեւ հավելել է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման հանդեպ Մոսկվան չի փոխել իր դիրքորոշումը եւ հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է: Դեսպանն ակնարկել է, թե Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել ղարաբաղյան հարցի կարգավորման նոր տեսակետներ:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ եռանախագահող պետությունՙ Միացյալ Նահանգները, սակայն ի տարբերություն Ռուսաստանի, հակամարտության խաղաղ կարգավորումը Վաշինգտոնը դիտում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համատեքստում: Ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները երբեմն հանգում են նրան, թե կարգավորումը կարող է լինել հակամարտության կողմերին պարտադրված լուծում, ընդ որում վերջին շրջանում ԱՄՆ-ը հակամարտության կողմեր է դիտում Ադրբեջանին եւ Հայաստանին, ավելի ճիշտՙ Հեյդար Ալիեւին եւ Ռոբերտ Քոչարյանին:

Ավելին, Վաշինգտոնը ԼՂ հարցի կարգավորումը կապում է 2003 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների հետ: ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան հունվարի 10-ին Վաշինգտոնում հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության համար ստեղծված «հնարավորությունների պատուհանը կարող է փակվել», եւ եթե չօգտագործվեն առկա հնարավորությունը եւ պարզվի, որ հակամարտության կողմերը չեն ցանկանում դժվար ընտրություն կատարել, աշխարհը կկորցնի հետաքրքրությունը ԼՂ հարցի նկատմամբ, ակնարկելով, թե 2003 թ. ընտրությունները կարող են նվազեցնել հակամարտության կողմերի խուսանավելու հնարավորությունները: Կողմերին խաղաղության պարտադրման ակնարկ կարելի է համարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնիՙ հունվարի 14-ին Բաքվում նախագահ Հ. Ալիեւի հետ հանդիպման ընթացքում արած այն հայտարարությունը, որ «ԱՄՆ նախագահը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի հանդեպ եւ ցանկանում է, որ ԼՂ հարցը լուծվի մինչեւ այս տարվա վերջը»: Սա եւս կարելի է համարել Մոսկվայի եւ Վաշինգտոնի մոտեցումների հակասություն:

Մտահոգիչ է դեսպան Վիլսոնի մեկ այլ հայտարարությունը, այս անգամ արված Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ընթացքում. «ԱՄՆ կառավարության նպատակն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է եւ տարածաշրջանում կայունության հաստատումը»:

Զարմանալի է ԱՄՆ դիրքորոշումը Հ. Ալիեւի եւ Ս. Աբիեւի պարբերաբար կրկնվող ռազմատենչ հայտարարություններիՙ ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու առնչությամբ: ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցի կարգավորումը տեսնում է միմիայն խաղաղ ճանապարհով, սակայն որեւէ անգամ չի դատապարտել պաշտոնական Բաքվի նմանօրինակ հայտարարությունները, հակառակըՙ իր լռությամբ նպաստել է նման հայտարարությունների շարունակական կրկնությանը: Դիվանագիտական վստահելի աղբյուրները կարծիք են հայտնում, որ ԱՄՆ-ի համար ոչ այնքան կարեւոր է ԼՂ հարցի կարգավորումը, որքան ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ռազմական ներկայության հաստատումը կամ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը: «Մենք այս ուղին առաջին անգամ ենք ընտրել: Միշտ Ադրբեջանից Հայաստան էինք գնում, ապաՙ Ղարաբաղ: Այս անգամ որոշեցինք Ադրբեջանից Ղարաբաղ գալ: Մենք հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո լավ կլինի, որ այն բոլոր ճանապարհները, որոնցով մենք անցել ենք, բացվեն խաղաղարար ուժերի համար», 2001 թ. մայիսին «Ազգի» թղթակցի հետ զրույցում ասում էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Ք. Քավանոն: Գրեթե ութ տարի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հարաբերական խաղաղություն է, ավելի կայուն վիճակ, քան կարող էին ապահովել ցանկացած խաղաղարար ուժեր: Թերեւս, խաղաղարարների մուտքն արդարացնելու նպատակով են ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդհանրապես անտեսում պաշտոնական Բաքվի հայկական կողմինՙ ԼՂՀ-ին ուղղված սպառնալիքները: Որքան Հեյդար Ալիեւիՙ պատերազմ սկսելու մասին հայտարարությունները հաճախակի եւ բարձր հնչեն, այնքան արդարացված եւ թվացյալ անհրաժեշտ կլինի խաղաղարարների շուտափույթ մուտքը:

Պաշտոնական Ստեփանակերտը անընդունելի է համարում ԼՂՀ հարեւանությամբ խաղաղարար ուժերի տեղակայումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4